• Latest news

Կաթվածների էնդովասկուլյար բուժումը. պարզաբանում է մասնագետը

24 սեպտեմբերի, 2016  18:02

Կաթվածը գլխուղեղի հյուսվածքի վնասումն է սնուցող անոթների պատռվելու կամ խցանվելու հետեւանքով: Կաթվածների մի քանի տեսակ կա, եւ դրանք բոլորն էլ վտանգավոր են .ժամանակին ցուցաբերվող օգնության բացակայության դեպքում կարող են հանգեցնել մահվան կամ խորը հաշմանդամության:

Կաթվածով հիվանդի բուժմամբ հիմնականում զբաղվում են նյարդաբանները, սակայն որոշ դեպքերում առանց նեյրովիրաբուժական միջամտության հիվանդին բուժել անհնար է:     Էնդովասկուլյար նեյրովիրաբուժական միջամտությունների ժամանակ ազդրային զարկերակի միջով վիրաբույժը կարող է մտնել ուղեղի անոթներ, հայտնաբերել անոթի հետ կապված խնդիրը եւ վերացնել այն:

Այսօր կաթվածի բուժման էնդովասկուլյար ի՞նչ մեթոդներ գոյություն ունեն,որքանո՞վ են դրանք արդյունավետ եւ անվտանգ: Այս բոլոր հարցերը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց պարզել «Էրեբունի» ԲԿ Ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը:

Իշեմիկ կաթված

Իշեմիկ կաթվածի ժամանակ ուղեղը սնուցող անոթը խցանվում է թրոմբով, որը առաջանում է այլ անթներում, պոկվում եւ արյան հոսքով թափանցում ուղեղ, կամ գոյանում է հենց ուղեղի անոթում: Երկու դեպքում էլ խցանման խնդիրը վերացնելու համար կարող է օգտագործվել էնդովասկուլյար միջամտություն:

Այդ միջամտության ընթացքում վիրաբույժը մտնում է անոթ եւ մեխանիկական եղանակով հեռացնում  այն խցանող թրոմբը: Դրա համար նա կարող է կիրառել տարբեր մեթոդներ. Հայաստանում առավելապես կիրառվում է թրոմբասպիրացիայի մեթոդը, ըստ որի հատուկ կաթետերի օգնությամբ թրոմբն արտածծվում է անոթից: Կա նաեւ տեխնոլոգիա ստենտ հիշեցնող հատուկ սարքավորման կիրառմամբ, որը բացվում է թրոմբի ներսում, պատում  այն եւ դուրս է բերվում դրա հետ միասին:

Հեմոռագիկ կաթված

Հեմոռագիկ կաթվածը ենթադրում է ուղեղը սնուցող անոթների պատռվածք, որի հետեւանքով ուղեղում տեղի է ունեննում արյունազեղում: Եթե պատռվում է մանր անոթ, երբեմն բավարար է դեղորայքային բուժումը՝ զարկերակային ցածր ճնշման պահպանմամբ: Սակայն եթե պատռվածքի պատճառը անոթային անոմալիան է, օրինակ, անեւրիզման, առանց վիրաբուժական միջամտության` ապաքինման հույսը չնչին է:

Դավիդ Սահակյանի պարզաբանմամբ` պարկաձեւ անեւրիզման նման է դանդաղ գործող ռումբի. այն հիմնականում ոչնչով չի մատնում իրեն նախքան պայթելը, այդ պատճառով էլ մարդը մինչեւ կաթվածի հասունացման պահը նույնիսկ չի ենթադրում, որ իր մոտ կա անոթային պաթոլոգիա եւ կաթվածի լուրջ վտանգ: Երբ անեւրիզմայով անոթը պատռվում է, զարկերակային արյունը մեծ ճնշման տակ ներխուժում է ուղեղ կամ նրա թաղանթների տակ եւ վնասում այն, որի հետեւանքով մարդը կարող է մահանալ կամ դառնալ ցմահ հաշմանդամ: Եթե անգամ հիվանդը վերապրի առաջին արյունազեղումը, մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա անեւրիզմայի կրկնակի պատռում եւ նոր արյունազեղում:

Դա կանխել կարող է էնդովասկուլյար վիրահատությունը, որի ընթացքում վիրաբույժը մտնում է վնասված անոթ, հասնում է անեւրիզմային եւ հատուկ գործիքների օգնությամբ փակում  այն, որպեսզի նրանով այլեւս արյուն չհոսի: Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում օգտագործել նաեւ ստենտներ եւ կատարել անոթի պատերի ռեկոնստրուկցիա: Դա, ինչպես նշեց մասնագետը, շատ արդյունավետ միջամտություն է, որն այսօր կիրառվում է ամբողջ աշխարհում:

Որքանո՞վ են այդ միջամտություններն անվտանգ

Էնդովասկուլյար միջամտությունների ընթացքում բարդությունների առաջացման վտանգը ավելի ցածր է համարժեք բաց վիրահատությունների համեմատությամբ: Թվարկված բոլոր վիրահատական միջամտությունները կատարում է որակավորված եւ փորձառու մասնագետների խումբը: Նման վիրահատություններ կատարվում են ոչ թե սովորական վիրահատարաններում, այլ հատուկ անգիոգրաֆիկ սենյակներում, որոնք կահավորված են ներանոթային միջամտության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Միջամտության ողջ ընթացքը հսկվում է օգտագործելով ռենտգենյան

ճառագայթում: Ավելին` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ աշխատում է բժիշկ Դավիդ Սահակյանը, ուղեղի անոթների էնդովասկուլյար վիրահատությունների ժամանակ կիրառվում է Հայաստանում եզակի` բիպլանային ապարատ, որի շնորհիվ վիրաբույժը կարող է ստանալ անոթների պատկերները երկու պրոյեկցիաներով, ինչը խիստ կարեւոր է հատկապես գլխուղեղի անոթների հետ արդյունավետ եւ անվտանգ կերպով աշխատելու համար:

Շատ այցելուների հետաքրքրում է, թե արդյոք իրենց առողջությունը չեն վտանգի ռենտգեն հսկողությամբ կատարվող վիրահատությունները: Մասնագետի հավաստամբ` ռենտգենի պատճառով լուրջ բարդացումների հավանականությունը շատ փոքր է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ խոսքն այնպիսի վիրահատության մասին է, որը կարող է փրկել հիվանդի կյանքը եւ ռենտգեն ճառագայթների մի փոքր ազդեցությունը այնքան սարսափելի չէ վաղաժամ մահվան կամ հաշմանդամության համեմատ:

Թա՞նկ է արդյոք այդպիսի բուժումը

Ուղեղի անոթների էնդովասկուլյար վիրահատության արժեքը պայմանավորված է օգտագործվող գործիքների գներով: Սովորաբար դրանք բավականին թանկարժեք միանգամյա գործիքներ են, արտադրված ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Ըստ այդմ` այդ վիրահատությունները չի կարելի անվանել էժանագին, սակայն ամբողջ աշխարհում դրանք միեւնույն է համարվում են ֆինանսապես ձեռնտու, քանի որ դրանց շնորհիվ փրկվում են կյանքեր եւ կանխվում է հաշմանամությունը:

Ժամանակը ոչ միայն փող է, այլեւ առողջություն

Վերը նկարագրված միջամտությունները կարող են փրկել մարդու կյանքը եւ նրան վերադարձնել նորմալ, լիարժեք կյանքի միայն մի պայմանով. դրանք պետք է կատարվեն ժամանակին: Եթե ուղեղը սնուցող խոշոր անոթը խցանվում է, հաշված ժամեր կան՝ այն բացելու եւ արյան մատակարարումը վերականգնելու համար, այլապես ուղեղը կմահանա: Այդ իսկ պատճառով կաթվածի ցանկացած բուժում խորհուրդ է տրվում սկսել հնարավորինս վաղ, ցանկալի է` հիվանդության նշանների ի հայտ գալուց հետո մեկ ժամվա ընթացքում կամ գոնե 3-4 ժամից ոչ ուշ: Հայաստանում շատ հաճախ հիվանդները դիմում են բժշկին չափազանց ուշ, քանի որ չեն գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը: Նրանք կարծում են, թե վերջույթների անզգայացումը, խոսքի խանգարումը եւ  կաթվածի այլ ախտանիշներն ինքնուրույն կանցնեն, եւ այդպես կորցնում են թանկ ժամանակը, որի ընթացքում նրանց կարող էին ցուցաբերել ժամանակակից եւ արդյունավետ օգնություն: Բժշկին ուշ դիմելու պատճառով Հայաստանում կաթվածները մահացության ցուցանիշով երկրորդ տեղում են (սրտային հիվանդություններից հետո). որպես համեմատություն` ԱՄՆ-ում, ուր մարդիկ ավելին գիտեն այդ մասին եւ սովորություն չունեն սպասելու, թե ամեն բան կանցնի ինքնուրույն, կաթվածը մահացությամբ 5–րդ տեղում է:

Նշենք, որ այսօր աշխարհում կաթվածների վիճակագրությունը այսպիսին է. Անեւրիզմների պատռվածքի ժամանակ հիվանդների 15% մահանում է հիվանդանոցի ճանապարհին: Հիվանդանոց հասած հիվանդների կեսը մահանում է անեւրիզմայի պատռվածքի կրկնությունից կամ արյունազեղման այլ բարդություններից: Սակայն եթե կատարվում է էնդովասկուլյար վիրահատություն, մահացությունը նվազում է մինչեւ 10%-ի: Ինչ վերաբերում է իշեմիկ կաթվածին, խոշոր անոթի խցանումից հիվանդների 2/3-ը, բուժման բացակայության դեպքում, մահանում է կամ դառնում է ծանր հաշմանդամ:

Իսկ միջամտությունների արդյունավետությունը պայմանավորված է նրանով, թե որքան արագ են դրանք արվել. եթե խցանված անոթը բացվի 6 ժամ անց, կարող է արդեն շատ ուշ լինել, սակայն եթե դա արվի 1 ժամից, հիվանդը կարող է լիովին վերականգնվել վիրահատությունից անմիջապես հետո: Որքան քիչ ժամանակ անցնի հիվանդության ի հայտ գալուց մինչեւ անոթի բացելը, այնքան մեծ է լիարժեք ապաքինման հավանականությունը:

Եթե մարդը, զգալով կաթվածի նախանշաններ, գնում է հիվանդանոց, նախ եւ առաջ արվում է գլխուղեղի ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա), պարզելու համար` կա՞ արդյոք արյունազեղում կամ անոթների խցանման նշաններ: Եթե կաթվածը հաստատվում է եւ  որոշվում է նրա տարատեսակը (իշեմիկ, հեմոռագիկ), մասնագետները կարող են կատարել ՀՏ-անտիոգրաֆիա, որպեսզի ֆիքսեն անոթային պաթոլոգիայի ստույգ տեղը: Այնուհետեւ հիվանդը պետք է հանձնի որոշ  արյան քննություններ, որից հետո արդեն կարելի է սկսել բուժումը` հատուկ դեղորայքի կամ վիրահատական մեթոդների օգնությամբ:

Այս ամենը տեւում է առավելագույնը 40-ից 60 րոպե: Էրեբունու կաթվածների-կենտրոնում շուրջօրյա հերթապահում է էնդովասկուլյար նեյրովիրաբույժների խումբ, որը ահազանգից 30 րոպե անց պատրաստ կլինի սկսել վիրահատությունը: Այսինքն` այն պահին, երբ հիվանդը պատրաստ կլինի վիրահատության, մասնագետների խումբը արդեն կսպասի նրան վիրահատարանում` անկախ շաբաթվա օրից եւ  օրվա ժամից:

Այդպիսով, եթե հիվադն ինքը չհապաղի բժշկին դիմելիս, նրան կհասցնեն ցուցաբերել ժամանակակից օգնություն, որի շնորհիվ զգալիորեն կաճի ապաքինման հավանականությունը:

Հարկավոր է հիշել, որ կաթվածը հիվանդություն է, որը կարող է սպանել մարդուն` անկախ նրա եկամտի չափից եւ  հանրային դիրքից: Այնպես որ կաթվածի չնչին կասկածի դեպքում իսկ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել եւ դիմել բժշկի, եւ ոչ թե հուսալ, թե ամեն ինչ կանցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել