• Latest news

Կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելում. Ի՞նչ է պետք իմանալ

22 հուլիսի, 2016  18:08

Կոլորեկտալ քաղցկեղն այնքան էլ տարածված չէ, ինչպես, օրինակ, թոքերի քաղցկեղը, սակայն այդ հիվանդությունից մահացածությունը բավական բարձր է: Ինչպե՞ս է կարելի կանխել քաղցկեղի այս տեսակի զարգացումը եւ ի՞նչ պետք է անել դրա վաղ հայտնաբերման համար: Հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է կոլորեկտալ քաղցկեղի մասնագետ Ավո Արտիկյանի (ԱՄՆ):

Ինչպես նշում է մասնագետը, կոլորեկտալ քաղցկեղի զարգացման գործոնները մի քանիսն են, ընդ որում՝ դրանցից որոշների վրա հնարավոր է ներգործել, որոշների՝ ոչ:

Վտանգի կարեւորագույն գործոններից մեկը գենետիկ հակվածությունն է, ինչպես նաեւ այցելուի ընտանիքում, հարազատների շրջանում այդ հիվանդությամբ անդամի առկայությունը: Ավաղ, ժամանակակից մարդն առայժմ ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ այդ գործոնի վրա:

Ինչ վերաբերում է վտանգի գործոններին, որոնք կախված են իրենից՝ այցլուից եւ նրա կենսաձեւից, ապա շատ մասնագետների կարծիքով՝ աղիի քաղցկեղի զարգացման վրա մեծ է կարմիր մսի չափից ավելի օգտագործման եւ սննդաբաժնում բջջանյութի պակասի դերակատարումը: Լուրջ գործոններ են համարվում նաեւ ծխելը եւ ճարպակալումը:

Ինչպես նշում է մասնագետը, եթե այցելուն ցանկանում է իր օրգանիզմում նվազեցնել քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը, պետք է սկսի ապրել առողջ կենսակերպով՝ կարգավորի քաշը, հրաժարվի ծխախոտից եւ օգտագործի առողջարար սննդաբաժին՝ ավելի շատ բանջարեղեն եւ բջջանյութ պարունակող մթերքներ օգտագործի, իսկ կարմիր միսը չչարաշահի (ինչպես նշում է ուռուցքաբանը, ցանկալի է կարմիր միս ուտել շաբաթական 1-2 անգամից ոչ ավելի):

Կոլորեկտալ քաղցկեղն  առավել հաճախ սկսվում է աղիի ներսում առաջացած պոլիպներից, այս պատճառով, ինչպես նշում է մասնագետը, շատ կարեւոր է ժամանակին հայտնաբերել դրանք եւ սկսել բուժումը: 50 տարեկանից մեծ մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար արյան եւ կղանքի անալիզ հանձնել, նաեւ կոլոնոսկոպիայի հետազոտություն անցնել:

Եթե այցելուի ընտանիքում, այնուամենայնիվ, եղել են կոլորեկտալ քաղցկեղի դեպքեր, վաղ ախտորոշման համար հարկ է պարբերաբար հետազոտության ենթարկվել ոչ թե 50 տարեկանից սկսած, այլ այն բանից 10 տարի առաջ, երբ նրա հարազատի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Օրինակ՝ եթե նրա հարազատի մոտ քաղցկեղը ախտորոշվել է 55 տարեկանում, այցելուն կանխարգելող հետազոտությունների մասին պետք է մտածի 45 տարեկանից սկսած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել