• Latest news

Նոր սարքավորումներ, նոր կապեր, նոր տպավորություններ․ Բարեգործական բժշկական առաքելությունը արդեն 4-րդ անգամ է այցելում Հայաստան

6 հոկտեմբերի, 2018  23:44

Հայաստանի հիվանդներին օգնելը, անվճար խորհրդատվությունները եւ վիրահատությունները Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) ոչ բոլոր նպատակներն են: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ում ջանքերով կազմակերպվել է այս առաքելությունը, ասաց, որ Ֆրեզնոյից եկած մասնագետները տեղի բժիշկների հետ նաեւ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը։ Հայաստանցի եւ ամերիկացի բժիշկները կապ են պահպանում նաեւ առաքելության ավարտից հետո, եւ եթե հայաստանցի մասնագետները հարցեր են ունենում, կամ բարդ դեպքերի են հանդիպում, նրանք խորհրդակցում են Ֆրեզնոյի իրենց գործընկերների հետ, ովքեր սիրով խորհուրներ են տալիս եւ կիսվում են իրենց փորձով։

Հայկական բժշկական առաքելությունը 4-րդ անգամ եկավ Հայաստան սեպտեմբերի 28-ին եւ այստեղ կմնա մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Առաքելության կազմում 32 անդամ կա, որոնց մեծ մասը բժիշկներ են, այդ թվում՝ վիրաբույժներ, մանկաբույժներ, գինեկոլոգներ, օտոլարինգոլոգներ։ Հետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Առաքելության կազմում քիչ չեն մարդիկ, ովքեր մինչեւ Պերճ Աբգարյանի հետ հանդիպումը չէին էլ լսել Հայաստանի մասին։

Մեկ անգամ գալով այստեղ եւ ծանոթանալով Հայաստանի պատմությանը, իմանալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, ծանոթանալով ժամանակակից Հայաստանին՝ բժիշկների մեծ մասը հաջորդ առաքելությանը եւս մասնակցելու ցանկություն է հայտնում, իսկ ոմանք էլ մենակ չեն վերադառնում։ Օրինակ, բժիշկ Բոբի Էգբալիխը, ով այստեղ էր եկել անցյալ տարի, այս տարի իր հետ բերել է եղբորը՝ բժիշկ Սամի Էգբալիխին։ Իսկ մյուս տարի նրանք պատրաստվում են գալ իրենց երրորդ եղբոր հետ, ով նույնպես բժիշկ է։

«Այս բժիշկները կամավորների կարգավիճակով են գալիս Հայաստան, նրանց ոչ ոք դրա համար չի վճարում, հակառակը, ոմանք զրկվում են եկամտից, քանի որ երկու շաբաթ չեն աշխատում։ Բայց նրանք պատրաստակամորեն գալիս են՝ այստեղ մարդկանց օգնելու համար»,- պատմեց Պերճ Աբգարյանը։

Այս տարի, նրա խոսքերով, առաքելությանն առավել գրկաբաց ընդունեցին՝ օդանավակայնում նրանց սպասում էին սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երեխաների պարային խումբ՝ ազգային հագուստներով։

«Այդ հանդիպումը մեր սրտերը լցրեց ջերմությամբ։ Այն մեկ անգամ եւս ցույց տվեց, որ սփյուռքը եւ հայրենիքը, չնայած բաժանող տարածությանը, մեկ ամբողջություն են։ Որտեղ էլ լինենք, մենք միասին կաշխատենք հանուն մեր հայրենիքի, հանուն ապագայի»,- նշեց Պերճ Աբգարյանը։

Այցի ընթացքում նա նաեւ հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ. բարեհամբույր ու ջերմ մթնոլորտում քննարկել են հետագա ծրագրերն ու պլանները։

Այս առաքելությունները հնարավոր դարձան շնորհիվ Ֆրեզնոյի հայկական համայնքի ֆինանսական աջակցության. համայնքը վճարում է ոչ միայն ճանապարհածախսը եւ Հայաստանում ամերիկյան բժիշկների ապրելու ծախսը, այլեւ սարքավորումներ է ձեռք բերում մարզային հիվանդանոցների համար։

