• Latest news

Կոլոռեկտալ քաղցկեղ. կանխարգելում, ախտորոշում եւ բուժում

28 սեպտեմբերի, 2016  21:25

Կոլոռեկտալ քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների շարքում տարածվածությամբ ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը` թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղներից հետո, մինչդեռ 90-ական թթ. գտնվում էր 6-րդ տեղում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Աղավելյանը:

Բժշկի խոսքով, վիճակագրության այդ փոփոխությունը տեղի է ունեցել երկու պատճառով. հաճախացել է ինչպես հիվանդացությունը, այնպես էլ հիվանդությունների հայտնաբերումը` պայմանավորված արդիական տեխնոլոգիաների շնորհիվ ախտորոշման բարելավմամբ:  Ընդ որում, բժշկի խոսքով, այդ տիպի քաղցկեղի մահացության աստիճանը բարձր չէ, բայց այդ հարցում շատ կարեւոր է հիվանդության վաղ հայտնաբերումը: Կոլոռեկտալ քաղցկեղը նախնական փուլում բուժելի է, բայց ցավոք Հայաստանում հիվանդները դիմում են բժշկին երրորդ կամ չորրորդ փուլում: «Հայաստանում տարվա ընթացքում ախտորոշվում է առաջին, երկրորդ փուլերի հաստ աղու քաղցկեղի 2-3 դեպք, ինչը վկայում է, որ դեռեւս լիարժեք չէ կանխարգելումը եւ ախտորոշումը»,- նշեց նա:

Ի՞նչ է հարկավոր անել կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշումը բարելավելու համար

Բժշկի կարծիքով, իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են հատուկ սկրինինգային ծրագրեր: Հարկավոր է նաեւ բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը: Մարդիկ պետք է իմանան, թե որոնք են առաջին կլինիկական նշանները, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի: Հարկավոր է նաեւ բարձրացնել առաջին օղակի բժիշկների զգոնությույնը օնկոլոգիայի հանդեպ: «Եթե հիվանդը դիմում է բժշկին որովայնի ցավերի գանգատով` անկայուն կղանք (փորկապություն, ապա փորլուծություն), արտաթորանք, արյուն, ապա դրանք այն հիմնական նշաններն են, երբ պետք է ուշադրություն դարձնել հաստ աղիքին»,- նշեց Ալեքսանդ Աղավելյանը: Սակայն, շարունակեց նա, այդ ախտանիշներով հիվանդը դիմում է առաջնային օղակին, այնտեղ նրան մանրամասնորեն չեն հետազոտում, քանի որ պոլիկլինիկայում չկան ախտորոշիչ այդպիսի հնարավորություններ: «Քանի որ պոլիկլինիկայի բժիշկը զգոն չէ օնկոլոգիայի հանդեպ, հիվանդը կորցնում է ժամանակ: Նրան շատ հաճախ առանց աղիքը ստուգելու բուժում են նշանակում աղիքային դիսբակտերիոզի, թութքի դեմ եւ այլն»,- նշեց մասնագետը: Մինդեռ, նրա խոսքով, առաջնային օղակի բժիշկն այդ դեպքում պետք է հիվանդին պարտադիր ուղարկի կոլնոսկոպիայի կամ ռեկտոսկոպիայի, անոսկոպիայի: «Բայց այդ օղակը մեզ մոտ դեռեւս թույլ է, եւ ի հետեւանք հիվանդը կորցնում է թանկարժեք ժամանակ: Սա գլխավոր հարցն է, որ անհրաժեշտ է լուծել»,- ասաց նա:

Ախտորոշման մեթոդները

Կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդները կոլոնոսկոպիան է եւ իռիգոսկոպիան (ռենտգեն կոնտրաստ նյութով): Բայց երբեմն ուռուցքը հնարավոր է հայտնաբերել առաջնային զննությամբ` մատներով շոշափելով ուղիղ աղիքը` անուսկոպիայով եւ ռեկտոսկոպիայով: Եթե աղիքում արդեն գոյացել է ուռուցք, պետք է անել նաեւ համակարգչային տոմոգրաֆիա` պարզելու, թե արդյոք կան ցրված մետաստազներ հարեւան օրգաններում ու լիմֆոհամակարգում եւ գնահատելու աղիքը շրջապատող բջջանյութի վիճակը:

Ցուցումներ կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար

Ալեքսադր Աղավելյանի խոսքով, 40 տարեկանից հետո պարտադիր պետք է անցնել կոլոնոսկոպիա` թեկուզ մեկ անգամ, այնուհետեւ 5 տարին մեկ հետազոտվել պրոկտոլոգի մոտ: Մասնագետը նշեց, որ այսօր աշխարհում կիրառվում է սկրինինգային շատ պարզ մեթոդ` գաղտնի արյան առկայության թեստ կղանքում: Դրանք թեստային շերտեր են, հղիության թեստերի նմանությամբ, որոնք փոխում են գույնը, եթե կղանքում կա արյուն: Հայաստանում այդ մեթոդը մասամբ ներդրվել է, բայց լայնորեն չի կիրառվում:

Հաստ աղիքի քաղցկեղի բուժումը

«Հաստ աղիքի քաղկեղը բուժվում է 100%-ով»,- հավաստիացրեց պրոկտոլոգը: Բայց խնդիրը հիվանդների կյանքի որակն է: Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան բարձր կլինի հիվանդի կյանքի որակը բուժումից հետո: Օրինակ, ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղը առաջնային փուլերում կարելի է եւ չվիրահատել` ըստ այն հանգամանքի, թե ինչպես է ուռուցքը հակազդում քիմիական եւ ճառագայթային թերապիային: Սակայն ուշ փուլերում արվում է ստանդարտ վիրահատություն` բարակ աղիքի էքստիրպացիա. այն հեռացվում է հետանցքի հետ միասին: Աղիքը դուրս է բերվում մակերես, վրան դրվում է կոլոստոմա: Միայն այն մտքից, որ մնացած ողջ կյանքը պետք է անցկացնեն կղանքընդունիչով, բազմաթիվ այցելուներ հրաժարվում են վիրահատությունից:

Ալեքսանդր Աղավելյանը հիշեցրեց, որ դեռեւս 1999 թվականին առաջին անգամ Հայաստանում ինքն առաջարկեց նոր վիրահատական մոտեցում` բուժելու ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղը, որը թույլ է տալիս հիվանդին խուսափել կղանքընդունիչից. այս մեթոդը ենթադրում է ուղիղ աղիքի էքստիրպացիա` սիգմաձեւ աղիքի իջեցմամբ շեքի մեջ եւ ազդրի նուրբ մկանային հյուսվածքից արհեստական սֆինկտերի ստեղծում: Հայաստանում առ այսօր արվել է նմանատիպ 30 վիրահատություն, եւ թեեւ արհեստական սֆինկտերը 100 տոկոսով չի փոխարինում բնականին, բայց մոտավարապես 60-70%-ով աշխատում է, հավաստիացրեց պրոֆեսորը: 2009 թվականին Ալեքսանդր Աղավելյանը առաջարկեց պլաստիկայով ուղիղ աղիքի էքստիրպացիայի մեկ այլ մեթոդ, սակայն արդեն ոչ թե ազդրի մկանների, այլ հենց ուղիղ աղիքի հետանցքը պահող մկանների՝ լեւատորների մնացորդի օգտագործամբ: Արվել է շուրջ 20 այդպիսի վիրահատություն:

Կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոնները

• Տարիքը, թեեւ կոլոռեկտալ քաղցկեղը վերջին շրջանում խիստ երիտասարդացել է

• Սննդակարգը (ճարպային, տապակած կերակուրներ)

• Հաստ աղիքի պոլիպները

• Աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունները

• Քրոնիկ փորկապությունը

Ինչ վերաբերում է ծխելուն, Ալեքսանդր Աղավելյանի խոսքով, անմիջական կապ հաստ աղիքի քաղցկեղի եւ ծխելու միջեւ ապացուցված չէ, չնայած որ «բոլորն ասում են, թե ծխելը հանգեցնում է եւ թոքերի քաղցկեղի, եւ աղիքի քաղցկեղի»:

«Աստղիկ» ԲԿ-ի մասին

«Սա գերարդիական կլինիկա է` անսահմանափակ հնարավորություններով, եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են այստեղ»,- նշեց Ալեքսանդր Աղավելյանը: Նրա գնահատմամբ, հիվանդանոցն ունի շատ լավ հեռանկարներ, այստեղ արդեն հավաքվում է հմուտ, պրոֆեսիոնալ անձնակազմ, տեղադրված է լավագույն տեխնիկան` ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական: «Վիրահատարանները տիպիկ եւրոպական, ամերիկյան ոճի են, ես այդպիսիք հազվադեպ եմ տեսել նույնիսկ Եւրոպայում,- ասաց նա,- այստեղ աշխատելը միայն հաճույք է»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է