• Latest news

Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն է բացվելու. տարեկան 100 հոգի ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի (ֆոտո)

16 հունիսի, 2014  16:50

Երեւանի Արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք է բացվելու: Այս բաժանմունքն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման բաղադրիչի ղեկավար Դավիթ Մելիք-Նուբարյանը, կենտրոնի կառուցման ավարտը նախատեսված է 2016 թվականին, բայց, նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ կենտրոնը պատրաստ կլինի ավելի շուտ, որպեսզի ոսկրածուծի փոխներարկման կարիք ունեցող մարդիկ կարողանան հնարավորինս շուտ իրենց անհրաժեշտ բուժումը ստանալ:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ շատ հիվանդություններ կան, որոնց ժամանակ ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ: Մասնավորապես, լեյկեմիայի, թալասսեմիաների, ապլաստիկ անեմիաների եւ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ որոշ դեպքերում ցուցված է ոսկրածուծի փոխպատվաստում: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեկան մոտ 100 հիվանդ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի: Մինչեւ այժմ մեր երկրում նման վիրահատություններ իրականացնելու հնարավորություն չկար, սակայն նոր կենտրոնն այդ հնարավորությունը վերջապես կստեղծի:

Կենտրոնի կառուցման եւ բացման աշխատանքներին ընդառաջ այսօր, հունիսի 16-ին, Արյունաբանական կենտրոն են այցելել Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Պետր Ցետկովսկին եւ նույն ինստիտուտի փոխպատվաստման բաժանմունքի ղեկաված դոկտոր Անտոնին Վիտեկը՝ կենտրոնի հետ կապված հարցերն ու խնդիրները հայ մասնագետների հետ քննարկելու համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա պաշտոնական այցի ժամանակ Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի եւ Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, Արյունաբանական կենտրոնի մասնագետների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Պետր Ցետկովսկին ասաց, որ նրանք իրենց կողմից կանեն ամեն ինչ՝ ոսկրածուծի փոխներարկման կենտրոնի բացմանն օգնելու համար: Նրա խոսքով՝ Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտը կաջակցի հայ մասնագետների՝ բժիշկների, բուժքույրերի եւ լաբորատորիայի աշխատակիցների վերապատրաստման հարցում:

«Շատ կարեւոր է ոչ միայն գիտենալ, թե ինչպես կատարել փոխներարկումը, այլեւ կարողանալ վերահսկել պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո՝ խնդիրներից եւ բարդություններից խուսափելու համար», - ասաց Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի տնօրենը:

Իր հերթին Դավիթ Մելիք-Նուբարյանը Չեխիայից ժամանած մասնագետներին ներկայացրեց նոր կենտրոնի նախագիծը, պատմեց դրա ներքին կառուցվածքի, լաբորատորիայի, հիվանդասենյակների եւ աշխատանքների կազմակերպման մասին:

Թե Չեխիայի մասնագետներին, թե ոսկրածուծի փոխներարկման կարիք ունեցող մարդկանց եւս մեկ հարց էր հետաքրքրում. ո՞վ եւ ինչպե՞ս է վճարելու այդ վիրահատությունների համար, չէ՞ որ նման վիրահատությունները, որպես կանոն, բավական թանկարժեք են:

Ինչպես նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը, վճարման հարցը դեռ քննարկման փուլում է գտնվում, բայց հնարավոր է, որ գործածվի նույն մոդելը, որը կիրառվում է երիկամի փոխպատվաստման ոլորտում, այսինքն, գումարի որոշ մասը վճարվի պետական բյուջեից, որոշ մասը՝ հատուկ հիմնադրամից, իսկ մնացածը վճարի հիվանդը: Հնարավոր է նաեւ, որ ոսկրածուծի տրանսպլանտացիայի վճարումն իր վրա վերցնի բժշկական ապահովագրությունը, որը շատ հնարավոր է, որ ներդրվի երկրում մինչեւ այս կենտրոնի բացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել