• Latest news

Ցանկացած դիետա գիրանալու երաշխավորված տարբերակ է

30 մարտի, 2014  20:51

Ցանկացած դիետա քաշ հավաքելու, այլ ոչ թե կորցնելու երաշխավորված տարբերակ է: Բազմաթիվ նիհարողներ, հավանաբար, հասցրել են սեփական մաշկի վրա դա զգալ: Այն մասին, թե ինչու դիետաներն արդյունք չեն տալիս եւ ինչ պետք է անել՝ իսկապես նիհարելու համար, NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է կլինիկական հոգեբան եւ հոգեթերապեւտ Սվետլանա Բրոննիկովայի հետ:

Ինչո՞ւ դիետաները երբեք արդյունք չեն տալիս:

Սվետլանա Բրոննիկովան վստահեցնում է, որ բոլոր դիետաները՝ անկախ իրենց անվանումից եւ բովանդակությունից, միանման արդյունք են տալիս. դրանք սահմանափակում են օգտագործվող կալորիաների քանակությունը, եւ եթե մարդն ուտում է ավելի քիչ կալորիա, քան ծախսում է, սկսում է նիհարել: Տեսականորեն վատ չի հնչում: Բայց ինչո՞ւ այդ համակարգն արդյունք չի տալիս: Եվ ինչո՞ւ կորցրած կիլոգրամներն անմիջապես վերականգնվում են, երբ դադարեցնում եք դիետան եւ վերադառնում սովորական սննդակարգին:

Բրոննիկովայի խոսքով, ցանկացած դիետա կարող է օգնել նիհարելուն: Բայց՝ ոչ երկար ժամանակով: Հետո քաշն անպայման վերականգնվում է:

«Կարեւոր է հասկանալ, թե ինչ հեռանկարի մասին ենք խոսում. երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ: Եթե կինը ցանկանում է նիհարել լողափային սեզոնին ընդառաջ եւ բոլորին զարմացնել լողազգեստով, իսկ հետո աշխատավայրում բոլորն ասեն՝ «Ա՜հ, ինչքան ես նիհարել», ապա դիետան կարող է օգնել, բայց որոշակի պայմանով. մարդը պետք է բավականաչափ շարժառիթ եւ ուժ ունենա, որպեսզի կարողանա իրեն սահմանափակել»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Բրոննիկովան:

«Բայց երկարաժամկետ հեռանկարում նման մարդկանց 80%-ը ոչ միայն կվերականգնի քաշը, այլեւ լրացուցիչ կիլոգրամներ կհավաքի: Այդ կերպ ի հայտ է գալիս, այսպես կոչված, Յո-Յո էֆեկտը՝ ճապոնական Յո-Յո խաղալիքի անվանումից, որը թելից կախված այս ու այն կողմ է թռչկոտում: Քաշը պակասում է ինչ-որ ժամանակահատվածում, մինչ մարդը դիետայի է հետեւում, եւ որոշ ժամանակ՝ հետո: Բայց այնուհետեւ այն անխուսափելիորեն ավելանում է, քանի որ մարդը թուլանում եւ դադարում է հետեւել սննդակարգի սահմանափակումներին», - պատմեց մասնագետը:

Հետաքրքիր է, որ դիետայից հետո «նիհարողի» քաշն ավելանում է, եթե անգամ նա շարունակում է հետեւել սննդի սահմանափակումներին: «Նյութափոխանակության փոփոխության հետեւանքով, որը տեղի է ունենում սահմանափակող դիետաների ժամանակ, քաշն ավելանում է նույնիսկ չափավոր քանակությամբ կալորիա ստանալու պարագայում», - բացատրում է Սվետլանա Բրոննիկովան:

Ինչպե՞ս չպետք է նիհարել՝ իսկապես նիհարելու համար

Մարդկանց, ովքեր չեն ցանկանում ընթանալ դիետայի եւ Յո-Յո էֆեկտի ուղիով, Սվետլանա Բրոննիկովան խորհուրդ է տալիս առաջին հերթին հասկանալ, թե ինչ է իրենց հետ կատարվում եւ ինչպես են ավելորդ քաշ հավաքել:  

Հաճախ, եթե խոսքը հորմոնալ լուրջ խախտումների մասին չէ, մարդիկ գիրանում են, քանի որ չափից շատ են ուտում՝ երբեմն նույնիսկ իրենք այդ մասին չկասկածելով: Իսկ շատ ուտում են տարբեր պատճառներով. ոմանք՝ էմոցիաների պատճառով, մյուսները չեն կարողանում հրաժարվել իրենց առջեւ դրված ուտելիքից, եթե անգամ բոլորովին վերջերս կուշտ ճաշել են, ոմանք էլ չեն կարողանում կանգ առնել, մինչեւ չեն ուտում սեղանին դրված ամեն ինչ: Թվարկվածների հիմքում ուտելիքի հանդեպ սխալ վերաբերմունքն է, ինչպես նաեւ սննդային վարքագծի խանգարումը:

Եվ այսպես, իսկապես նիհարելու համար հարկավոր է առաջին հերթին գիտակցել, որ չափից շատ եք ուտում, իսկ հետո պարզել, թե ինչու եք այդպես անում: Ուտելիքն օգնում է ազատվել բացասական էմոցիաների՞ց: Ուտելիքն օգնում է հանգստանա՞լ աշխատանքից: Ուտելիքը դրված է ձեր առջեւ, եւ չե՞ք կարողանում այն չուտել:

Սովորաբար չափից շատ ուտելու հետեւում բավական լուրջ հոգեբանական խնդիրներ են թաքնված: Հենց դրանց դեմ է հարկավոր պայքարել՝ ուտելիքի հանդեպ վերաբերմունքը կարգավորելու համար:

«Անհնար է ազատվել ավելորդ քաշից՝ չփոխելով վարքագիծը, կենսակերպը, մտածելակերպը: Անհնար է հոգեբանորեն անհավասարակշիռ լինել եւ նիհար մնալ, եթե հենց ուտելիքի օգնությամբ եք սովոր լուծել ձեր հոգեբանական խնդիրները: Կայուն կերպով նիհարելը պարտադիր ներքին լուրջ աշխատանք է ներառում՝ որոշակի անհատական, ոչ միայն վարքագծային, փոփոխությունների հասնելու համար: Նման աշխատանք կարելի է կատարել հոգեբանի կամ հոգեթերապեւտի հետ»,- իր բլոգում գրում է Բրոննիկովան:

Կարելի՞ է, արդյոք, ինքնուրույն գլուխ հանել

Եվ այսպես, նիհարելու համար հարկավոր է գլուխ հանել սեփական սննդային վարքագծից եւ դրանց հետեւում թաքնված հոգեբանական խնդիրներից: Այդ ավելի դյուրին է անել հոգեբանի կամ հոգեթերապեւտի օգնությամբ, բայց կարելի՞ է, արդյոք, ինքնուրույն գլուխ հանել: Սվետլանա Բրոննիկովան կարծում է, որ ամեն ինչ կախված է մարդուց եւ նրա ունակություններից:

«Բանն այն է, որ սննդային վարքագծի խանգարումները օդից չեն հայտնվում եւ հենց այնպես գոյություն չեն ունենում: Ամենից հաճախ դրանք թաքցնում են այլ խնդիրներ եւ ավելի բարդ խանգարումներ: Առավել հաճախ դա սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքի, այլ մարդկանց հետ հարաբերությունների խանգարում է:

Օրինակ՝ հիմա ես աշխատում եմ բազմաթիվ ռուսալեզու առցանց-խմբերի հետ եւ հաճախ նկատում եմ, որ սննդային վարքագծի խանգարումների հետեւում թաքնված են մանկության տարիներից մնացած վատ իրադարձություններ: Առավել հաճախ դրանք ծնողների հետ փոխհարաբերություններն են, չսիրող, սառը, վանող մայրը… Շատ հաճախ ուտելիքը սիրո փոխարինողն է:

Եվ երբ մենք սկսում ենք փորփրել, անխուսափելիորեն բախվում ենք մանկության տարիների խնդիրների, որոնք դժվար է ինքնուրույն հաղթահարել: Այս դեպքում անհրաժեշտ են ե՛ւ օգնություն, ե՛ւ աջակցություն, ե՛ւ հոգեկան առողջության բնագավառի մասնագետի ուշադրություն: Բայց եթե խոսքն ընդամենը սննդային վարքագիծ մշակելու մասին է, դա միանգամայն հնարավոր է ինքնուրույն անել»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Սվետլանա Բրոննիկովան:

Արդյո՞ք տարբեր երկրների բնակիչներ սննդային վարքագծի տարբեր խանգարումներ ունեն

Արդյո՞ք սննդային խանգարումները կախված են այն հանգամանքից, թե որ երկրում է մարդն ապրում: Արդյո՞ք տարբեր երկրներում ապրող մարդիկ տարբեր խանգարումներով են տառապում: Բրոննիկովայի պատասխանը բավական հետաքրքիր էր.

«Դուք կզարմանաք. բոլորս սարսափելի նման ենք: Երբ ես սկսեցի աշխատել հոլանդացիների հետ, անհանգստանում էի, որ իմ ռուսական փորձը կիրառելի չի լինի սնվելու այլ մշակույթ ունեցող լսարանի համար: Նույն կերպ, երբ հոլանդացիների հետ աշխատանքից հետո սկսեցի գրել ռուսալեզու լսարանի համար եւ տարբեր երկրներից ռուսալեզու հաճախորդներ ունեցա, պարզվեց, որ ամեն ինչ շատ նման է այն ամենին, ինչ կատարվում է հոլանդացիների հետ: Այդ պատճառով սննդային վարքագծի խախտումներն ու դրանց հետեւում թաքնված խնդիրները շատ հաճախ մոտ են միմյանց»:

Օրինակ՝ էմոցիաները սննդով խեղդելը հատուկ է բացարձակապես բոլոր մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք ապրում եւ որքան հարուստ են: «Բանն այն է, որ էմոցիաները սննդով խեղդելը դրանց դեմն առնելու ամենապարզ միջոցն է: Դրան բախվում են ե՛ւ հարուստները, ե՛ւ աղքատները, ե՛ւ տնտեսապես հարուստ, ե՛ւ տնտեսապես չզարգացած երկրներում»,- ասաց Սվետլանա Բրոննիկովան:

Մասնագետի խոսքով, սննդային վարքագծի շատ այլ խնդիրներ առաջանում են ծնողների հետ խնդիրների ֆոնին: Շատ երկրներում մարդիկ երեխա են ունենում բավական երիտասարդ տարիքում, երբ բավականաչափ փորձ չեն ունենում եւ չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվել ու սիրել երեխային: Հետագայում բավականաչափ սեր չստացած երեխայի մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ, որոնք, իրենց հերթին, կարող են սննդային վարքագծի խանգարումների եւ ավելորդ քաշի պատճառ դառնալ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայաստանում, Բրոննիկովայի խոսքով, այդ խնդիրն այնքան արդիական չէ, որքան այլ երկրներում, քանի որ մեզ մոտ ծնողները միշտ շատ են սիրում իրենց երեխաներին: «Հայկական մշակույթում սեփական երեխաների հանդեպ սերն աղջիկները ստանում են մայրական կաթի հետ, եւ քիչ տեղերում են երեխաներին սիրում այնպես, ինչպես հայկական մշակույթում»,- ասաց Բրոննիկովան:

Հոգեթերապեւտը, ի դեպ, հայկական մշակույթի եւ երեխաների հանդեպ վերաբերմունքի մասին անձնական փորձից գիտի. նրա փոքրիկի դայակը հայուհի է:

Որքանո՞վ է արդյունավետ սննդային վարքագծի ուղղությամբ աշխատելու արդյունքում նիհարելը

Բրոննիկովայի խոսքով, գիտակցված սնվելու եւ սննդային վարքագծի ուղղությամբ աշխատելու ցանկություն ունենում են մարդիկ, ովքեր փորձել են նիհարելու հնարավոր բոլոր միջոցները եւ ոչ մի արդյունքի չեն հասել:

«Նրանք փորձել են բոլոր դիետաները. ե՛ւ սպիտակուցային, ե՛ւ բանջարեղենային, հյութերով դիետա, նիհարեցնող հաբեր, կանաչ սուրճ… Նրանք նույնիսկ փորձել են սննդի հնարավոր բոլոր փոխարինողները, որոնք շատ տարածված են այստեղ՝ Եվրոպայում. տարատեսակ կոկտեյլներ են խմում, որոնք կալորիա չեն պարունակում եւ փակում են ախորժակը: Այդ կերպ որոշ ժամանակ կարող եք քաշի կորուստ ունենալ, որը, իհարկե, հետագայում բարեհաջող կերպով վերադառնում է: Միայն սեփական մաշկի վրա զգալով, որ այդ ամենն արդյունք չի տալիս, մարդիկ հասնում են սննդի հանդեպ գիտակցված մոտեցման»:

Սակայն երբեմն այդպիսի մոտեցման հանգում են նաեւ մարդիկ, ովքեր հենց սկզբից չեն ցանկանում դիետա փորձել՝ հասկանալով, որ այդ ճիշտ չէ:

