• Latest news

Արգանդի խոռոչի նախաքաղցկեղային հիվանդություններ. ի՞նչ է պետք իմանալ դրանց մասին

20 հոկտեմբերի, 2016  20:46

Արգանդի խոռոչի նախաքացկեղային հիվանդություններն այսօր բավականին տարածված են ինչպես վերարտադրողական տարիքի, այնպես էլ դաշտանադադարի փուլում գտնվող կանանց շրջանում: Այս հիվանդությունները վտանգավոր են նախեւառաջ նրանով, որ բուժման եւ անհրաժեշտ հսկողության բացակայության դեպքում մի օր կարող են վերաճել քաղցկեղային ուռուցքների: Ճիշտ է, եթե հիվանդը ժամանակին դիմի բժշկին, կհաջողվի խուսափել մի շարք բարդացումներից: Այն մասին, թե արգանդի խոռոչի որ հիվանդությունները կարող են հետագայում վերաճել քաղցկեղի, ինչպես են դրանք դրսեւորվում եւ ինչ պետք է անել ժամանակին հետազոտվելու համար, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Աստղիկ» բուժկենտրոնի մանկաբարձական-գիենկոլոգիական կլինիկայի ղեկավար Արման Նազինյանը:

Էնդոմետրիումի հիպերպլազիա

Էնդոմետրիումի հիպերպլազիան արգանդի ներքին շերտի գերաճն է` էնդոմետրիումը, որը հանգեցնում է դրա ծավալի հաստացմանը եւ մեծացմանը: Դա տեղի է ունենում գեղձային եւ ստրոմալ բջիջների ինտենսիվ բազմացումից հորմոնալ խախտման հետեւանքով կամ մի շարք այլ հիվանդությունների պատճառով (ինչպիսիք են, օրինակ, շաքարային դիաբետը, ճարապակալումը, ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը եւ այլն):

Էնդոմետրիումի հիպերպլազիան համարվում է բարորակ հիվանդություն, սակայն որոշ դեպքերում այն կարող է վերածվել էնդոմետրիումի քաղցկեղի, ինչպես նաեւ հարուցել այլ խնդիրներ, ինչպես անպտղություն եւ քրոնիկ անեմիա, ուստի խորհուրդ չի տրվում անտեսել այդ հիվանդությունը: Էնդոմետրիումի հիպերպլազիայի հիմնական ախտանիշներն են` անկանոն արյունային արտադրություն (այսինքն` միջդաշտանային արտադրություն) վերականգնողական տարիքի, նախադաշտանադադարային եւ հետդաշտանադադարային փուլերում գտնվող կանանց մոտ, որոնք 6 ամսից ավելի չեն ունեցել դաշտան: Այդ կերպ, արյունային ցանկացած արտադրություն (նույնիսկ պարզապես մածուցիկ) անպատեհ ժամանակ արդեն իսկ առիթ է պարտադիր դիմելու բժշկի եւ պարզելու դրանց պատճառը: Էնդոմետրիումի հիպերպլազիան կարելի է ախտորոշել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտության միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում ախտորոշումը կարելի է հաստատել արգանդի խոռոչի հիստերոսկոպիկ հետազոտությամբ:

Ինչպես նշեց Արման Նազինյանը, էնդոմետրիումի գերաճայն պրոցեսները հաճախ ուղղակիորեն կապված են լինում կաթնագեղձերի վիճակի հետ. երբեմն մաստոպատիայի գանգատներով հիվադների մոտ հայտնաբերվում է էնդոմետրիումի հիպերպլազիա: Այդ դեպքերում սովորաբար սկսում են բուժել հենց հիպերպլազիան, որը դրականորեն է ազդում նաեւ կրծքագեղձերի վիճակի վրա:

Ցերվիկալ խողովակի եւ էնդոմետրիումի պոլիպներ

Ցերվիկալ խողովակի եւ էնդոմետրիումի պոլիպները բարորակ գոյացություններ են արգանդի լորձաթաղանթի վրա: Դրանք գոյանում են էնդոմետրիումի բջիջների ավելցուկային աճից` հորմոնալ խախտման կամ որոշ քրոնիկ հիվանդությունների ազդեցությամբ: Տարբերվում են պոլիպների մի քանի տեսակներ, եւ դրանք բոլորը կարող են ունենալ կլինիկական տարբեր պատկերներ. մի քանիսը կարող են որեւէ կերպ չդրսեւորվել: Թեկուզ եւ պոլիպները համարվում են բարորակ գոյացություններ, բացառված չէ, որ պոլիպը վերափոխվի չարորակ ուռուցքի` էնդոմետրիումի քաղցկեղի, հատկապես ադենոմատոզ պոլիպների դեպքում: Պոլիպները նաեւ կարող են հարուցել անպտղություն եւ դաշտանային ցիկլի խանգարում, ուստի խորհուրդ չի տրվում անտեսել դրանց առկայությունը:

Արգանդի միոմա

Արգանդի միոման համարվում է բարորակ ուռուցք, որը խիստ հազվադեպ` միայն 0.3% դեպքերում է վերաճում ուռուցքային հիվանդության: Միոմաները կարող են հարուցել դաշտանային ցիկլի խանգարում, արյունահոսություն, ցավեր եւ հանգեցնել որովայնի ծավալի մեծացման: Միոմաների բուժման եղանակը որոշում է մանկաբարձ-գինեկոլոգը` ըստ դրանց տիպի եւ տեղակայման:

Արդյո՞ք այդ հիվանդությունների բուժումը կարող է նպաստել խուսափելու քաղցկեղից

Էնդոմետրիումի քաղցկեղը, ինչպես բացատրեց մասնագետը, չի դրսեւորվում սպոնտան կերպով. էնդոմետրիումի հիպերպլազիան սովորաբար ընթանում է զարգացման մի քանի փուլով, առաջանում է ատիպիկ հիպերպլազիա, որին կարող է հաջորդել էնդոմետրիումի քաղցկեղ: Սա նշանակում է, որ եթե ժամանակին հայտնաբերվեն հիպերպլաստիկ պրոցեսներ, եւ կատարվի արդյունավետ բուժում, կկանխվի հիվանդության հետագա զարգացումը եւ վերածումը քաղցկեղի:

Նույնը կարելի է ասել նաեւ պոլիպների մասին. պոլիպները, ինչպես նշեց Արման Նազինյանը, պարտադիր պետք է հեռացնել եւ ուղարկել հյուսվածքաբանական հետազոտության, որը թույլ կտա որոշել պոլիպի տիպը եւ նույնիսկ կրկնության վտանգի հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում հիվանդին կնշանակվի հետագա բուժում: Այս ամենը կօգնի կանխարգելելու էնդոմետրիումի քաղցկեղը:

Երկու դեպքում էլ վճռորոշ բառն է «ժամանակին»: Ինչպես նշեց մասնագետը, երբեմն իրենց հիվանդանոց են գալիս կանայք բարձիթողի հիվանդություններով եւ արդեն էնդոմետրիումի քաղցկեղով: Տվյալներ հավաքելիս պարզվում է, որ դեռ 2-3 տարի առաջ նրանց մոտ սկսվել է արյունոտ արտադրություն, որին պատշաճ ուշադրություն չեն դարձրել:

5 ցուցում, որոնց մասին արժե, որ իմանան բոլոր կանայք

. 12-13 տարեկանից հենց որ աղջկա մոտ սկսվում է դաշտան, պետք է վարել դաշտանային ցիկլի օրացույց: Յուրաքանչյուր խախտման դեպքում ցանկալի է դիմել բժշկի, թեկուզ միայն ապահով լինելու համար:

. Ամեն տարիքի կանանց խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ գնալ գինեկոլոգի մոտ` ստանդարտ զննումների եւ անցնել փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, եթե նույնիսկ անհանգստացնող ոչ մի ախտանիշ չկա:

. Հետազոտության ժամանակակից մեթոդները, ինչպիսին է, օրինակ, ԳՁՀ-ն, թույլ են տալիս վաղ փուլերում հայտնաբերել զանազան պրոցեսներ եւ հիվանդություններ, այդ թվում եւ ուռուցքային: ԳՁՀ-ն պարզ, անվտանգ եւ անցավ հետազոտություն է, որից չարժե վախենալ:

. Այնպիսի ախտանիշների դեպքում, ինչպիսիք են դաշտանային ցիկլի խախտումը, սուր ցավերը դաշտանի օրերին եւ միջդաշտանային արյունոտ արտադրությունը, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի:

. Միշտ լավ է ապահով լինել, քան աչքաթող անել որեւէ կարեւոր բան. ժամանակին դիմելով բժշկին` հնարավոր կլինի խուսափել բազմաթիվ ծանր պաթոլոգիաներից, այդ թվում եւ էնդոմետրիումի քաղցկեղից: Իսկ եթե հիվանդությունն արդեն առկա է, որքան այն վաղ հայտնաբերվի, այնքան բարձր կլինի բուժման արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել