• Latest news

Խալը կարելի է եւ պետք է հեռացնել. բժիշկ-ուռուցքաբան

30 մայիսի, 2016  20:49

Հայերի շրջանում ընդունված կարծիք կա, թե չի կարելի ձեռք տալ խալին եւ թե դրանք չի կարելի հեռացնել: Բայց որոշակի դեպքերում դրանք ոչ միայն կարելի է, այլեւ պետք է հեռացնել` խուսափելու մաշկի քաղցկեղից` մելանոմայից: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Անժելա Հայրապետյանը:  

Բժշկի կարծիքով, դա հաճախ կապված է լինում  այն բանի հետ, որ իսկական ախտորոշումը բժիշկները հիվանդին եւ նրա հարազատներին շատ ժամանակ չեն հայտնում, եւ, չիմանալով` մարդիկ սխալ եզրակացության են հանգում. նրա խալը հեռացրել են եւ դա մահվան է հանգեցրել:  Իսկ մելանոման այսօր իրոք  քաղցկեղի ամենամահացու տեսակներից է եւ մելանոմայի դեպքերի թիվը վերջին տասը տարում կրկնապատկվել է: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Կենտրենի փոխտնօրեն, ուռուցքաբան-գինեկոլոգ Գագիկ Բազիկյանը հայտնել է, որ չնայած մելանոման, ի տարբերություն քաղցկեղի այլ տեսակների, թաքցված չէ աչքերից, այն չարորակ ուռուցքի ագրեսիվ տեսակ է եւ շատ դժվարությամբ է բուժվում։ Հենց այդ պատճառով այստեղ շատ կարեւոր են կանխարգելումը, ինչպես նաեւ ժամանակին բժշկին դիմելը խալի նվազագույն փոփոխման կամ էլ մաշկին պիգմենտացիայի հայտնվելու հետեւանքով: Այդ գործընթացում ավելի լավ է չափից ավելի ապահովագրվել, քան ուշացած գալ բժշկի մոտ, որովհետեւ մելանոմայի բուժման զինանոցն այնքան մեծ չէ:  «Այն չի ենթարկվում ճառագայթային կամ դեղորայքային թերապիայի», - նշել է նա` հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանում մելանոմայի դեպքերը հաճախացել են, այդ պատճառով տեղեկացվածության հարցը բավականին սուր է: Իսկ այն կարծիքը, թե խալը չի կարելի հեռացնել, նա «տատիկի նախապաշարումներ» է կոչել: Բայց երբ է կարելի կամ պետք հեռացնել դա, պետք է որոշի մասնագետը: 

Անժելա Հայրապետյանը նշել է, որ մարդիկ պետք է իմանան մելանոմայի զարգացման ռիսկի այնպիսի գործոնների մասին, ինչպիսին արեւահարումն է, վնասվածքը եւ հորմոնային փոփոխությունները: Նրանք պետք է իմանան, թե ինչպես պաշտպանեն իրենց, օրինակ, արեւի ճառագայթների ուղղակի ազդեցությունից. գլխարկ, ձեռքերը եւ ոտքերը ծածկող բամբակե հագուստ, արեւային ակնոց կրել, արեւապաշտպան քսուքներ օգտագործել եւ այլն: 

Այսօր` մայիսի 30-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համաժողով էր կազմակերպվել  «Կարեւորը մելանոմայի մասին» թեմայով: Անժելա Հայրապետյանը նշել է, որ տարբեր երկրներում մայիսին նշվում են Մելանոմայի դեմ պայքարի օրեր, որոնց շրջանակում բժիշկները տեղեկատվական միջոցառումներ են իրականացնում` բնակչությանը մելանոմա կոչվող վտանգի մասին իրազեկելու համար: Մայիսն ընտրվել է որպես գարնան վերջին ամիս, ամառային արձակուրդի սեզոնի նախօրեին ծով կամ լեռներ մեկնել պատրաստվող մարդկանց եւս մեկ անգամ զգուշացնելու համար այն վտանգների մասին, որ թաքցնում է արեւը:   

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ համաժողովին մասնակցել են կենտրոնի եւ այլ կլինիկաների եւ պոլիկլինիկաների ուռուցքաբաններ, ինչպես նաեւ մաշկաբաններ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել