• Latest news

Ի՞նչ դերակատարում ունեն վահանաձեւ գեղձի հորմոնները

25 հուլիսի, 2016  21:57

Փոքրիկ վահանագեղձը մեր օրգանիզմում շատ կարեւոր դերակատարում ունի. որպես «շինանյութ» օգտագործելով յոդը՝ այն արտազատում է թիրեոիդային հորմոններ, որոնք անհրաժեշտ են գործնականում բոլոր օրգանների եւ համակարգերի կենսագործունեության համար:

Թե մեր օրգանիզմում վահանաձեւ գեղձի արտազատած հորմոններն ինչ դեր են կատարում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանում է Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:

1. Երեխաների եւ դեռահասների զարգացումը

Վահանագեղձի հորմոնները կարգավորում են օրգանիզմի բոլոր հյուսվածքների զարգացման եւ հասունացման պրոցեսները, այդ պատճառով բացառիկ կարեւոր նշանակություն ունեն` սկսած պտղի ներարգանդային զարգացման ընթացքում ուղեղի և կմախքի ձևավորման պրոցեսից: Այս հորմոնները շատ կարեւոր են նաեւ երեխայի ծննդից հետո նրա կյանքի ողջ ընթացքում, քանի որ մեծ է դրանց դերը երեխայի աճը խթանելու, կմախքի, նյարդային և սեռական համակարգերի ձեւավորման եւ զարգացման համար:

Ինչպես նշում է մասնագետը, վահանագեղձի հորմոնների պակասը կարող է ազդել եւ՛ երեխայի ֆիզիկական զարգացման վրա, եւ՛ նրա մտավոր ունակությունների:

2. Վերարտադրողական գործառույթներ

Թիրեոիդային հորմոնները մեծ դերակատարում ունեն նաեւ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վերարտադրողական համակարգում, նշում է Էլզա Հայրապետյանը;      

Վահանագեղձի հորմոնների պակասը կարող է հանգեցնել երիտասարդ աղջիկների դաշտանային ցիկլի խանգարման. նրանց ամսեկանները կարող են ուշանալ կամ ընդհանրապես չլինել: Հետագայում դա կարող է հանգեցնել վերարտադրողական լուրջ խնդիրների:

Դաշտանային ցիկլի խանգարման դեպքերում շատերն առաջին հերթին դիմում են գինեկոլոգի, սակայն հավասարապես կարեւոր է խորհրդակցել նաև էնդոկրինոլոգի հետ, քանի որ ցիկլի խանգարման պատճառներն իրականում կարող են կապված լինել թիրեոիդ հորմոնների հետ: Միայն էնդոկրինոլոգը կկարողանա ժամանակին հայտնաբերել եւ բուժել վահանագեղձի ոչ մեծ փոփոխությունները (որոնք կարող էին լինել, օրինակ, յոդի պակասի հետեւանք), եւ դա կօգնի ապագայում զերծ մնալ ավելի լուրջ խնդիրներից:

Այս հորմոնների ներգործությունը հատկապես կանանց սեռական համակարգի վրա ակնհայտ է. ձվարանների բնականոն գործունեության եւ ձվազատման համար անհրաժեշտ է, որ վահանագեղձի հորմոնների մակարդակը նորմայի մեջ լինի: Նույնիսկ այդ հորմոնների քիչ պակասի դեպքում կինը կարող է տարիներով չհղիանալ կամ վաղ փուլերում վիժում ունենա:

«Նույնիսկ վահանաձեւ գեղձի հորմոնների փոքր պակասը բավարար է, որ կինը վերատադրողական լուրջ խնդիրներ ունենա», - նշում է էնդոկրինոլոգը:

Տղամարդկանց մոտ թիրեոիդ հորմոննոերի խանգարումը կարող է բերել սեռական ցանկության բացակայության, ինչպես նաեւ սեռական անկարողության:

3. Խպիպ

Յոդի անբավարարության պայմաններում վահանագեղձը մեծանում է`ապահովելու համար թիրեոիդային հորմոնների անհրաժեշտ քանակով: Մեծացած վահանագեղձը կոչվում է ԽՊԻՊ:

Փոխանակ այն բուժելու համապատասխան դեղամիջոցներով, շատերը դիմում են վիրահատելուն, այսինքն հեռացնում են գեղձը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, որի հետևանքով թիրեոիդային հորմոնների քանակը էլ ավելի է պակասում: Ինչի՞ է դա հանգեցնում:

Սննդի հետ մենք ամեն օր օգտագործում ենք սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր, որոնք յուրացվում են նյութափոխանակության պրոցեսում եւ մեզ էներգիա են հաղորդում կամ որպես նյութ են օգտագործվում հյուսվածքների ձեւավորման համար: Նյութափոխանակությունը, ինչպես նշում է մասնագետը, մեր օրգանիզմի կենսահիմքն է:

Նյութափոխանակության պրոցեսում մեծ դերակատարում ունեն հենց թիրեոիդային հորմոնները. դրանք են ապահովում էներգետիկ նորմալ փոխանակությունը, ներգործում են    տարբեր ֆերմենտների ձեւավորման վրա, խթանում են սպիտակուցի ձեւավորումը, որը հանգեցնում է աճի արագացմանը, մասնակցում են ածխաջրերի, ճարպերի եւ վիտամինների փոխանակությանը, ջրաաղային հավասարակշռման կարգավորմանը, ինչպես նաեւ ներգործում կալցիումի, մագնեզիումի եւ այլ նյութերի փոխանակության վրա:

Թիրեոիդային հորմոնների պակասի հետեւանքով նյութափոխանակությունը դանդաղում է, որը հանգեցնում է բոլոր օրգանների գործունեության խանգարման: Առաջանում է հիպոթիրեոզ հիվանդությունը, որի բքւժման համար անհրաժեշտ է լինում ամբողջ կյանքում օգտագործել փոխարինող բուժում՝ թիրեոիդային հորմոնի դեղամիջոցով:

Քանի որ վահանաձեւ գեղձի հորմոնները այդքան կարեւոր են օրգանիզմի համար, այդ օրգանի հիվանդությունները խորհուրդ է տրվում բուժել մեծ զգուշավորությամբ, ուստի դիմել հեռացման, նույնիսկ մասնակի, կարելի է միայն կոնկրետ ցուցումների դեպքում, զգուշացնում է մասնագետը:

Վահանաձեւ գեղձի խնդիրներ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում առաջին հերթին դիմել էնդոկրինոլոգի, որը կարող է ճիշտ ախտորոշում կատարել եւ բուժման ճիշտ ձեւ ընտրել` կոնսերվատիվ թե վիրաբուժական:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է