• Latest news

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

22 ապրիլի, 2014  20:06

Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 26-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով.

-պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 միլիոն կյանք է փրկվում,

-պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ 1998 թվականից ի վեր մոտ 5 միլիոն մարդ կարողանում է քայլել, իսկ առաջիկա 40 տարում նրանց թիվը կգերազանցի 10.6 միլիոնը,

​ Արեւմտյան Եվրոպայում կարմրուկով մեկ հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, մինչդեռ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:

Այս նվաճումները, կարծես թե, մարդկանց հանգստացրեցին։ Ձեւավորեց թյուր կարծիք, որ արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլեւս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում դեռեւս կարող են առաջանալ մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Այս առումով հատկանշական են հետեւյալ թվերը եւ փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում (13000 դեպք) եւ ԱՄՆ-ում (միայն 2010թ.` 7000 դեպք, մահվան 10 ելք), պոլիոմիելիտի բռնկում Տաջիկստանում (2010թ.` 458 դեպք, մահվան 29 ելք), Սիրիայում (2014թ.` 17 դեպք)։ 2010 թվականից առ այսօր ողջ աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Տարեկան 2 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից: 2013-2014թթ. կապույտ հազի եւ հարկապույտ հազի համաճարակային իրավիճակի ակտիվացում դիտվել է նաեւ Հայաստանում, որն ուղեկցվել է մահվան 2 դեպքով` չպատվաստված երեխաների մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարհում մինչեւ մեկ տարեկանը 22.4 միլիոն երեխա դեռեւս չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները: 2011 թվականի դրությամբ աշխարհում ԱԿԴՓ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում) պլանային պատվաստումներում երեխաների ընդգրկումը կազմում է ընդամենը 83%՝ թիրախային նվազագույն 95 %-ի փոխարեն:

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, եւ ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:

Պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից այլեւս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր եւ առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել:

Այսօր էլ աշխարհի շատ երկրներում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա եւ այլուր, լուրջ խնդիր են կարմրուկը եւ կարմրախտը: Դեռեւս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ օրս՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց հիվանդացման, վտանգավոր բարդությունների արդյուքում` հաշմանդամության եւ նույնիսկ մահվան:

Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի եւ կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումների ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում, այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2012 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ:

2012 թվականի նոյեմբերից հանրապետությունում իրականացվում են ռոտավիրուսային դիարեաների դեմ պատվաստումներ: Արդյունքում հանրապետությունում նվազել է ռոտավիրուսների շրջանառությունը եւ 2013-2014 թվականների սեզոնային բարձրացումների բարձրակետին (հունվար-մարտ) նախորդ տարիների համեմատությամբ զգալի նվազել են ռոտավիրուսային դիարեաներով հոսպիտալացումները (2012թ. հունվար-մարտ՝ 52-57%, 2013-14թ. հունվար -մարտ՝ 23-20%):

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում եւ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստման ժամկետները:

Թե´ պետության եւ թե´ միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են եւ ունեն ԱՀԿ-ի կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:

Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու եւ տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով` 24-ից մինչեւ 48 ժամ պահպանելով անհրաժեշտ 2-8օ ջերմաստիճանը, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել