• Latest news

Հեպատիտի ամենածանր համաճարակը եվրոպական տարածաշրջանում բաժին է հասնում նախկին ԽՍՀՄ երկրներին

26 հուլիսի, 2016  17:48

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում մոտ 15 մլն մարդ վարակված է հեպատիտ С-ի վիրուսով, իսկ 13 մլն մարդ՝ հեպատիտ В-ի: Նրանցից երկու երրորդը բնակվում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, այսինքն՝ նախկին Խորհրդային Միության երկրներում: Այս մասին ՄԱԿ ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի նախագահ Անտոնս Մոզալեւսկիսը:

«Կարելի է ասել, որ ամենածանր համաճարակը եւս այս երկրներին է բաժին հասնում: Դա բարձր ցուցանիշ է»,- ասել է նա:

ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչի խոսքով՝ հեպատիտի վիրուսի խնդիրն այն է, որ երկրներից մեծ մասում չկան հավաստի տեղեկատվություն, ճշգրիտ թվեր այն մասին, թե քանի մարդ է վարակված: Սակայն գնահատող ցուցանիշները վկայում են, որ հատկապես Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում այդ թվերը կարող են բավական բարձր լինել. որոշ երկրներում բնակչության 5 եւ նույնիսկ 10 տոկոսը վարակված է:

Մասնագետը հայտնել է, որ այժմ ի հայտ են եկել նոր դեղամիջոցներ, որոնք ընդունակ են 90-95 տոկոս դեպքերում լիակատար բուժել վիրուսային հեպատիտ С-ն: Դրանք հայտնվել են վերջին մի քանի տարիներին, լավ են յուրացվում օրգանիզի կողմից, կողմնակի էֆեկտներ համարյա չեն առաջացնում: Սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ թանկ են: Երկրորդ խնդիրն այն է, որ մինչ այժմ շատ երկրներում չկան պետական ծրագրեր: «Ղազախստանում եւ մի քանի այլ երկրներում կան դրական նորություններ, որ որոշ հիվանդների բուժումը կվճարվի պետական ծրագրերով: Բայց շատ երկրներում հիվանդների բացարձակ մեծամասնությունը իրեն չի կարող թույլ տալ ձեռք բերել այդ դեղամիջոցները, եւ այդ երկրներում դեռեւս պետական ծրագրեր չկան»,- նշել է նա:

Անտոնս Մոզալեւսկիսը տեղեկացրել է, որ ԱՀԿ-ն մշակել է վիրուսային հեպատիտի գլոբալ ռազմավարություն, որն այս տարվա մայիսին ընդունվել է բոլոր անդամ երկրների կողմից: Դրանում հաստատվել է վիրուսային հեպատիտը՝ որպես հասարակական առողջության սպառնալիք, արմատախիլ անելու նպատակը: Այդ նպատակի ժամկետ է սահմանվել 2030 թվականը: Այդ թվում՝ նկատի է առնվում  90 տոկոսով հիվանդության նոր դեպքերի թվի կրճատումը, իսկ 2030-ին մոտ մահացության կրճատումը 60-65 տոկոսով:

«Գլոբալ ռազմավարությունն ընդունվել է այս տարվա մայիսին, բայց ԱՀԿ մեր տարածաշրջանային գրասենյակը պատրաստում է գործողությունների տարածաշրջանային պլան՝ բոլոր երկրների հետ  տարածաշրջանային խորհրդակցություններ անցկացնելու միջոցով: Մեզ մոտ եղել է նաեւ փորձագետների խորհուրդ, որը մեզ օգնել է մշակել այդ գործողությունների պլանը. այն ուղղված կլինի հատկապես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում վիրուսային հեպատիտի վերահսկմանը, կանխարգելմանը եւ բուժմանը: Կմշակվեն նաեւ տարածաշրջանային նպատակներ եւ նախընտրելի գործողություններ, որոնք պետք է իրականացվեն երկրների կողմից՝ ԱՀԿ Տարածաշրջանային բյուրոյի օգնությամբ: Մենք հույս ունենք, որ այդ գործողությունների պլանը կընդունվի ընթացիկ տարվա սեպտեմբերին Կոպենհագենում տեղի ունենալիք Տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում»,- ասել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ ռադիոն, աշխարհում մոտ 400 մլն մարդ վարակված է հեպատիտի վիրուսով, սակայն նրանցից միայն յուրաքանչյուր քսանին է այդ մասին հայտնի: Բոլոր վարակվածների մեկ երրորդ մասի մոտ, վիճակագրության համաձայն, զարգանում է քաղցկեղ կամ լյարդի հիվանդություն, իսկ ամեն տարի մահանում է 1,45 մլն մարդ: ԱՀԿ փորձագետները նախազգուշացնում են. օրգանիզմ ներթափանցած վիրուսը կարող է տասնամյակներով երեւան չգալ:

Ի տարբերություն հեպատիտ А-ի եւ Е-ի, որոնք դասվում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություններին», հեպատիտ В-ն, С-ն եւ D-ն փոխանցվում են մոտավորապես այնպես, ինչպես ՄԻԱՎ-ը. վարակված արյան փոխներարկման, աղտոտված սարքավորմամբ բժշկական ինվազիվ գործողությունների ժամանակ, օրինակ՝ ատամների բուժման, առավել հազվադեպ՝  ոչ անվտանգ սեքսուալ շփումների: Հեպատիտ В-ն նաեւ կարող է վարակված մորից երեխային փոխանցվել ծննդաբերության ժամանակ:

ԱՀԿ-ում կարծում են, որ չնայած հեպատիով հիվադացության եւ մահացության սարսափազդու թվերին, մարդկությունն ընդհուպ մոտեցել է այս ինֆեկցիան լիովին չեզոքացնելու հնարավորությանը: Ժամանակակից բժշկության զինանոցում կան հեպատիտի վերաբերյալ գիտելիքներ, պատվաստանյութ եւ բուժման արդյունավետ դեղամիջոցներ: Մնում է միայն ամեն ինչ հասանելի դարձնել բոլոր քաղաքացիներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել