• Latest news

ԱՄՆ ուրոլոգիական ասոցիացիան Հայաստանի ռեզիդենտներին ուսումնական նյութերին հասանելիություն կտրամադրի

24 սեպտեմբերի, 2016  19:08

ԱՄՆ ուրոլոգիական ասոցիացիան (American Urological Association, AUA) Հայաստանի ռեզիդենտներին ուսումնական բոլոր նյութերին օնլայն հասանելիություն կտրամադրի՝ հայկական ծագմամբ ԱՄՆ ուրոլոգների (մոտ 50 մարդ) կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակներում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի 18-րդ տարեկան կոնգրեսի ժամանակ ասել է ԱՄՆ ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանը:

«Դրանք այն նյութերն են, որոնց ԱՄՆ-ում հասանելիություն ունեն բոլոր ռեզիդենտները»,- նշել է նա՝ հավելելով, որ դա Հայաստանի եւ ԱՄՆ ասոցիացիաների համագործակցության ճանապարհին առաջին քայլն է, եւ այդ համագործակցությունը կընդլայնվի: Հեռանկարում նրանց միջեւ կհաստատվի նույնպիսի համագործակցություն, ինչպիսին կա Ուրոլոգների եվրոպական ասոցիացիայի՝ European Association of Urology (EAU) հետ: Այսինքն՝ Հայաստանի ասոցիացիայի տարեկան ժողովների ժամանակ կկազմակերպվեն AUA կուրսեր:

Նրա խոսքով՝ պլանավորվում է Հայաստանի ուրոլոգների տարեկան կոնգրեսին ամերիկացի բժիշկների մշտական մասնակցություն, եւ արդեն այժմ ընթացիկ կոնգրեսում մասնակցում են այնպիսի ականավոր մասնագետներ, ինչպիսին է Մեյո կլինիկայից Ստեֆան Բուրջյանը:

Ռիչարդ Բաբայանը նշել է, որ Հայաստան է այցելում վեցերորդ անգամ, առաջին անգամ եկել է 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Ամերիկացի բժշկի խոսքով՝ Հայաստանում այն ժամանակվա եւ ներկայիս ուրոլոգիայի վիճակի տարբերությունը վիթխարի է: Ըստ նրա, անցած տարիների ընթացքում իր ջանքերի շնորհիվ Հայաստանում ռեզիդենտների համար ներդրվել է ուսումնական ծրագիր, իսկ այսօր այս ծրագրի շնորհիվ Հայաստանում արդեն այնպիսի մասնագետներ կան, ինչպիսն են  Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի ղեկավար Արթուր Գրաբսկին եւ 18-րդ տարեկան կոնգրեսի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Այս աշխատանքը կշարունակվի, որպեսզի Հայաստանն այն ստանդարտներին, այն նորմերին հասնի, որոնք կիրառվում են զարգացած երկրներում»,- ասել է նա:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել