• Latest news

Հայաստանի 16 տարեկանից բարձր բնակչության շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն

10 հոկտեմբերի, 2019  17:29

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Տեսողության համաշխարհային օրն առիթ է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` ներկայացնելով տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այս տարի` կառավարության թիվ 318-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, հուլիսի 4-ից  ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, մինչև 18 տարեկան երեխաների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ժամկետային պարտադիր զինծառայողների և   ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և մի շարք այլ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա և աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում) բժշկական ծառայություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Միաժամանակ, Տեսողության համաշխարհային օրվա շրջանակում առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այցելել է Հայկական ակնաբուժության նախագծի՝ Աչքի շարժական հիվանդանոցը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի Բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Փոխնախարարը ծանոթացել է հիվանդանոցում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ ԲՀ) կողմից իրականացվող՝ ակնահատակի անվճար զննումներին և վիրահատություններին: Այնուհետև, այցելել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ տեղակայված է ՀԱՆ ԲՀ—ի՝ ակնահատակ նկարելու սարքը, որի միջոցով դիաբետ ունեցող անձանց համար ակնահատակի զննման աշխատանքներ են անցկացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է