• Latest news

Գիտնականներն իմպլանտներ են ստեղծել, որոնք կարող են աճել մարդու հետ միասին

28 սեպտեմբերի, 2016  23:49

Մինեսոտայի համալսարանից ամերիկացի գիտնականները լրագրողներին հայտնել են, որ առաջին անգամ հաջողվել է բացառիկ իմպլանտներ ստեղծել, որոնք ի վիճակի են աճել մարդու հարազատ օրգանների նման: 

Այդ գյուտը կարող է իսկական առաջընթաց ստեղծել մանկական բժշկության մեջ, որովհետեւ անհամեմատ ավելի հեշտ կլինի երեխաներին օգնել  օրգանների փոխպատվաստման դեպքում:  

Ներկայումս բժիշկներն արդեն կարողացել են լաբորատորիայում կենդանի արյունատար անոթներ աճեցնել:  Նման անոթները կարող են հսկայական օժանդակություն հանդիսանալ սրտի բնածին արատներով երեխաների բուժման գործում, որոնց մարմնում սինթետիկ գրաֆտներ են տեղադրում կամ փոխարինում են դրանք եւ այդ նպատակով անհրաժեշտ է լինում բաց սրտի վրա հինգ եւ ավելի վիրահատություն կատարել:  Տրանսպլանտների դեպքում, որոնք կարող են աճել մարմնում եւ ռեգեներացիայի ենթարկվել, ավելորդ վիրաբուժական միջամտություն չի պահանջվի, նշանակում է` դրանց հետ կապված հնարավոր բարդություններ եւս չեն առաջանա: 

Համալսարանի աշխատակիցները նախ լաբորատոր պայմաններում անոթանման խողովակներ են աճեցրել:  Ընդ որում, նրանք ոչխարի դոնորական կենսանյութ են օգտագործել. հենց այդ բջիջներից են ստեղծվել ապագա անոթները:   Դրանից հետո` մոտ 5 շաբաթ անց, հետազոտողները հատուկ վարակազերծող միջոցի օգնությամբ «լվացել են» ոչխարի դոնորական բջիջները` թողնելով միայն խողովակների  «հիմնակմախքը»: Փորձարկման հաջորդ փուլում խողովակներով փոխարինել են  թոքային զարկերակի մի մասը` անոթի, որով արյունը սրտից անցնում է թոքերին:  Նման մանիպուլյացիաներն իրականացվել են երեք գառնուկի հետ:  

Այդ գառնուկների սեփական բջիջները նորից տեղադրել են արդեն տեղադրված խողովակների մեջ` նրանց հնարավորություն տալով աճել, ինչպես նաեւ բացառելով հյուսվածքների պոկումը, որպես օրգանիզմի համար թշնամական հյուսվածքներ:  Բոլոր երեք առանձնյակներն աճել են` դառնալով հասուն ոչխարներ, նրանց վիճակը գնահատվում է որպես նորմալ: Աշխատանքի համահեղինակ Ռոբերտ Տրանկվիլոն (Robert Tranquillo) հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ բժիշկները նոր նյութ են ներմուծում հիվանդի մարմին, եւ այդ նյութը կարող է այնտեղ աճել:   Նա հավելել է, որ դա  հյուսվածքների աճեցման տեխնոլոգիայի եւ ռեգեներատիվ բժշկության «իդեալական միություն» է եղել, երբ հյուսվածքն աճեցվել է լաբորատորիայում, հետո հիվանդի մարմնում ընթացող բնական գործընթացներն այն դարձյալ կենդանի են դարձրել: 

Գիտնականները նախատեսել են հետագայում մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների անցնել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել