• Latest news

Թմրամոլը կտրել է երակները. Ի՞նչ խնդիրներ է թաքցնում մեթադոնային բուժումը Հայաստանում

1 մայիսի, 2016  15:27

Մի քանի օր առաջ Ռուբենն իսկական դժոխքի միջով է անցել, որը հավանաբար դեռ երկար չի մոռանա: Ռուբենը ՄԻԱՎ ունի եւ թմրանյութային կախվածություն եւ վերջին տարիների ընթացքում նա մեթադոնային փոխարինող բուժում է ստացել: Վերջերս նրա մեզի անալիզում չթույլատրված թմրանյութեր հայտնաբերելով` բժիշկները նրան հանել են ծրագրից եւ զրկել են մետադոնից: Սարսափելի ցավերը եւ «լոմկան», որոնք հաջորդել են նյութի բացակայությանը, որին սովորել էր նրա օրգանիզմը, քիչ էր մնում նրան ինքնասպանության դրդեին: 

40-ամյա Ռուբենը (հերոսի անունը փոփոխվել է նրա խնդրանքով) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ վերջին երկու տարվա ընթացքում նա իրոք երկու «խախտում» է թույլ տվել. մի անգամ նա մարիխուանա է ծխել, մյուս անգամ մեզի անալիզ է հանձնել մեկ ուրիշ հիվանդի փոխարեն, որովհետեւ, ի տարբերություն վերջինիս, «մաքուր» է եղել: Երկու դեպքում էլ բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցներն ամեն ինչ իմացել են եւ նրան խիստ դիտողություն են արել, սակայն չեն տուգանել եւ չեն հանել փոխարինող բուժման ծրագրից: 

Մեթադոնը օպիոիդների խմբից դեղամիջոց է, որն այսօր բժշկության մեջ օգտագործվում է որպես փոխարինող թերապիա թմրանյութից կախվածության դեպքում: Հենց մեթադոնային բուժումն է Ռուբենին օգնել հրաժարվել այլ թմրանյութերից եւ աշխատանք գտնել: Միաժամանակ հակառետրովիրուսային թերապիան (ՀՌՎ) օգնում է ՄԻԱՎ-ը վերահսկողության տակ պահել` Ռուբենին հնարավորություն տալով ապրել նորմալ, լիարժեք կյանքով:  

Վերջին անգամ, երբ Ռուբենը կլինիկա է եկել լյարդը ստուգելու, նրան նաեւ ուղարկել են մեզի անալիզ հանձնելու, որում օպիատների եւ քնաբերի հետքեր են գտել: Ռուբենը պնդել է, որ միայն քնաբեր է ընդունել, բայց բժիշկները նրան չեն հավատացել եւ որոշել են նրան հանել մեթադոնային բուժման ծրագրից: 

Մի քանի օրից Ռուբենի մոտ ուժեղ ցավեր են սկսվել, եւ նարկոլոգիական կենտրոնում նրան միակ այլընտրանքն են առաջարկել` դետոքսիֆիկացիոն բուժում, ինչին Ռուբենը համաձայնել է. այլ ընտրություն չի ունեցել, չէր էլ ուզում վերադառնալ անօրինական թմրանյութերի:  

«Առաջին օրը տանելի էր, բայց երկրորդ օրը սկսեցի ուղղակի մեռնել ցավից: Ես բժիշկներին աղաչում էի ինձ որեւէ բան տալ, բայց ոչինչ չարեցին», - պատմել է Ռուբենը: 

Ցավազրկողը, որը նրան տալիս էին դետոքսիֆիկացիայի շրջանակում, քիչ էր օգնում: Գիշերը  Ռուբենն ընդամենը 2 ժամ էր քնում. արթնանում էր սառը քրտինքի մեջ, տենդով: Ի վերջո փակվել է զուգարանում եւ կտրել է ձեռքի երակները:

Պատահածից հետո նարկոլոգները Ռուբենին խոստացել են նրան վերականգնել մեթադոնային բուժման ծրագրում, եթե նոր անալիզը ցույց տա, որ նա իրոք այլ թմրանյութեր չի օգտագործել: Ինքը` Ռուբենը, սպասելու գործընթացում, ինչպես պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին, մտածում էր, որ հաջորդ անգամ իր կոկորդը կկտրի:  

Ռուբենին դարձյալ ներառել են փոխարինող մեթադոնային թերապիայի ծրագրում, սակայն այդ մի քանի օրը, իր խոսքերով, նա երբեք չի մոռանա:

Ռուբենն իհարկե Հայաստանում միակ մարդը չէ, որին «ռեժիմի խանգարման» պատճառով հանել են կամ ցանկացել են հանել մեթադոնային բուժման ծրագրից:  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Իրական աշխարհ, իրական մարդիկ» նախաձեռնության անդամ Հովհաննես Մադոյանը նշել է, որ մեթադոնային բուժում անցկացվում է աշխարհի շատ երկրներում, սակայն ոչ մի տեղ այլ թմրանյութերի միանգամյա  օգտագործման փաստը պատճառ չի հանդիսանում մարդուն ծրագրից հանելու համար: Ամբողջ աշխարհում թմրանյութերից կախվածությունը հիվանդություն է համարվում, ցանկացած այլ հիվանդության նման, եւ «ռեժիմի խախտման» պատճառով չի կարելի մարդուն զրկել անհրաժեշտ բուժումից:

Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մեթադոնային բուժում իրականացնող մարդիկ այնքան էլ ճիշտ չեն պատկերացնում այդ բուժման իմաստը եւ նպատակը: Նրանք կարծում են, որ մեթադոնային բուժումը կարող է եւ պետք է հանգեցնի թմրանյութից կախվածության վերացման, այսինքն` նման բուժում ստացող հիվանդը պիտի անմիջապես եւ ընդմիշտ հրաժարվի թմրանյութերից եւ ամբողջությամբ փոխվի: Սակայն աշխարհում առայժմ չկան թմրանյութից կախվածության բուժման այդքան արդյունավետ միջոցներ. Նույնիսկ բուժման այսպես կոչված Մինեսոտյան մոդելը, որը երկար ռեաբիլիտացիա է ընդգրկում, դեպքերի ընդամենը 30 տոկոսում է հանգեցնում 5-ամյա ռեմիսիայի:

Դետոքսիֆիկացիոն բուժման արդյունավետությունն առանց հետագա ռեաբիլիտացիայի ավելի ցածր է. լավագույն դեպքում հիվանդների ընդամենը 8-10 տոկոսն է նման բուժումից հետո մեկ տարով հրաժարվում թմրանյութի օգտագործումից:

Մադոյանի խոսքով, մեթադոնային բուժման իրական նպատակը ոչ թե այն է, որ մարդուն ստիպեն ամբողջությամբ հրաժարվել թմրանյութերից, այլ որ նվազեցնեն անօրինական թմրանյութերի օգտագործման հետ կապված ռիսկերը: Մեթադոնն արտադրվում է որոշակի ստանդարտներին համապատասխան եւ ավելի անվտանգ է սեւ շուկայում գնված թմրանյութերից: Բացի այդ, մեթադոնը խմում են, ոչ թե ներերակային ներարկում են անում, ինչն ընդունումն ավելի անվտանգ է դարձնում եւ նվազեցնում է վարակիչ այնպիսի հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպիսին ՄԻԱՎ-ն է եւ հեպատիտ С-ն: Մեթադոնային բուժումն օգնում է նաեւ թմրանյութային կախվածություն ունեցող մարդուն զերծ պահել հանցագործություններից. եթե նա մեթադոն է ստանում եւ չի տառապում ցավերից, ամենայն հավանականությամբ չի փորձի փող ձեռք բերել թմրանյութի համար եւ հեռու կմնա քրեական աշխարհից; եթե 500 մարդ ներարկումային թմրանյութերի փոխարեն մեթադոն են ստանում, նարկոբարոնները նրանց կորցնում են որպես հաճախորդների: 

Այդ ամենը, մասնագետների կարծիքով, կարող է օգնել բարելավել թմրանյութերից կախում ունեցող մարդու սոցիալական վիճակը: Մեթադոնի ճիշտ չափաբաժին ստացող հիվանդը ադեկվատ է, աշխատունակ, նա կարող է աշխատել եւ ապրել լիովին նորմալ կյանքով: Նման բուժումը նաեւ կփրկի նրան անշրջելի հետեւանքներից` գերդոզավորման հետեւանքով մահից, ինֆեկցիաներից, անդամահատումից եւ այլն:

«Այդ ծրագիրը չի կարող անմիջապես փոխել մարդուն: Բայց այն օգնում է կանգնեցնել վարակիչ հիվանդությունների տարածումը եւ հանգեցնում է սեւ շուկայի կրճատման: Ավելին, այդ ծրագիրը մարդուն հնարավորություն է տալիս այնքան երկար ապրել, որ հասցնի փոխել իր կյանքը եւ մի օր նույնիսկ հրաժարվի մետադոնից», - նշել է Հովհաննես Մադոյանը: 

Դեպքեր են լինում, երբ մարդը, աստիճանաբար նվազեցնելով մեթադոնի չափաբաժինը, ի վերջո ամբողջությամբ հրաժարվում է դրանից: Նման իրավիճակում երկարատեւ ռեմիսիայի (թմրամիջոցներից ամբողջապես հրաժարվելու) հավանականությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դետոքսիֆիկացիոն բուժումից եւ նույնիսկ հետագա ռեաբիլիտացիայից հետո: 

Լյուքսեմբուրգում, ուր վերջերս մեկնել էր Հովհաննես Մադոյանը, թմրանյութ օգտագործող մարդկանց 70 տոկոսը մեթադոնային բուժում է ստանում: Իհարկե չի կարելի մտածել, թե նրանցից ոչ ոք երբեք չի «խախտում ռեժիմը», սակայն նրանց ոչ ոք չի բացառում բուժման ծրագրից. բոլորը հասկանում են, թե ինչ խնդիրների կհանգեցնի նրանց ծրագրից հանելը: Հայաստանում սակայն դա առայժմ չեն հասկանում: 

Բացի այդ, եթե թմրանյութային կախվածություն ունեցող մարդուն բուժումից կտրեն, նա կտառապի շատ ուժեղ ցավերի պատճառով, նշել է Հովհաննես Մադոյանը: 

«70 մգ մեթադոն ստացող մարդուն նման տառապանքների ուղարկելը ուղղակի սադիզմ է: Իսկ բժշկին վայել չէ սադիստական հակումներ ունենալը: Եթե նա գիտի, որ այդ մարդն, ով ընդհանուր առմամբ չի արել որեւէ բան, որի համար հարկավոր լիներ նրան հանել ծրագրից, կտանջվի եւ կտառապի ցավերի պատճառով, ի՞նչպես կարող է բժիշկը, նրա աչքերին նայելով, նրան տուն ուղարկել: Եթե մեր ատամը կամ գլուխը ցավում է, մենք անմիջապես ցավազրկող ենք խմում կամ գնում ենք բժշկի, մենք ջանում ենք խուսափել ցանկացած անհարմարությունից, ցանկացած ցավից: Ինչո՞ւ այլ հիվանդությունների պարագայում ցավից խուսափելու հակումը նորմալ է, բայց թմրանյութերից կախվածության դեպքում` ոչինչ, թող տառապե՞ն», - հարցրել է Հովհաննես Մադոյանը:

«Գուցե բարձր ճնշմամբ եւ դիաբետով մարդկանց ե՞ւս չբուժենք: Թող ճիշտ սնվեին, աղ ու շաքար չօգտագործեին: 1-ին տեսակի դիաբետով հիվանդներն այսօր ինսուլին են ստանում պետպատվերի շրջանակում եւ ոչ ոք նրանց այդ դեղամիջոցից չի զրկում, եթե նրանք տորթ են ուտում: Ոչ մի հիվանդության դեպքում «ռեժիմի խանգարման» պատճառով բուժումը չեն դադարեցնում, սակայն թմրանյութերից կախվածության վրա այդ կանոնը չգիտես ինչու չի տարածվում», - հավելել է նա:

Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Սուրեն Նազինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում իրոք կան մեթադոնային բուժման կազմակերպման հետ կապված մի շարք լուրջ խնդիրներ:  

Առաջին խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է հիվանդին մեթադոնային բուժման ծրագրի մեջ ներառելու գործընթացին: Հայաստանում մի քանի բժշկից կազմված հանձնաժողովը (նախկինում այդ հանձնաժողովի մեջ նաեւ ոստիկան էր մտնում) որոշում է, թե արդյոք մարդը մեթադոն կստանա, չնայած շատ մասնագետներ նման մոտեցումը լիովին անհիմն են համարում: Թմրանյութային կախվածությամբ հիվանդը նույնպիսի հիվանդ է, ինչպես ցանկացած ուրիշը, եւ միայն ինքը պիտի որոշի, թե բուժման հասանելի մեթոդներից որն է իրեն ավելի հարմար:

«Օրինակ, եթե մարդը խոցային հիվանդություն ունի, ախտորոշումից հետո բժիշկը նրան բացատրում է, թե նրա համար բուժման ինչ մեթոդներ կան` պահպանողական, վիրահատական եւ այլն: Եթե խոսքը բարդ դեպքի մասին չէ, երբ ոչ մի այլընտրանքի մասին խոսք լինել չի կարող, հիվանդին հնարավորություն են տալիս որոշելու, թե որ բուժումն է իր համար նախընտրելի:  Թմրանյութերից կախվածության դեպքում պիտի ճիշտ նույնը լինի. մասնագետը պիտի ախտորոշում տա, իսկ հիվանդը պիտի որոշի, թե ինքն արդյոք մեթադոնային բուժում է ուզում փորձել, թե դետոքսիֆիկացիա», - ասել է Սուրեն Նազինյանը:

Ընդ որում, ինչպես ընդգծել է մասնագետը, դետոքսիֆիկացիոն բուժում սկսելու համար հանձնաժողով չեն հրավիրում, բայց մեթադոնային բուժում նշանակելու համար, չգիտես ինչու, մի մասնագետի չեն վստահում:

Բացի այդ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում հանձնաժողովը որոշում կայացնելիս. այն կարող է օրերով հիվանդին ստիպել սպասել, իսկ հետո նրան մերժել եւ չընդգրկել մեթադոնային բուժման ծրագրում, առանց հասկանալիորեն փաստարկելու այդ որոշումը: 

Երկրորդ խնդիրը մեթադոնային բուժումը կազմակերպելու ոլորտում, Սուրեն Նազինյանի խոսքով, կապված է գաղտնիության հարցերի հետ. հիվանդի թմրանյութային կախվածության  մասին անմիջապես իմանում է ոստիկանությունը, չնայած մեր օրենքը ենթադրում է, որ հիվանդի մասին տվյալները, այդ թվում` թմրանյութային կախվածության մասին, կարելի է  եւ հնարավոր է ոստիկանությանը փոխանցել միայն օրենքով նախատեսված դեպքերում: 

Երրորդ խնդիրը կապված է տոքսիկոքիմիական հետազոտությունների հետ, որոնց արդյունքների մասին եւս բժիշկները հայտնում են իրավապահ մարմիններին: Ցավոք, շատ հայ բժիշկներ այնքան էլ չեն հասկանում այդ հետազոտությունների իմաստը եւ նշանակությունը: Նրանք կարծում են, թե այդ հետազոտությունների իմաստն այն է, որ պարզեն` արդյոք հիվանդն այլ թմրանյութեր է օգտագործել եւ եթե օգտագործել է` պատժել նրան կամ հանել ծրագրից: Իրականում այս անալիզների իմաստը, ԱՀԿ-ի ուղեցույցերի համաձայն, այն է, որ շտկեն բուժումը. եթե մեթադոն ստացող հիվանդը շարունակում է այլ թմրանյութեր օգտագործել, գուցե անհրաժեշտ է շտկել դեղամիջոցի չափաբաժինը, հասկանալ, թե ինչու է նա շարունակում անել դա. գուցե նրան հոգեբանների եւ սոցիալական աշխատողների ավելի լուրջ օգնությունն է անհրաժեշտ (ի դեպ, այս մասնագետները, մեր տվյալներով, Հայաստանում այսօր ընդհանրապես չեն աշխատում թմրանյութից կախվածություն ունեցող մարդկանց հետ):

Թմրանյութերի օգտագործման էպիզոդիկ դեպքերը չպիտի առիթ դառնան հիվանդին մեթադոնային բուժման ծրագրից հանելու համար, ընդգծել է փորձագետը: ԱՀԿ-ի ուղեցույցների համաձայն, միակ պատճառը, որի  համար մարդուն կարելի է հանել ծրագրից, նրա այն գործողություններն են, որոնք սպառնում են բուժանձնակազմի եւ այլ հիվանդների առողջությանը եւ կյանքին:    

«Մենք ի՞նչ ենք ստանում` ՄԻԱՎ-ով մարդուն հանելով մեթադոնային բուժման ծրագրից: Դա ի՞նչ կտա հիվանդին եւ մեր երկրին: Դեպքերի 99 տոկոսում նա դարձյալ կսկսի ներարկումային թմրանյութեր օգտագործել եւ ամենայն հավանականությամբ առնվազն մի քանի մարդու ՄԻԱՎ-ով կվարակի: Նրան նաեւ անհրաժեշտ կլինի թմրանյութ ճարել, եւ բացառված չէ, որ դրա համար նա կանգնի հանցավոր ուղու վրա: Վաղ թե ուշ նա, ամենայն հավանականությամբ, բանտ կընկնի, իսկ դա լուրջ ծախսեր է ենթադրում երկրի բյուջեից», - պարզաբանել է Սուրեն Նազինյանը:

Այսօր Հայաստանում մետադոնային բուժումը կարգավորվում է ուղեցույցով, որը գրվել եւ հաստատվել է 2006-ին: Սակայն մասնագետներն ուզում են նոր ուղեցույց հաստատել, որում բոլոր վերոհիշյալ հարցերն ավելի լավ կկարգավորվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել