• Latest news

Ինչո՞վ է զբաղվում էնդոկրին վիրաբուժությունը

20 օգոստոսի, 2016  12:17

Վերջերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում ընդհանուր վիրաբուժության բաժանմունքին կից ստեղծվել է էնդոկրին վիրաբուժության նոր ծառայություն: Այն մասին, թե ինչու էր հարկավոր ստեղծել նմանատիպ առանձին ծառայություն եւ հատկապես ինչով է այն զբաղվում, NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանի հետ:

Բժշկի խոսքով՝ Հայաստանում էնդոկրին համակարգի խնդիրները, մասնավորապես, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, խիստ տարածված են: Դրանք արդիական են ժամանակակից բժշկության մեջ հաճախադեպության եւ ախտորոշման ու բուժման միասնական մոտեցման բացակայության պատճառով: Փաստացի, մեր երկրի բնակչության կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե նրանցից բոլորը չեն, որ կարիք ունեն վիրաբուժական միջամտության, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետեւաբար վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Ընդ որում, Արմեն Վարժապետյանի պարզաբանմամբ, Հայաստանում դեռ մի շարք էնդոկրին մասնագետներ կառչած են հին ավանդական դպրոցից եւ փորձում են վահանաձեւ գեղձի հանգույցներով հիվանդներին տեւաբար բուժել կոնսերվատիվ մեթոդներով, վերջնականապես չպարզելով դրանց ծագումնաբանությունը  եւ ակնկալելով, որ բուժման նման եղանակով հանգույցները կարող են կրճատվել: Ի հետեւանք, քիչ չեն կլինիկական դեպքերը, երբ չարորակ ուռուցքներով հիվանդները դիմում են վիրաբույժներին արդեն ուշացած փուլերում` լիմֆատիկ հանգույցների մետաստազներով, որը կտրուկ նվազեցնում է բուժման արդյունավետությունը:

Բայց եւ հաճախ վիրաբույժները եւս մեղանչում են այն առումով, որ վիրահատում են նույնիսկ այն դեպքում, երբ վիրահատական միջամտության ցուցում չկա: Հենց այդ պատճառով էլ նոր ուղղության` էնդոկրին վիրաբուժության ներդրումը կենսական նշանակություն ունի Հայաստանում:

«Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը, ինչպես պարզաբանեց Արմեն Վարժապետյանը, իրականացնում է վահանաձեւ եւ հարվահանաձեւ գեղձերի, ինչպես նաեւ` մակերիկամների վիրահատական բուժում: Կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: «Մենք կիրառում ենք նաեւ բուժման այլ` քիչ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ, որոնք ռադիկալ չեն: Մասնավորապես, կատարվում է սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, եւ եթե բողոքը միայն այն էր, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարեւան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ»,- պատմեց բժիշկը:

Ծրագրերում նախատեսված է ներմուծել մի քանի նոր վիրահատական տեխնիկա, մասնավորապես` հանգույցների աբլյացիա:

Առահասարակ, Արմեն Վարժապետյանի խոսքով, «Աստղիկ» ԲԿ-ի բազմապրոֆիլ հնարավորությունները թույլ են տալիս կատարել վահանաձեւ գեղձի եւ էնդոկրին ողջ համակարգի համալիր հետազոտություններ` լաբորատոր հետազոտությունից, ՈՒՁՀ-ից, հանգույցների կարծրությունը որոշող սոնոէլաստոգրաֆիայից մինչեւ ՈւՁՀ-ի հսկողությամբ իրականացվող բիոպսիա` հանգույցների բնույթն ու ծագումը բացահայտելու նպատակով:

«Աստղիկ» ԲԿ-ն իր գիտապրակտիկ գործունեությամբ սերտորեն համագործակցում է Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար կենտրոնների էնդոկրին վիրաբույժների հետ եւ առաջնորդվում է ամերիկյան եւ եվրոպական ուղեցույցներով, քանի որ Հայաստանում ինքնուրույն ցուցումներ այս ոլորտում դեռեւս չեն մշակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է