«Խմբերում, որոնք ես հիմա վարում եմ, կա մեկը, որի հետ աշխատում եմ արդեն 7 շաբաթ: Այս ընթացքում խմբի մասնակիցների մեծ մասի քաշը սկսել է նվազել. ոմանց մոտ՝ 2 կգ, ոմանց մոտ էլ՝ 3 կգ: Այդ քիչ է այն մարդկանց տեսակետից, ովքեր սովոր են խոսել 10 կգ կորցնելու մասին: Բայց հարկավոր է հաշվի առնել, որ այդ մարդիկ որեւէ կերպ չեն փոխել իրենց սնվելու ոճը, նրանք ուտում են՝ ինչ ցանկանում են եւ երբ ցանկանում են: Պարզապես նրանք նիհարում են, քանի որ սկսել են հասկանալ, թե երբ են ցանկանում ուտել, իսկ երբ՝ ոչ»,- պատմեց Բրոննիկովան:

Իսկ արդյո՞ք Ձեզ պետք է նիհարել

Եվ այսպես, եթե որոշել եք նիհարել, Սվետլանա Բրոննիկովան խորհուրդ է տալիս առաջին հերթին ինքներդ ձեզ նայել հայելու մեջ եւ անկեղծ պատասխանել հետեւյալ հարցին. Ձեզ իսկապե՞ս պետք է նիհարել: Եվ ինչո՞ւ է այդ Ձեզ անհրաժեշտ:

«Մարդիկ, ովքեր ասում են, որ ավելորդ քաշ ունեն, կարող են տառապել անառողջ ճարպակալմամբ եւ մարմնի զանգվածի շատ բարձր ինդեքս ունենալ: Նման մարդկանց քաշն իսկապես սպառնում է առողջությանը: Բայց նիհարել կարող են ցանկանալ նույնիսկ քաշի տեսանկյունից նորմալ մարդիկ, որոնց խնդիրը պարզապես ընդունված գլամուրային չափանիշներին համապատասխանելն է: Բայց պետք չէ մոռանալ, որ այսօր նորաձեւության չափանիշները շատ են նվազեցված: Պոդիում են բարձրանում դիստրոֆիկ կանայք. դա բժշկական փաստ է»,- ասաց Սվետլանա Բրոննիկովան:

Հիմա, իհարկե, այս իրավիճակը սկսում է փոխվել, եւ որոշ երկրներում մարմնի զանգվածի 18.5 ինդեքսից, այսինքն՝ առողջ նորմայից ցածր ցուցանիշով մոդելներին արգելել են բեմում ցուցադրել իրենց, քանի որ դա սննդային վարքագծի խանգարման քարոզչություն է եւ մարմնի մասին սխալ պատկերացում է ձեւավորում:

«Այդ պատճառով ինքներդ ձեզ հայելու մեջ նայեք, գնահատեք ձեր մարմնի զանգվածի ինդեքսը եւ հասկացեք, թե ինչի մասին է խոսքը. խոսքը Ձեր քաշի մասի՞ն է, որը սպառնում է առողջությանը: Բարձր շաքա՞ր ունեք: Շաքարախտի վտա՞նգ կա: Որեւէ այլ խանգարումնե՞ր ունեք: Թե՞ խոսքն ընդամենը ավելորդ կիլոգրամների մասին է, որոնք խանգարում են Ձեզ համապաասխանել «կինը պետք է նիհար լինի» չափանիշին: Ցավոք, մենք հակված ենք մոռանալ, որ բոլորս տարբեր ենք, եւ բոլոր կանայք ամենեւին չպետք է համապատասխանեն եվրոպական 36 չափսին»,- ասաց մասնագետը:

Սվետլանա Բրոննիկովա՝ կլինիկական հոգեբան եւ հոգեթերապեվտ, BIG- գրանցված բժշկական հոգեբան, Նիդերլանդների հոգեբանների ինստիտուտի (NIP) անդամ, հոգեբանության մասին գիտական եւ հանրամատչելի հոդվածների հեղինակ։ Ներկա պահին Նիդերլանդներում ղեկավարում է «CO-EUR, Centrum Voor Obesitas Europ» կլինիկան, որն առաջարկում է համալիր մոտեցում սննդային խանգարումների եւ ճարպակալման բուժման համար։ Բուժման հիմքում ընկած են ոչ թե դիաետան եւ ֆիզիկական վարժությունները, այլ շատակերության հոգեբանական խնդիրների լուծումը մասնագիտական հոգեբանության օգնությամբ։

 

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է