Առնվազն կես միլիոն դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներով լի 12 մետրանոց բեռնատարը Ֆրեզնոյից դեռեւս ամառն էր դուրս է եկել։ Հիմա արդեն այն հասել է Հայաստան, սակայն մինչեւ այն բացելը անհրաժեշտ է ինչ-ինչ հարցեր լուծել՝ կապված բեռնատարով տեղափոխված իրերի մաքսային ձեւակերպումների հետ։ Այդ ուղղությամբ արդեն աշխատում են, եւ առաքելության մասնակիցները հուսով են, որ մինչեւ իրենց մեկնելը բոլոր խնդիրները կլուծվեն։

Բեռնատարում, ինչպես նշեց Պերճ Աբգարյանը, վիրահատական գործիքներ են, այդ թվում՝ լապարասկոպիկ, հիվանդանոցային մահճակալներ, ռենտգենի սարքավորումներ եւ շատ-շատ այլ բաներ։ Այդ ամբողջը, որպես նվեր, կփոխանցվի Հայաստանի բժշկական կենտրոններին։

Բժիշկները Ֆրեզնոյից իրենց հետ բերել են նաեւ դեղորայք, որով ապահովում են դրանց կարիքն ունեցողներին, խրոնիկ հիվանդությունների դեպքում՝ մոտ մեկ տարվա կտրվածքով։

Մի քանի օր բժիշկներն աշխատել են Հայաստանի մարզերի հիվանդանոցներում։ Աշտարակի բժշկական կենտրոնում, օրինակ, նրանք մի քանի հարյուր հիվանդների են զննել եւ բազմաթիվ վիրահատություններ կատարել։ Վիրաբույժները, բնականաբար անվճար են վիրահատել, սակայն ուշագրավ է, որ հիվանդները ստիպված չեն եղել վճարել նաեւ հիվանդասենյակների, անալիզների, եւ որեւէ այլ բանի համար․ ամեն ինչ իր վրա է վերցրել բուժկենտրոնը։

Առաքելությունը նաեւ վերանորոգել է Աշտարակի ԲԿ-ի ծնարանը՝ հագեցնելով այն ժամանակակից սարքավորումներով։ Բուժկենտրոնը նաեւ վիրահատական սեղան եւ ավտոկլավ է նվեր ստացել։

Մասիս քաղաքի բժշկական կենտրոնն իր հերթին ստացել է նորացված, նոր սարքավորումներով հագեցած ակնաբուժական բաժանմունք։ 30 տարի այդ բաժանմունքը ղեկավարել է առաքելության անդամներից Նունե Պետրոսյանի մայրը՝ Մարիետա Պետրոսյանը, ում հիշատակին էլ վերանորոգվել է բաժանմունքը։

Առաքելության շրջանակում կազմակերպչական հարցերով զբաղվել է բժիշկ Վաչե Վասիլյանը, ով երկար ամիսներ շփվել է Հայաստանի բուժհաստատությունների հետ, պարզել է, թե որտեղ ինչ սարքավորում է պահանջվում, եւ որտեղ ինչ մասնագետ։

Որոշ բուժհաստատություններ, բժշկի խոսքերով, պատրաստակամ համագործակցել են առաքելության հետ, հիվանդներ են հավաքել, նրանց համար ամեն հնարավոր բան արել են։ Սակայն, եղել են հաստատություններ, որտեղից Վասիլյանին պատասխանել են, թե հիվանդներ չունեն, ԱՄն-ից բժիշկների կարիք էլ չեն տեսնում։

Առաքելության որոշ բժիշկներ արդեն մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հաջորդ շաբաթվա ընթացքում այնտեղ աշխատեն։ Եւս մի քանի բժիշկներ էլ հոկտեմբերի 7-ին կմեկնեն այնտեղ։ Մի քանի բժիշկներ էլ կմնան Հայաստանի բուժհաստատություններում եւ մինչեւ առաքելության ավարտը անվճար բուժօգնություն կցուցաբերեն հիվանդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է