Այսօր մարդկանց կյանքի միջին տեւողությունը նկատելիորեն աճել է անցյալ դարի համեմատ, բայց միաժամանակ աճել է տարիքի հետ կապված հիվանդությունների տարածվածությունը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնի էնդոկրինոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ պրոֆեսոր Բրունո Լունենֆելդը (Իսրայել) պատմել է, որ 50 տարի առաջ մարդիկ մահանում էին մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, հիմնականում` վարակիչ հիվանդություններից: Այսօր մարդիկ անհամեմատ ավելի երկար են ապրում, բայց իրենց կյանքի վերջին 7-8 տարվա ընթացքում հիվանդանում են սրտանոթային, ուռուցքային եւ այլ հիվանդություններով, որոնք վատացնում են նրանց կյանքի որակը:
Բրունո Լունենֆելդի խոսքով, այսօր բժշկության նպատակն է հավասարեցնել կյանքի միջին տեւողությունը եւ առողջ կյանքի միջին տեւողությունը: Այսինքն այնպես անել, որ մարդը կարողանա ամբողջ կյանքն առողջ ապրել, իսկ տարեց հասակում հնարավորինս չբախվի տարիքային հիվանդությունների: Դա, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է եւ մարդու համար, եւ նրա ընտանիքի, եւ երկրի, որում նա ապրում է, չէ որ տարիքի հետ կապված հիվանդությունները շատ թանկ են արժենում ինչպես ընտանիքին, այնպես էլ պետբյուջեին:
Տղամարդկանց ծերացման հարցերին եւ տարիքային հիվանդությունների դեմ պայքարի ուղիներին է նվիրված ISSAM-ի X ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ (Տղամարդկանց ծերացման հարցերի ուսումնասիրման միջազգային ընկերակցության), որն այսօր մեկնարկել է Երեւանում: Կոնգրեսի հիմնական նպատակը վերջին գիտական մշակությունների քննարկումն է եւ իրենցից բժշկական, սոցիալական եւ տնտեսական լուրջ խնդիրներ ներկայացնող հիվանդությունների կանխարգելիչ եւ բուժական ռազմավարությունների ոլորտում փորձի փոխանակումը:
Բրունո Լունենֆելդը նշել է, որ կանայք այսօր ավելի հաճախ են բժշկի գնում, նրանց մոտ դա երիտասարդ տարիքից սովորություն է դառնում: Իսկ տղամարդիկ, չցանկանալով ցուցադրել թուլությունը եւ հիվանդ թվալ, ավելի հազվադեպ են գնում բժշկի: Արդյունքում կանանց կյանքի միջին տեւողությունը 7-8 տարով ավելի երկար է, քան տղամարդկանց մոտ:
Նշենք, որ Բրունո Լունենֆելդը 1961 թվականին հաջողությամբ կլինիկական պրակտիկայի մեջ է մտցրել մարդկային կլիմակտերիկ գոնոդոտրոպինի օգտագործումը: Թոշակի անցնելուց հետո պրոֆեսորը, որը շուտով 90 տարեկան կդառնա, հետաքրքրվել է ծերացման հարցերով եւ ԱՀԿ-ի հետ սկսել է ISSAM կազմակերպել: ISSAM-ի առաջին կոնգրեսը կազմակերպվել է Ժնեւում` 19 տարի առաջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր