• Latest news

Բերանի խոռոչի քաղցկեղ. Եւս մեկ անձայն մարդասպան (ֆոտո)

25 մայիսի, 2016  22:03

Զգուշացում. Լուսանկարները որոշ մարդկանց կարող են տհաճ թվալ 

Բերանի խոռոչի քաղցկեղը քաղցկեղի ամենաաննկատ, բայց միաժամանակ ամենանենգ տեսակներից է: Բժիշկներից քչերն են նման քաղցկեղ փնտրում, հիվանդներից քչերն ընդհանրապես գիտեն նման քաղցկեղի գոյության մասին: Արդյունքում քաղցկեղի այս տեսակը, որպես կանոն, ախտորոշվում է շատ ուշ, ինչը զգալիորեն նվազեցնում է առողջացման շանսերը: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բերանի խոռոչի քաղցկեղի մասին պատմել է Ամերիկացի ատամնաբույժ-հիգիենիստների ասոցիացիայի անդամ, մասնագիտական շարունակական զարգացման մասնագետ եւ ծխելու դեմ պայքարի արտոնագրված մասնագետ Բարբարա Շերինը

Ո՞վ է ամենից հաճախ հիվանդանում բերանի քաղցկեղով 

Մասնագետը նշել է, որ բերանի քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը ծխողներ են կամ նախկին ծխողներ, որովհետեւ ծխելը ռիսկի թիվ մեկ գործոնն է. ծխախոտների կազմի մեջ մտնող քիմիական նյութերը բերանի խոռոչում հայտնվելով` քաղցկեղածին ազդեցություն են ունենում: 

Ռիսկի երկրորդ գործոնը ալկոհոլն է: Իսկ այն մարդիկ, որոնք եւ ծխում են, եւ սպիրտային խմիչքներ են օգտագործում, գտնվում են կրկնակի ռիսկի խմբում: 

Բարբարա Շերինը նշել է, որ ռիսկի երրորդ գործոնը մարդու պապիլլոմայի վիրուսն է (ՄՊՎ), որը, ինչպես հայտնի է, եւս քաղցկեղածին է համարվում   (այն նաեւ մտնում է քաղցկեղածին նյութերի ցուցակի մեջ, որը կազմվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից): ՄՊՎ-ով վարակումը կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի, կոկորդի քաղցկեղի եւ բերանի խոռոչի քաղցկեղի:  

Այսօրվա դրությամբ առավել հաճախ այդ վիրուսով վարակվում են անչափահասները, որոնք բավարար գիտելիքներ չունեն հակաբեղմնավորման մասին եւ հեշտորեն վարակվում են այդ եւ այլ վիրուսներով չպաշտպանված սեքսի ընթացքում: 

Մասնագետն ընդգծել է, որ որոշ բժիշկներ երիտասարդների, հատկապես` չծխողների մոտ բերանի խոռոչի քաղցկեղ չեն փնտրում, սակայն դա սխալ է, չէ որ այդ քաղցկեղը կարող է զարգանալ նաեւ չծխող երիտասարդի մոտ, որը վարակված է ՄՎՊ-ով: 

Ծամոն. դա բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հաջորդ գործոնն է:  ԱՄՆ-ում, որտեղ ապրում եւ աշխատում է դոկտոր Շերինը, քիչ տեղեր կան, որտեղ հնարավոր է ծխել, այդ պատճառով ծամելի ծխախոտը մեծ ժողովրդականություն է վայելում ծխողների շրջանում: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ այնպես, ինչպես սովորական ծխախոտը, ծամելի ծխախոտը հանգեցնում է բերանի խոռոչի քաղցկեղային ուռուցքների զարգացման:  

Ուշ ախտորոշում եւ վտանգներ

Մաշկի մելանոման կամ կրծքի քաղցկեղը նկատելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բերանում փոքրիկ խոցը, որն իրականում կարող է շատ վտանգավոր ուռուցք լինել:  Նույնիսկ եթե հիվանդները տարօրինակ վերքեր են նկատում բերանում, նրանք հազվադեպ են բժշկի դիմում. մտածում են, որ  «ինքն իրեն կանցնի»: Իրենք` բժիշկները սովորական զննումների ընթացքում հազվադեպ են քաղցկեղի նման տեսակ փնտրում` ուսումնասիրելով հիվանդի բերանը եւ լեզուն: 

Արդյունքում քաղցկեղի նման տեսակով շատ հիվանդներ բժշկի մոտ են հայտնվում սոսկ այն ժամանակ, երբ ուռուցքն արդեն մեծանում է եւ ուժեղ անհարմարություն եւ ցավ է պատճառում: Հենց այդ պատճառով բերանի խոռոչի քաղցկեղից մահացությունն ամբողջ աշխարհում այդքան բարձր է, ընդգծել է Բարբարա Շերինը:  

Ի՞նչ անել

Բերանի խոռոչի քաղցկեղի վաղ ախտորոշման համար մասնագետը խորհուրդ է տալիս հայելու օգնությամբ ժամանակ առ ժամանակ զննել սեփական բերանն ու լեզուն, իսկ որեւէ տարօրինակ ախտանիշի դեպքում դիմել բժշկի: Ուշադրության է արժանի ցանկացած ուռուցք, այտուց, արյունահոսող վերք բերանում, ինչպես նաեւ լորձաթաղանթի գույնի փոփոխությունը: Մասնագետը հիշեցնում է, որ ուռուցքի երեւացող մասը կարող է շատ փոքր թվալ, իսկ  նրա մնացած մասը կարող է ավելի խորը տեղավորված լինել` այլ հյուսվածքներում, որոնք անտեսանելի են աչքին: 

Ինչ վերաբերում է բերանի խոռոչի քաղցկեղի կանխարգելմանը, Բարբարա Շերինի խոսքով, ամենից ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ վտանգավոր է ծխելը եւ ինչ դեր է խաղում քաղցկեղի զարգացման գործում:  Կարեւոր է նաեւ այն, որ բժիշկները ժամանակ առ ժամանակ ուսումնասիրեն հիվանդների բերանի խոռոչը` միաժամանակ նրանցից չթաքցնելով, որ իրենք քաղցկեղ են փնտրում. այդպես  հիվանդներն ավելի լավ կհասկանան, թե ինչ կենսակերպը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման, իսկ դա կօգնի փոխել սեփական սովորույթները:

Քաղցկեղի կանխարգելման համար կարեւոր է նաեւ համապատասխան գիտելիքներ ունենալ հակաբեղմնավորման մասին եւ ճիշտ կիրառել այն սեռական շփումների ընթացքում, ներառյալ օրալ սեքսը, որը ՄՊՎ-ով վարակման բարձր ռիսկմն է ենթադրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է