• Latest news

Առողջապահության նախարարությունը դեղերի կենտրոնացված գնումների վրա տնտեսել է 186մլն 672 հազար դրամ

18 ապրիլի, 2014  16:25

2013-2014 թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված եւ առանձին հիվանդություններով տառապող քաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։  Քրոնիկ երիկամային անբավարարությամբ (երիկամային փոխպատվաստման եւ/կամ ծրագրային հեմոդիալիզի հիվանդներ), հոգեկան հիվանդություններով, չարորակ նորագոյացություններով (ցավազրկող դեղեր, թմրադեղեր), պարբերական հիվանդությունով (կոլխիցին եւ/կամ համարժեք այլ դեղեր), շաքարային դիաբետով (ինսուլին եւ դեսմոպրեսին դեղեր) հիվանդներին անհրաժեշտ դեղերով ապահովումը հասցվել է 100 տոկոսի, իսկ շաքարային եւ ոչ շաքարային դիաբետ ունեցողներին հակադիաբետիկ հաբերով ապահովումը նախորդ տարիների 30-40-ից հասցվել է 60 %-ի։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ 

Դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպման  բարելավման շնորհիվ 2013-ին նախորդ տարվա համեմատ տնտեսվել է 165մլն 701հազար, իսկ 2014-ին` 186մլն 672 հազար դրամ: Բացի այդ, շատ ավելի լուրջ խնայողություններ են արձանագրվել միայն ինսուլինի ձեռք բերման ընթացքում։ 2013 թվականի 2-րդ կիսամյակից ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1108-Ն որոշման համաձայն մարդկային ինսուլինը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից։ Կնքված հնգամյա պայմանագրի համաձայն 2014 թ. համար նախարարությունը  ձեռք է բերելու  213 000 սրվակ  ինսուլին (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)։ Արդյունքում  մեկ տարվա կտրվածքով կտնտեսվի 663մլն 600 հազար դրամ: Աշխատանքներ են տարվում պետության կարիքների համար մեծ սպառում ունեցող մյուս դեղերի գնումները եւս նույն սկզբունքով իրականացնելու համար: Հավելենք, որ 2013-ին պետական բյուջեից կենտրոնացված կարգով հանրապետության բուժհաստատություններին եւ ամբուլատորներին հատկացվել է 2.560.272.5 դրամի դեղեր:

Նախարարության դեղորայքային քաղաքականության հիմնական նպատակը  բնակչությանը մատչելի, որակյալ եւ անվտանգ դեղերով ապահովումն է: Դրան ուղղված հիմնարար քայլ էր  «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի` միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծի մշակումը, որն արդեն ՀՀ  կառավարության հաստատման փուլում է։ Նախագծում արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` արտադրողից մինչեւ սպառող շղթայում բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ եւ մատչելի դեղերով ապահովումը, տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողությունը, ինչպես նաեւ  հիմնական դեղերի գների կարգավորումը:

Մինչ օրենքի ընդունումը արդեն իսկ որոշ քայլեր իրականացվել են։ Դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրվել է  «մեկ պատուհան» համակարգը, որի արդյունքում դեղերի ներմուծման հավաստագրի հայտը էլեկտրոնային եղանակով մուտքագրում է մաքսային մարմիններում եւ ներմուծողը այնտեղից էլ ստանում է հավաստագիրը` առանց առողջապահության նախարարություն այցելելու։ Պարզեցվել են դեղերի գրանցման եւ վերագրանցման ընթացակարգերը։ Կառավարության որոշմամբ գրացման ժամկետն ավարտելուց հետո այժմ դեղերը վերագրանցվում են ընդամենը 15 օրվա ընթացքում: Արդյունքում` 2013թվականին պետական գրանցում է տրվել շուրջ 800 անվանում դեղի:

ՀՀ  առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի հրամանով լրամշակվել եւ հաստատվել է «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը»: Դրա շնորհիվ հիվանդների համար հասանելի են դարձել մի շարք դեղեր, որոնք մինչ օրս ֆիզիկապես հասանելի չէին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել