• Latest news

Ինչո՞վ են տարբերվում վճարովի եւ անվճար պատվաստումները

21 ապրիլի, 2014  16:17

Որոշ կլինիկաներում այսօր իրականացվում են վճարովի պատվաստումներ, եւ ծնողներից շատերը նկատել են, որ այդ պատվաստումներից հետո երեխաները ավելի քիչ են ջերմում եւ ավելի լավ են իրենց զգում, քան պոլիկլինիկաներում կատարվող անվճարներից հետո։

Ինչո՞վ են տարբերվում վճարովի պատվաստումները պոլիկլինիկաներում արվող անվճարներից։ Արդյո՞ք օգտագործվում են տարբեր պատվաստանյութեր։ Եթե այո, ո՞ր պատվաստանյութերն են ավելի լավ։ Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ։

Պարզվում է, պոլիկլինիկաներում օգտագործվում է հնգավալենտ պատվաստանյութ, որն առաջացնում է իմունիտետ 5 հիվանդությունների նկատմամբ  (դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, Բ տիպի հեմոֆիլուսային վարակի եւ հեպատիտ B-ի), ասաց Գայանե Սահակյանը: Իսկ վճարովի պատվաստումներ կատարող մասնավոր կլինիկաներում օգտագործվում է այլ՝ հեքսավալենտ պատվաստանյութ, որի մեջ վերոհիշյալ 5 հիվանդություններից բացի ներառված է նաեւ պոլիոմիելիտը։

«Այդ պատվաստանյութերը նաեւ տարբերվում են կապույտ հազի անտիգենային բաղադրությամբ։ Եթե հնգավալենտում կա կապույտ հազի 25 բաղադրիչ, ապա հեքսավալենտում ընդամենը 5 բաղադրիչ կա, այսինքն, դրանք շատ բարձր պաշտպանողականություն չեն կարող ապահովել։ Բացի այդ, հնգավալենտ պատվաստանյութը նաեւ հար կապույտ հազի (паракоклюш) դեմ էլ է պայքարում, իսկ հեքսավալենտը՝ ոչ», - ասաց Գայանե Սահակյանը։

Ըստ նրա, հենց կապույտ հազի բաղադրիչների տարբերությամբ է պայմանավորված այն փաստը, որ հնգավալենտ պատվաստանյութը ավելի հաճախ է ջերմային ռեակցիաներ առաջացնում, քան հեքսավալենտը։

«Եթե 10 երեխայի պատվաստենք հնգավալենտով, նրանցից 3-4-ի մոտ կարող է ջերմային ռեակցիա լինել։ Իսկ հեքսավալենտի դեպքում կարող է ընդամենը 1 երեխայի մոտ ջերմային ռեակցիա լինել։ Ինչքան հակածինների՝ անտիգենների քանակը բարձր է պատվաստանյութի մեջ, այնքան սպասվող ռեակցիաների տոկոսը բարձր է լինում», - ասաց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը։

Եթե հեքսավալենտ պատվաստանյութը ավելի վատ է պաշտպանում կապույտ հազից եւ դրա հաշվին ավելի քիչ ռեակցիաներ է առաջացնում, արդյո՞ք այն արժե օգտագործել։ Գայանե Սահակյանն ասաց, որ հեքսավալենտ պատվաստանյութն իրականում լավն է, բայց նա դեմ է, որ դրանով պատվաստվեն առանձին անհատներ, քանի որ այդ երեխաները ավելի խոցելի կլինեն կապույտ հազի դեմ, քան հնգավալենտով պատվաստված երեխաները։ Սակայն եթե երկրում բոլոր երեխաները պատվաստվեն հենց հեքսավալենտով, այսինքն, պետությունը հնգավալենտ պատվաստանյութից անցնի հեքսավալենտին, ամեն ինչ լավ կլինի։

«Անցած տարի ընդամենը մոտ 30-40 երեխա է պատվաստվել հեքսավալենտ պատվաստանյութով։ 42 000-ի մեջ այդ 30-40-ը շատ փոքր թիվ է, եւ այդ երեխաներին մենք արջի ծառայություն ենք մատուցում, այսինքն, նրանց մոտ ոչ լիարժեք իմունիտետ ենք առաջացնում եւ խոցելի ենք դարձնում կապույտ հազի ու հար կապույտ հազի առումով։ Բայց եթե հետագայում բոլոր 42 000 երեխաները միանգամից հեքսավալենտով պատվաստվեն եւ ընդգրկումը մեծ լինի՝ 95 տոկոսից բարձր, մենք կկարողանանք ասել, որ այդ պատվաստումը ավելի լավն է, քան հնգավալենտը», - ասաց Գայանե Սահակյանը։

 

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել