• Latest news

Հայաստանում տարեկան ախտորոշվում է հեմոֆիլիայի 10-13 նոր դեպք

17 ապրիլի, 2014  18:32

Հայաստանում տարեկան ախտորոշվում է հեմոֆիլիայի 10-13 նոր դեպք։ Այս մասին հեմոֆիլիային նվիրված սեմինարի ընթացքում հայտնեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը։

Նա նշեց նաեւ, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում 100 000 բնակչի հաշվով տարեկան միջինում մոտ 6.8-18 հեմոֆիլիայի դեպք է գրանցվում։ Հայաստանում հիվանդների թիվը 100 000 բնակչի հաշվով 6.15 է։ Կյանքի միջին տեւողությունը հեմոֆիլիայով տառապող մարդկանց մոտ 7 տարի առաջ 28-30 տարի էր կազմում, իսկ այսօր այն նկատելիորեն աճել է։

Ըստ Սմբատ Դաղբաշյանի՝ վերջին տարիներին Հայաստանում նվազել են հեմոֆիլիայի մահացության ցուցանիշները՝ այժմ տարեկան 2 մահվան դեպք է արձանագրվում, որոնք «հիմնականում հեռավոր մարզերում են եւ կապված են հիվանդների տեղափոխման հետ»։

Ի դեպ, ինչ վերաբերվում է մարզերին, պրոֆեսոր Դաղբաշյանը ասաց, որ ամենից շատ հեմոֆիլիան տարածված է Շիրակի մարզում՝ 13.86 ցուցանիշով։ Լոռիում հեմոֆիլիայով ծնվող երեխաները ավելի քիչ են՝ 8.52 ցուցանիշով, հաջորդն է Տավուշի մարզը՝ 6.71։ Ըստ Սմբատ Դաղբաշյանի՝ այս մարզերում հեմոֆիլիան ավելի է տարածված այն պատճառով, որ այն «ընտանեկան» եւ ժառանգվող հիվանդություն է։

Հեմոֆիլիայով տառապող մարդկանց կյանքը հեշտացնելու եւ հիվանդացությունը երկրում իջեցնելու համար, ըստ պրոֆեսոր Դաղբաշյանի, հարկավոր է վերազինել ախտորոշիչ լաբորատորիան նորագույն սարքավորումներով, ներկրվող դեղորայքի ծավալը մեծացնել, սկսել պրոֆիլակտիկ բուժում կատարել, օրթոպեդիկ վիրահատությունների թիվն ավելացնել եւ տնային ուսուցման ծրագրեր մտցնել, որպեսզի հիվանդները ստիպված չլինեն ամեն անգամ հասնել արյունաբանական կենտրոն եւ հարկ եղած դեպքում իրենք իրենց կարողանան ներարկել դեղորայքը։

«Շատ կարեւոր է նաեւ գենը կրող հղիների հետազոտությունը, որի արդյունքում կարող ենք կանխատեսել, [թե արդյոք երեխան ծնվելու է հեմոֆիլիայով], եւ այս հետազոտությունը ներդնելը մեր առաջիկա խնդիրների ցանկում է գտնվում», - նշեց Սմբատ Դաղբաշյանը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության անդամները պատմեցին, որ Եվրոպական երկրներում նման հետազոտություններ արդեն կատարվում են, ինչի հետեւանքով, օրինակ, Շվեյցարիայում հեմոֆիլիայով ծնված երեխաների թիվը շատ ցածր է։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել