• Latest news

Ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայում

17 հունիսի, 2016  12:43

Հայաստանի դեղերի շուկան կրիտիկական վիճակում է ու արդեն հայտնվել են ցնցումների առաջին նախանշանները: Երկրում դեղերի թանկության պատճառով բնակչությունը սկսել է դրանք հարեւան Վրաստանից ու Ռուսաստանից գնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ երկրներ գնացողները այսօր իրենց հետ դեղերի երկար ցանկ են տանում՝ իրենց ընկերների ու ծանոթների խնդրանքով, իսկ ոմանք էլ դրա հաշվին բիզնես են անում: Դեղերի այս «ձախ» ծավալը այնքան է աճել, որ շուկայում սկսվել են ցնցումներ, իսկ դրանց ինդիկատորը դարձան վերջին օրերի իրադարձությունները:

NEWS.am Medicine-ի տվյալներով Հայաստանի խոշոր դեղ ներմուծողները օրերս իջեցրել են մի շարք դեղամիջոցների մեծածախ գները, բայց ընդամենը մեկ օր հետո նորից բարձրացրել են դրանք՝ բացառությամբ «Վագա Ֆարմ» ընկերության, որը պահպանել է նվազեցված գները: Չնայած «Վագա ֆարմից» բացի բոլոր մյուս ընկերությունները հերքում են գները վերանայելու փորձը, բայցեւայնպես այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ ընկերությունները այլեւս չեն կարողանում ստանալ գերշահույթ, ու նրանք ստիպված են քայլեր ձեռնարկել շուկայում իրենց տեղը պահպանելու համար։

«Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իր ընկերությունը մեծածախ գները 10-12 տոկոսով նվազեցրել է դեղերի մեծ խմբի համար, բայց մյուս ընկերությունների գործողությունները հրաժարվեց մեկնաբանել: Նա պարզաբանեց, որ այս քայլը թելադրված է եղել շուկայում ստեղծված իրադրությունով՝ սեզոնային գործոնի պատճառով պահանջարկի նվազումով, նաեւ «ձախ» դեղերի մեծ ծավալով: «Վագա ֆարմի» ղեկավարի խոսքով ընկերությունը հետեւում է ռուսական եւ վրացական շուկաներում դեղերի գներին ու իրենց գները փոփոխում՝ հաշվի առնելով նաեւ այդ գործոնը: Ի վերջո, նրա խոսքով, ընկերության շահույթի նվազման հաշվին վերանայվել են դեղերի մեծ խմբի գները: Սակայն «սա դեմպինգ չէ», վստահեցրեց նա:

«Նատալի գրուպ» ընկերության ( որի կազմում է դեղերի խոշորագույն ներմուծողներից մեկը՝ «Նատալի ֆարմը») գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը NEWS.am Medicine–ի թղթակցի այն հարցին՝ արդյոք «Նատալի ֆարմը» վերջին օրերին վերանայել է դեղերի մեծածախ գները՝ կարճ պատասխանեց՝ «ոչ»:

«Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը նույնպես հերքեց տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը նվազեցրել է մեծածախ գները, իսկ հետո նորից բարձրացրել դրանք: «Վերջին շաբաթվա ընթացքում «Ալֆա ֆարմ» ընկերությունը ոչ մի փոփոխություն չի արել մեծածախ գներում: Հիմա մենք հետեւում ենք շուկայում իրավիճակին, այն մի քիչ անհասկանալի է ու մենք հետեւում ենք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- ասաց նա:

Նշենք, որ խոշոր ներմուծող ընկերությունները Հայաստանում դեղերի թանկությունը մշտապես բացատրել են նրանով, որ արտադրողները մեր ընկերություններին դեղերը բարձր գնով են վաճառում շուկայի փոքր ծավալի պատճառով: Դրանով է մասնավորապես բացատրվում տարբերությունը Ռուսաստանի ու Հայաստանի գների միջեւ: Ինչ վերաբերում է Վրաստանին, որտեղ շուկայի ծավալը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում, ապա ամբողջ մեղքը բարդում են ԱԱՀ-ի վրա՝ Վրաստանում դեղերի վրա ԱԱՀ չի գործում, իսկ Հայաստանում գործում է: Բայց Վրաստանում դեղերը ոչ թե 20 տոկոսով են էժան, այլ 40-50 տոկոսով: Այսինքն տրամաբանական կլիներ ենթադրել, որ ԱԱՀ-ից բացի Հայաստանում բարձր է նաեւ ներմուծող ընկերությունների շահույթի տոկոսը: Իզուր չէ Վահե Վարսանյանը շեշտում, որ գները նվազեցվել են ընկերության շահույթի հաշվին, ու դա դեմպինգ չէ: Ուրեմն նվազեցնելու տեղ կա:

Հայաստանի ղեկավարությունը անընդհատ պնդում է, որ դեղերի ոլորտում չկա մենաշնորհ, ու չորս ընկերությունները (Նաատալի Ֆարմը, Ալֆա Ֆարմը, Վագա Ֆարմը ու Ռիխթեր Լամբրոնը ) միասին զբաղեցնում են շուկայի 65-70 տոկոսը, ու որ նրանց միջեւ առողջ մրցակցություն է: Չնայած այն փաստը, որ դրանք բոլորն առայսօր նույն դեղերը նույն գնով էին վաճառում, հուշում է, որ նրանց միջեւ գնի հարցում պայմանավորվածություն է եղել: Բայց այս փաստը նույնպես վերահսկիչ մարմինները անընդհատ հերքել են:

Մենք արդեն ունենք տեղեկություններ այն մասին, որ «Վագա Ֆարմ» ընկերության վրա փորձում են ճնշում գործադրել: Այնպես որ հետագա իրադարձությունները ցույց կտան, թե որքանով է «առողջ» մրցակցությունն այս ոլորտում, ու կարեւորը՝ ինչ դեր ունի դրանում պետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է