• Latest news

Ինչո՞ւ է այդքան վտանգավոր երկար ժամանակ հեռուստացույց դիտելը

28 հուլիսի, 2016  13:16

Երկար ժամանակ հեռուստացույց դիտելը շատ վտանգավոր է առողջության համար, եւ հարցը ոչ միայն այն է, որ հեռուստացույցի առջեւ նստած մարդիկ քիչ շարժունակ կենսակերպ են վարում եւ հաճախ, դա չնկատելով անգամ, ձեռքի հետ վնասակար կերակուր են ուտում: Երկարաժամկետ հեռուստադիտումները նաեւ մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը՝ թոքի զարկերակի խցանման պատճառով, պնդում են ճապոնացի գիտնականները:

Գիտությանը հայտնի են թրոմբոէմբոլիայի՝ անոթների խցանման, առաջացման վտանգի մի շարք գործոններ. դրանց թվում են՝ ավելորդ քաշը, շաքարախտը, ծխելը եւ հիպերտոնիան: Այժմ այդ ցանկին հավելվում է երկարաժամկետ հեռուստադիտումը:

Տորու Սիրակավայի գլխավորությամբ ճապոնացի գիտնականները 1988-ից 1990 թվականների ընթացքում հարցում են կատարել 40-ից 79 տարեկան  86.000 մարդկանց շրջանում՝ պարզելով, թե նրանք օրական քանի ժամ են հատկացնում հեռուստահաղորդումներ դիտելուն: Դրանից հետո հոտազոտության մասնակիցներին հետեւել են 19 տարի շարունակ: Այդ ընթացքում թրոմբոէմբոլիայից մահացել է 59 մարդ:

Հեռուստադիտմանը օրական 2,5 ժամից պակաս հատկացրած մարդկանց համեմատությամբ, թոքային զարկերակի խցանումից մահվան վտանգը մեծացել է 70 տոկոսով, եթե մարդիկ հեռուստացույց են դիտել 2,5-4,9 ժամ: Հեռուստադիտման լրացուցիչ յուրաքանչյուր 2 ժամը հավանականությունը մեծացրել է եւս 40 տոկոսով:

Չնայած հետազոտությունն անցկացվել է Ճապոնիայում, գիտնականները կարծում են, որ ստացված տվյալները կիրառելի են նաեւ այլ ազգությունների մարդկանց համար, չէ՞ որ թվային հեռուստատեսության եւ համացանցի տարածմանը զուգահեռ մարդիկ հեռուստադիտմանը ավելի ու ավելի շատ ժամանակ են հատկացնում

Եթե ցանկանում եք երկար նստել հեռուստացույցի առջեւ, գիտնականները խորհուրդ են տալիս դիտումից շեղվել ժամը մեկ, հաճախ փոխել մարմնի դիրքը, իսկ կատարյալն այն կլինի, որ կատարեք թեթեւ վարժություններ:

Այս հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Սրտի ամերիկյան ասոցիացիայի կողմից հրատարակվող Circulation ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել