• Latest news

Ինչպիսի՞ ֆինանսական խնդիրների հետ են բախվում հայ օնկոհիվանդները

26 օգոստոսի, 2016  15:50

Հայաստանում ուռուցքային հիվանդություններով տառապող մարդիկ բախվում են մի շարք հոգեբանական եւ ֆինանսական խնդիրների հետ: Այժմ կրծքի քաղցկեղի ագրեսիվ տեսակի դեմ բուժում ստացող Անի Հայկունին դրանց մասին ընդամենը այս ու այնտեղից է լսել:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այսօր քաղցկեղի բուժումը թանկարժեք է՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, եւ նույնիսկ լավ աշխատանք ունեցող միանգամայն ապահովված մարդկանց համար բավական բարդ է, իսկ երբեմն էլ ուղղակի անհնար է վճարել բուժման ծախսերը (հիշեցնենք, որ միջին վիճակագրական հայը ստանում է 100 կամ նույնիսկ 200 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ կան քիմիաթերապիայի դեղամիջոցներ, որոնց մեկ սրվակն արժե 700-800 հազար դրամ): Անիին բուժումը վճարել օգնել է  նրա եւ ընկերների կազմակերպած օնլայն ակցիան Giveforward հարթակում, որտեղ մարդիկ՝ ծանոթ եւ անծանոթ, նրա բուժման համար գումար են նվիրաբերել: Ամբողջ աշխարհի մարդկանց ֆինանսական օժանդակության շնորհիվ Անին երկու վիրահատության է ենթարկվել եւ քիմիաթերապիայի մի քանի կուրս անցել, ըստ որում՝ նրա բուժումը դեռ շարունակվում է:

Ինչպես իր հերթին նշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը, Հայաստանում այսօր ուռուցքային հիվանդությունների պետպատվեր է գործում, սակայն այն չի բավարարում ամբողջ բուժմանը. քանի որ քաղցկեղի բուժումը թանկ է ամբողջ աշխարհում, ոչ մի պետություն չի կարող դրա բուժումը լիովին ստանձնել: Զարգացած երկրներում կարող է օգնել բժշկական ապահովագրությունը, բայց Հայաստանում այդպիսի բան չկա, հետեւաբար հիվանդները ստիպված են բավարարվել այն գումարով, որը պետությունը կարող է տրամադրել, իսկ մնացած գումարը պետք է իրենք վճարեն:

Հայաստանում քիմիաթերապիայի մեկ կուրսի համար պետությունը վճարում է 60 հազար դրամ, եթե հիվանդը մտնում է սոցիալական 24 խմբերից մեկի մեջ, եւ 30 հազար դրամ, եթե հիվանդը սոցիալապես անապահով չի համարվում: Ինչպես նշում է Բազիկյանը, ցանկաության դեպքում կարելի է տեղավորվել այդ գումարի սահմաններում, եթե կիրառվեն քիմիաթերապիայի հին դեղամիջոցները, մինչդեռ նոր եւ առավել արդյունավետ դեղամիջոցները, իհարկե, շատ ավելի թանկ արժեն եւ պետության տրանադրած 30 կամ 60 հազար դրամից զատ, մնացած գումարը պետք է ինքը՝ հիվանդը լրացնի: Երբեմն ստիպված են լինում կլորիկ գումար ավելացնել, քանի որ, հիշեցնենք, կան դեղամիջոցներ, որոնք, օրինակ, արժեն 800 հազար դրամ, եւ քաղցկեղի որոշ տեսակների դեպքում անփոխարինելի են:

Ինչ վերաբերում է վիրաբուժական բուժմանը, մեկ վիրահատության համար պետությունը 118 հազար դրամ է հատկացնում, սակայն վիրահատությունների մեծ մասը ավելի թանկ արժեն, եւ կրկին հիվանդն ինքն է այն լրացնում:

Գագիկ Բազիկյանը նաեւ նշում է, որ այն կենտրոնում, որտեղ ինքն է աշխատում, հիվանդներից շատերի համար զեղչեր են կատարվում՝ հասկանալով, որ նրանք ֆինանսական ծանր պայմաններում են: Մինչդեռ դա, իր հերթին, բացասաբար է ազդում կլինիկայի ֆինանսական վիճակի վրա եւ բարդացնում է նոր սարքավորումների եւ դեղերի ձեռքբերումը, որոնք կլավացնեին հիվանդների բուժումը:

Ինչպե՞ս է կարելի լուծել ստեղծված խնդիրը: Գագիկ Բազիկյանը կարծում է՝ ժամանակն է, որ պետությունն ուշադրություն դարձնի այս խնդրին եւ օնկոհիվանդների համար ծրագիր մշակի՝ այնպիսին, ինչպիսին այսօր  իրականացվում է սրտաբանության ոլորտում (Stent for life): Ի վերջո՝ Հայաստանում ուռուցքային հիվանդությունները ըստ մահացության երկրորդ տեղում են սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Իրավիճակը դրականորեն կարող էր փոխել նաեւ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, որը շատ այլ հարցերից զատ, կհատկացվեր նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է