• Latest news

Այսօր Ասթմայի միջազգային օրն է

3 մայիսի, 2016  11:46

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին,  ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարեւորության բարձրաձայնման, մայիսի առաջին երեքշաբթին հայտարարեց ասթմայի դեմ պայքարի օր:

ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում ասթմայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում հիվանդների թիվն աճում է 1.5-2   անգամ: Սա համամարդկային խնդիր է:

Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ  երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Բացառություն  չէ նաեւ Հայաստանը։ Մեզանում  6-11 տարեկան երեխաների 12.6,   իսկ մեծահասակների ավելի քան 7%­ը տառապում են քրոնիկական ասթմայով։  Մոտավորապես 8000 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձեւով:

Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ՝ 1987թ. մայիսի 5-ին, Հայաստանում ստեղծվեց Հանրապետական անձավաբուժական` ասթմայի կենտրոնը:  Շուրջ 30 տարվա  անխափան աշխատանքի ընթացքում  կենտրոնում առողջությունը բարելավել եւ կյանքի որակը լավացրել է ավելի քան 7 հազար մարդ, որից 2 հազար երեխա եւ նույնքան մեծահասակ ընդհանրապես ազատվել են ասթմայից:

Շնչառական խնդիրների բուժմամբ զբաղվող մասնագետների, կլինիցիստների, գիտնականների, բժշկական սարքավորումներ արտադրղների ջանքերի միավորման նպատակով 2013թ. մայիսին հիմնադրվել է Շնչառական բժշկության հայկական ընկերությունը։ Բրոնխիալ ասթմայի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու,  ոլորտում արձանագրվող նվաճումների մասին բժշկական հանրության լայն շրջանակին տեղեկացնելու, ինչպես նաեւ խնդիրները բարձրաձայնելու նպատակով «Հանրապետական անձավաբուժական» եւ «Բնաբուժություն» կենտրոններն ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը մասնագետների համար գիտակիրառական համաժողով են կազմակերպում:

2016թ. մայիսի 3-ի կոնֆերանսը «Ալերգիկ ռինիտի եւ բրոնխիալ ասթմայի կապը` պատճառները եւ հետեւանքները» թեմայով է: Պլենար զեկույցով հանդես կգան պրոֆեսոր Փիթեր Հովարը (ՄԵծ Բրիտանիա), սեկցիոն ղեկավարներն են Արթուր Շուքուրյանը (ՀՀ ԱՆ գլխավոր օտոլարինգոլագ), Սպարտակ Ղամբարովը (ՀՀ ԱՆ գլխավոր ալերգոլոգ) եւ Անդրանիկ Ոսկանյանը (ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան):

Բրոնխիալ ասթման ավելի շատ հանրային խնդիր է, քան բժշկական, հետեւաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը կարեւոր նշանակություն ունի հիվանդության դեմ հանրային պայքարի եւ կանխարգելման  գործում:  Ռիսկի խմբում գտնվող երեխաների  հայտնաբերման ակտիվ գործունեությունը եւ հետագա անձավաբուժությունը հնարավորություն կտան խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում:

Նշենք, որ  ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձեւավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն եւ կյանքի որակ: Ասթման  ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության: Հետազոտությունների տվյալներով` ասթմայով հիվանդների անձավաբուժական վերականգնումն աշխատունակության կորուստը նվազեցնում է 11 անգամ՝ տարեկան 66 օրից հասցնելով մինչեւ 6 օր:  Սա առանձնահատուկ կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ մարդն ասթմայով տառապում է աշխատունակ տարիքում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել