• Latest news

Հայաստանի օնկոհիվանդներն այլեւս չեն գնա արտասահման բուժվելու. փոխնախարար

23 օգոստոսի, 2016  21:00

Մոտ ապագայում Հայաստանի օնկոհիվանդներն այլեւս չեն գնա արտասահման բուժվելու, քանի որ բուժման նորագույն մեթոդները հասանելի կլինեն նաեւ այստեղ: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ուռուցքային հիվանդություններով տառապող որոշ հիվանդներ այլ երկրներում են նախընտրում բուժվել երկու հիմնական պատճառով. Հայաստանում չկան որոշ ժամանակակից մեթոդներ եւ ճառագայթային բուժման նորագույն սարքավորումներ, դրանից բացի՝ քիմիաթերապիայի որոշ դեղեր այստեղ չկան: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ երկու խնդիրն էլ շուտով կլուծվի:

Արդեն մյուս տարի Երեւանի Արյունաբանական կենտրոնում կբացվի  բարձր դոզայով քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, որն առաջինը կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այդ կենտրոնը բուժման որոշ նոր մոտեցումներ կառաջարկի, որոնք մինչ այժմ Հայաստանում հասանելի չէին:

Բացի այդ՝ 1,5-2 տարի հետո Հայաստանում նախատեսվում է բացել Ճառագայթային բժշկության գերազանցության կենտրոն, որը կառուցվում է Համաշխարհային բանկի հիվանդությունների նախազգուշացման ծրագրի միջոցներով: Կենտրոնը հագեցած կլինի ժամանակակից գծային արագացուցիչներով, ճառագայթային թերապիայի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաեւ ախտորոշման հզոր լաբորատորիայով:

Ինչ վերաբերում է դեղերի հասանելիությանը, Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այսօր այն է, որ քիմիաթերապիայում կիրառվող որոշ թանկարժեք դեղեր Հայաստանում գրանցված չեն. դրանք արտադրողները դեղերն այստեղ չեն գրանցում, քանի որ նրանց այնքան էլ չի հետաքրքրում ոչ մեծ շուկայով փոքր երկիրը: Այդ պատճառով որոշ հիվանդներ ստիպված են դեղերը հայթայթել բոլոր հնարավոր ճանապարհներով կամ բուժվելու մեկնել այլ երկրներ:

Ինչպես նշեց փոխնախարարը, երբ դեղերի մասին նոր օրենքն ուժի մեջ մտնի, դեղերի գրանցումը կհեշտանա, եւ քիմիաթերապիայի շատ դեղեր, ինչպես նաեւ այլ դեղամիջոցներ, կհայտնվեն Հայաստանում եւ հասանելի կդառնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել