• Latest news

Հայաստանում 29-ամյա կինն ինքնուրույն ծննդաբերել է աղիների մասնահատումից հետո

23 հոկտեմբերի, 2016  16:02

Հայաստանում 29-ամյա կինը սահմանված ժամկետում բնական ճանապարհով ծննդաբերել է՝ հղիության 31-րդ շաբաթում աղիների մասնահատման վիրահատության ենթարկվելուց հետո: Մայրիկն ու նորածինն իրենց լավ են զգում, հետծննդյան ոչ մի բարդացում չի եղել, չնայած վիրաբույժները վախենում էին ճողվածքի առաջացումից:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմումքի վարիչ Արայիկ Ոսկանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ կինն իրենց բաժանմունք է ընդունվել 2 ամիս առաջ՝ հղիության 31-րդ շաբաթում՝ սուր աղիքային անանցանելիությամբ:

Մինչ այդ նրան փորձել են բուժել տան պայմաններում՝ ենթադրելով, որ դա քրոնիկ էնտերոկոլիտի սրացում է կամ ուղղակի աղիների աշխատանքի խանգարում: Կինը վիրաբույժներին է դիմել որոշակիորեն ուշացած, երբ արդեն սկսել էր բարակ աղիքի մեռուկացում:

Վիրաբույժի խոսքով՝  կնոջ բարակ աղիքի սուր անանցանելիությունը հարուցել էր աղեգալարների ոլորումը: Պարզվել է, որ նրան ժամանակին ապենդէկտոմիա են կատարել, որից հետո կպումներ են առաջացել, իսկ հղիության ժամանակ մեծացած արգանդը սկսել է ճնշել այդ հատվածի վրա, ինչը եւ հանգեցրել է աղիների ոլորման:

«Անհապաղ վիրահատություն էր պահանջվում: Սակայն դժվարությունն այն էր, որ հղիության ժամկետը փոքր էր եւ վաղաժամ ծնունդ խթանելը ցանկալի չէր, կարող էինք երեխային կորցնել: Կեսարյան հատումը եւս վտանգավոր էր, աղիքի մեռուկացման պատճառով ինֆեկցիայի տարածման վտանգ կար: Կարելի էր աղիների անցանելիության վերականգնման վիրահատությունը եւ կեսարյան հատումը միաժամանակ կատարել, բայց այդ դեպքում ստիպված կլինեինք նաեւ արգանդը հեռացնել: Սակայն զույգը դա չցանկացավ, քանի որ սա կնոջ առաջին հղիությունն էր, եւ նրանք պլանավորում էին հետագայում եւս երեխաներ ունենալ»,- ասել է Արայիկ Ոսկանյանը:

Որոշում ընդունվեց կնոջը վիրահատել՝ հղիության պահպանմամբ: Վիրաբույժը պարզաբանեց, որ աղիների մասնահատումն ինքնին ոչ մի դժվարություն չի ներկայացնում, սակայն տվյալ դեպքում արգանդը գործնականում փակել էր որովայնի խոռոչը, աղիները տեղաշարժվել էին ենթաստոծանիական տարածություն: «Երբ կտրվածք արեցինք ընդունված տեղում, պարզվեց, որ աղիները ,,տեղում չէին,, : Բարդությունը աղիներին հասնելն ու վնասված հատվածը հեռացնելն էր՝ այդ ընթացքում չվնասելով արգանդը»,- ասել է վիրաբույժը:

Արայիկ Ոսկանյանի պարզաբանմամբ՝ հասկանալի պատճառներով ոչ թե լապարոսկոպիկ, այլ  բաց վիրահատություն է կատարվել. պտղով արգանդի դիրքը լապարոսկոպիկ մեթոդով աղիներին հասնելու հնարավորություն չէր տալիս: Կնոջ բարակ աղիներից հեռացվել է գրեթե մեկ մետր հատված, իսկ հետո բերանակցել են ծայրերը՝ ստեղծելով սնունդի անցանելիության նորմալ ճանապարհ:

Վիրահատությունից հետո կինը եղել է «Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգների հսկողության ներքո եւ վերջերս ծննդաբերել է բնական ճանապարհով: Դա վիրահատված աղիների  աշխատանքի ոչ մի բարդացում չի առաջացրել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել