• Latest news

Ինչպես են հայկական հիվանդանոցներում վերաբերվում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց

27 հոկտեմբերի, 2016  18:52

12-ամյա Գարիկի հաշմանդամի սայլակը կանգնած էր ՄՌՏ-ի սարքի կողքին, իսկ տղան շփոթված շուրջն էր նայում: Բժիշկն ու սանիտարները կանգնած էին հեռավոր անկյունում. ոչ ոք չէր մոտենում, որպեսզի օգնի տղային սայլակից սարքի մահճակալին տեղափոխել: Իսկ երբ հայտնի դարձավ, որ ՄՌՏ-ն հարկավոր է անել կոնտրաստային նյութի օգտագործմամբ, բուժաշխատողները սկսեցին անհանգիստ հայացքներ փոխանակել. նրանց դեմքից երեւում էր, որ ոչ ոք չի ուզում մոտենալ տղային եւ ներարկում անել:

Գարիկը (երեխայի անունը փոխված է) ծնվել է ՄԻԱՎ-վարակով, որը նրան փոխանցվել է ծնողներից: Նա նաեւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ, եւ ախտորոշման համար ՄՌՏ-հետազոտություն էր անհրաժեշտ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանը:

Իրավիճակը չբարդացնելու եւ երեխային ավելի շատ սթրեսի չենթարկելու համար նրան հաշմանդամի սայլակից մահճակալ են տեղափոխել տատիկն ու Լիլիթ Ալեքսանյանը. դժվարությամբ, քանի որ կանայք նուրբ կազմվածքով էին, իսկ տղան բավական խոշորամարմին էր: Սանիտարներն այդպես էլ չեն մոտեցել նրան, իսկ ներարկումը ստիպված բժիշկն է արել:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ սա եզակի դեպք չէ. հայկական կլինիկաների աշխատակիցները հաճախ վախենում են մոտենալ ՄԻԱՎ-դրական ախտորոշմամբ մարդկանց:

Լիլիթ Ալեքսանյանը մեկ այլ դեպք էլ է հիշում. ՄԻԱՎ-դրական ախտորոշմամբ հիվանդի հետ երեւանյան կլինիկաներից մեկում մտել է բժշկի սենյակ, հիվանդին օգնել բացատրել խնդիրը: Իմանալով հիվանդի ախտորոշման մասին՝ բժշկի դեմքն անմիջապես փոխվել է, նա պահանջել է հեռանալ իր աշխատասենյակից: Մեկ այլ հիվանդանոցում ստացիոնար բաժանմունքի վարիչը հրաժարվել է հոսպիտալացնել ՄԻԱՎ-ով հիվանդին՝ հայտարարելով. «Իսկ եթե իմ ամբողջ անձնակազմին վարակի՞»:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ից Ժենյա Մայիլյան իր հերթին նշում է, որ հաճախ է պատահում, երբ ՄԻԱՎ-վարակով մարդկանց անհրաժեշտ է լինում այս կամ այն խնդրով դիմել որեւէ բուժհաստատություն, եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Ազգային կենտրոնից բժիշկը զանգահարում է անհրաժեշտ բուժկենտրոնի բժշկին, երկար զրուցում, բացատրում հիվանդի վիճակը, եւ միայն դրանից հետո են հիվանդին ընդունում, սոցիալական աշխատողի ուղեկցությամբ: Իսկ եթե ՄԻԱՎ-վարակով մարդն ինքնուրույն հիվանդանոց դիմի, նրան կարող են մերժել բուժօգնություն տրամադրել: Իհարկե՝ քչերն են խոստովանում, որ հիվանդին չեն ընդունում հենց ախտորոշման պատճառով. սովորաբար տարբեր պատճառաբանություն են ունենում, ասենք՝ «մեզ մոտ տեղ չկա» կամ «բոլոր մասնագետները զբաղված են»:

Նաեւ դեպքեր են եղել, երբ նույնիսկ ՁԻԱՀ-կենտրոնի մասնագետի հետ զրույցից հետո բուժաշխատողն ամենասովորական սրսկում անելու համար հարցրել է՝ «Բայց ինչո՞ւ ես...»:

«10 տարի առաջվա համեմատությամբ՝ այսօր շատ բան է փոխվել: Բժիշկներն ավելի շատ տեղեկություն ունեն, ավելի շատ գիտելիքներ: Բայց խտրական վերաբերմունք բազմաթիվ բուժաշխատողների մոտ, ամեն դեպքում, առկա է»,- նշում է Ժենյա Մայիլյանը:

Հանուն արդարության հարկ է նշել, որ ՄԻԱՎ-վարակով մարդկանց հանդեպ նման վերաբերմունքը ոչ բոլոր բժիշկներին է հատուկ. ՀԿ-ների ներկայացուցիչներն ու սոցիալական աշխատողներն իսկապես ադեկվատ բժիշկների հանդիպում են, որոնք օգնում են յուրաքանչուր հիվանդի՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական դրությունից կամ ՄԻԱՎ-կարգավիճակից:

Ինչո՞ւ են հայկական բուժհաստատությունների որոշ աշխատակիցներ խուսափում ՄԻԱՎ-դրական ախտորոշմամբ մարդկանց հետ աշխատելուց: Հնարավո՞ր է, արդյոք, որ չգիտեն, որ ՄԻԱՎ-վարակը ո՛չ օդակաթիլային, ո՛չ կենցաղային շփման ճանապարհով չի փոխանցվում: ՀԿ-ների ներկայացուցիչներն ասում են՝ հազիվ թե խնդիրը տեղեկատվության պակասի մեջ է, քանի որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Ազգային կենտրոնը պարբերաբար այդ թեմայով դասընթացներ եւ սեմինարներ է կազմակերպում հայ մասնագետների համար: Եվ եթե դեռ համալսարանում նրանք չեն մտապահել վիրուսի փոխանցման ուղիները, ապա այդ դասընթացների ընթացքում կարող են լրացնել բացթողումը:

Այդ դեպքում, ո՞րն է խնդիրը: Այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի: Հնարավոր է՝ պատճառը պարզապես խտրական կարծրատիպերն են, որոնք դեռեւս տրամաբանությունից եւ գիտելիքից ավելի ուժեղ են:

Հ.Գ.

Դեպքից կարճ ժամանակ Գարիկը մահացել է. պարզվել է, որ նա լյարդի քաղցկեղ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է