• Latest news

Հնարավո՞ր է բուժել երակների վարիկոզ լայնացումը

17 հուլիսի, 2016  20:23

Համացանցում այսօր կարելի է բազմաթիվ գովազդային նյութերի հանդիպել ամեն տեսակ քսուքների մասին, որոնց միջոցով իբր հնարավոր է մեկ անգամ եւ ընդմիշտ ազատվել երակների վարիկոզ լայնացումից: Բնականաբար, նման միջոցներ գնողներին սովորաբար միայն հիասթափություն է սպասում եւ զայրույթ՝ իզուր ծախսված փողի համար: 

Երակների վարիկոզ լայնացման բուժման համար իրոք արդյունավետ, ապացուցողական բժշկության վրա հիմնված ի՞նչ միջոցներ գոյություն ունեն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է պարզել այդ հարցը: 

Դեղորայքային բուժում

Եթե խոսքը հաբերի մասին է, գոյություն ունեցող միջոցները իրոք կարող են դանդաղեցնել հիվանդության առաջընթացը եւ մեղմացնել գանգատները: Իսկ եթե նպատակ ունենք կարգավորել արտաքին տեսքը, ապա ամենաարդյունավետ միջոցներից մեկը սկլերոթերապիան է: Այն ենթադրում է լայնացած երակի մեջ հատուկ դեղի ներարկում, որը կանգնեցնում է այդ երակով արյան հոսքը, ինչի հետևանքով երակը դադարում է տեսանելի լինել եւ ոտքի արտաքին տեսքը զգալիորեն բարելավվում է: 

Շատ հիվանդների բուժման համար «Էրեբունի» բուժկենտրոնի մասնագետները հենց սկլերոթերապիան են ընտրում, որովհետեւ այն քիչ ինվազիվ է, պարզ եւ հրաշալի արդյունքներ է տալիս:

Ճիշտ է, սկլերոթերապիան, ինչպես եւ բուժման ցանկացած այլ մեթոդ, որոշակի սահմանափակումներ ունի: Մասնավորապես, այն արդյունավետ է մանր երակների լայնացման դեպքում, բայց եթե վարիկոզը խոշոր երակ է վնասել, սկլերոթերապիա սովորաբար չի օգտագործվում:

Վիրահատական բուժում

Վիրահատական բուժումը կարող է անհրաժեշտ լինել, եթե խոշոր երակներ են լայնացած, որոնք սկլերոթերապիայի օգնությամբ բուժման ենթակա չեն: Վիրահատական միջամտության ընթացքում վիրաբույժը կարող է փակել կամ հեռացնել լայնացած երակը կամ երակները, որ դրանք չխանգարեն մյուսների աշխատանքին: 

Սխալ գործող երակները կարելի է հեռացնել մի քանի միջոցով` ավանդական վենէկտոմիայի կամ մինի-վենէկտոմիայի միջոցով, որի ընթացքում մաշկի վրա փոքրիկ կտրվածքներ են անում եւ հետվիրահատական սպիներ չեն մնում: 

Վարիկոզից վնասված երակները հնարավոր է փակել լազերային կոագուլյացիայի միջոցով, որն այսօր լայնորեն կիրառվում է Հայաստանում եւ «Էրեբունի» բուժկենտրոնում: Գոյություն ունի նաեւ ռադիոհաճախային կոագուլյացիայի մեթոդը, սակայն մասնագետը նշում է, որ Հայաստանում դա չեն կիրառում, որովհետեւ այդ պրոցեդուրայի ինքնարժեքն ավելի բարձր է, քան լազերային կոագուլյացիայինը:

Վերոհիշյալ մեթոդներից յուրաքանչյուրն իր արժանիքներն ու թերություններն ունի: Օրինակ, լազերային կոագուլյացիայի օգտագործման դեպքում հիվանդը ստիպված չի լինում շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցում, հետվիրահատական ցավեր գրեթե չի ունենում,  կոսմետիկ արդյունքից էլ գոհ է մնում: Սակայն այդ մեթոդը նաեւ իր սահմանափակումներն ունի, մասնավորապես, եթե լայնացած երակի լայնքը 15 մմ-ից ավելի է, լազերային կոագուլյացիան քիչ արդյունավետ կլինի եւ անհրաժեշտ կլինի բուժման այլ մեթոդ ընտրել:

Սկլերոթերապիայի կամ վիրահատական միջոցով վարիկոզից ազատվել ցանկացող շատ հիվանդների մոտ հարց է առաջանում. Վտանգավոր չէ՞ նման եղանակով երակը փակելը/հեռացնելը եւ արդյո՞ք այն  խնդիրներ չի ստեղծի: 

Արամ Բադալյանի խոսքով, ի սկզբանե բուժման ենթակա են միայն հիվանդ երակները, ոչ թե առողջները: Եթե երակը լայնացած է, եթե այն խնդիրներ եւ դիսկոմֆորտ է առաջացնում, նշանակում է, որ այն ոչ միայն չի կատարում իր գործառույթները, այլեւ հակառակը` մարդուն խանգարում է նորմալ ապրել: Սկլերոթերապիայի կամ լազերային միջամտության օգնությամբ նման երակը փակելն իհարկե վնասակար չէ, ընդհակառակը, առանց դրա, մյուս երակներն ավելի հանգիստ կաշխատեն, ինչը դրականորեն կազդի հիվանդի ինքնազգացողության վրա:

Յուրաքանչյուր մարդն ինքնատիպ է, այդ պատճառով յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է երակների վարիկոզ լայնացման բուժում ընտրել` հաշվի առնելով նրա առանձնահատկությունները եւ առողջության ընդհանուր վիճակը, ընդգծել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է