• Latest news

Երաժշտությունը բարելավում է անհաս երեխաների ուղեղի գործունեությունը. հետազոտություն

31 մայիսի, 2019  14:10

Ժնեւի համալսարանի եւ Ժնեւի համալսարանական հիվանդանոցների գիտնականների թիմը պարզել է, որ երաժշտությունը բարերար ազդեցություն է ունենում անհաս երեխաների ուղեղի վրա։ Ինչպես հայտնի է, փոքրիկները, որոնք ժամանակից շուտ են ծնվում, ենթակա են նեյրոհոգեբանական խանգարումների զարգացման վտանգին։

Հետազոտության շրջանակում շվեյցարացի մասնագետները համագործակցել են կոմպոզիտոր Անդրեաս Ֆոլենվայդերի հետ։ Գիտնականների մտահղացմամբ՝ քնից առաջ եւ արթնանալիս փոքրիկների համար պետք է հնչեն տարբեր մեղեդիներ։ Երաժշտական գործիքները, որոնք օգտագործվել են կոմպոզիցիան գրելիս, ընտրվել են փորձի հիման վրա. կոմպոզիտորն ինքն է նվագել այդ գործիքներով անհաս երեխաների համար եւ կողմնորոշվել նրանց արձագանքով։ Այդ գործում նրան օգնել է մանկական զարգացման ոլորտում մասնագիտացած բուժքույրը։

Առավել արդյունավետ գործիքը հնդիկ օձահմաների ֆլեյտան էր, որի հնչյունները հանգստացնում էին անգամ խիստ նյարդային փոքրիկներին։ Բացի ֆլեյտայից, Ֆոլենվայդերն իր ստեղծագործություններում օգտագործում էր տավիղ եւ զանգակներ։ Արդյունքում՝ ստեղծվեցին երեք մեղեդիներ, ամեն մեկն ութ րոպե։

Փորձի շրջանակում անհաս երեխաներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի նորածինները մեկ շաբաթում անցել են երաժշտական թերապիայի հինգ սեանս, իսկ երկրորդ խմբի փոքրիկները երաժշտություն չեն լսել։ 40 շաբաթ հետո գիտնականները ՄՌՏ-ի օգնությամբ գնահատել են փորձարկվողների ուղեղի զարգացումը եւ համեմատել նրանց առողջ եւ ժամանակին ծնված երեխաների ուղեղի ցուցանիշների հետ։

Պարզվել է, որ երաժշտություն չլսած երեխաների ուղեղն ավելի թույլ գործառնական կապեր ուներ ուղեղի տարբեր մասերի միջեւ ժամանակին ծնված երեխաների համեմատ։ Իսկ ահա փոքրիկների նեյրոնային ցանցերը, որոնք անցել էին երաժշտական թերապիա, զգալիորեն բարելավել են իրենց աշխատանքը։

Փորձից անցել է վեց տարի, եւ գիտնականները ծրագրում են նորից ուսումնասիրել հետազոտության արդեն մեծացած մասնակիցների ուղեղը։ Ստացված տեղեկությունը կօգնի ամբողջացնել փորձի պատկերը, չէ՞ որ այդ տարիքում կարող են դրսեւորվել կոգնիտիվ խնդիրներ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել