• Latest news

Անկանոն սնվելը մեծացնում է հիպերտոնիայի, դիաբետի եւ ճարպակալման զարգացման ռիսկը

23 հունիսի, 2016  16:29

«Ես այն եմ, ինչ ուտում եմ», - ասում են շատերը` լիովին մոռանալով, որ կարեւոր է ոչ միայն այն, ինչ մենք ուտում ենք, այլեւ այն, թե ինչպես ենք ուտում դա: Անկանոն սնվելը եւ սննդի ընդունումները բաց թողնելը բարձրացնում է հիպերտոնիայի, ճարպակալման եւ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը, պնդում են Proceedings of the Nutrition Society ամսագրում հրապարակված հետազոտությունների հեղինակները:

Այսօր աշխատող ժամանակակից մարդիկ գնալով ավելի հաճախ են բաց թողնում սննդի ընդունումը եւ փողոցում անառողջ սնունդ են ընդունում` հենց ընթացքի մեջ եւ շատ արագ: Սննդի ընդունման ժամանակի կանոնավոր խախտումներն ազդում են մարդու ներքին ցիրկադային  ռիթմերի վրա, որոնք 24-ժամյա շրջափուլի են ենթարկվում: Այդ ռիթմերի հետ են համաձանեցվում նյութափոխանակային շատ գործընթացներ, ներառյալ ախորժակը, մարսողությունը եւ ճարպերի, խոլեստերինի եւ գլյուկոզայի ճեղքումը: 

Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Նյուկասլի համալսարանի գիտնականները  (Մեծ Բրիտանիա) այն եզրակացությանն են հանգել, որ անկանոն սննդի պայմաններում էականորեն մեծանում է նյութափոխանակային եւ սրտանյութափոխանակային համախտանիշի զարգացման ռիսկը. դրանք վտանգավոր վիճակներ են, որոնք պայմանավորված են օրգանիզմի նյութափոխանակային եւ անոթային գործառույթներում խախտումների ամբողջ համալիրով: 

«Անկանոն սնունդը օրգանիզմի բնական օրական կենսառիթմերի խախտման է հանգեցնում, որոնց «կապված» են նյութերի փոխանակության կարեւորագույն գործընթացներ` քաղցի զգացումը, մարսողությունը, ճարպերի, խոլեստերինի եւ գլյուկոզայի ճեղքումը: Այդ դեպքում հատկապես տուժում են լյարդը եւ աղիները», - հոդվածում հայտնել են հետազոտողները: 

Մասնագետներն ուսումնասիրել են, թե նյութափոխանակության վրա ինչպես է ազդում այսպես կոչված խրոնոսնունդը` համակարգ, որի դեպքում մարդը կանոնավորապես սնվում է իր ներքին անհատական կենսառիթմերին համապատասխան: Պարզվել է, որ առողջության համար շատ վտանգավոր է ապրել ոչ թե բնական կենսաբանական, այլ սոցիալական ժամացույցին համապատասխան, որը թելադրված է աշխատանքով եւ զբաղվածությամբ: 

Գիտնականների խոսքով, մարդկանց սննդի մեջ սուր խնդիր է մնում կալորիաների բաշխման հարցը. օրվա ընթացքում դրանց անկանոն եւ «քաոսային» մուտքն օրգանիզմ պաթոլոգիական գործընթացների է հանգեցնում:  

«Մենք հեռու ենք այն ընկալումից, թե պետք է արդյոք, որ կալորիաների ստացումը հավասարապես  բաշխված լինի օրվա ընթացքում, թե ամենակալորիականը պետք է լինի նախաճաշը, կամ ճաշը, կամ ընթրիքը», — նշել է հետազոտության հեղինակներից մեկը` Հերդա Պոտը: 

Ընդհանուր առմամբ հետազոտողները կարծում են, որ օրգանիզմի համար ամենաօգտակարը երեք անգամյա սնունդն է, ընդ որում ցանկալի է` ընտանիքի եւ ընկերների շրջապատում: Նրանց կարծիքով`   «հաճախ եւ մի քիչ ուտելու» սկզբունքը, ընդհակառակը, նպաստում է քաշ հավաքելուն, եթե խստորեն չվերահսկվի սննդի կալորիականությունը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է