• Latest news

Սփյուռքը կարող է օգնել բարելավել Հայաստանի առողջապահական համակա՞րգը

7 հուլիսի, 2014  21:28

Այսօր, հուլիսի 7-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում եւ սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինար: Սեմինարի զեկուցողը մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանն էր՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից (UCLA), իսկ կազմակերպված էր սեմինարը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից:

Շանթ Շեխերդիմյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեմինարի հիմնական նպատակն է փնտրել եւ փորձել գտնել ճանապարհներ՝ Հայաստանի առողջապահության ոլորտում սփյուռքի ներգրավվածությունը մեծացնելու համար:

Շանթ Շեխերդիմյանի կարծիքով՝ Հայաստանի առողջապահության ոլորտը բարելավման կարիք ունի, եւ սփյուռքը կարող է օգնել այս հարցում: Սակայն խնդիրն այն է, որ այս պահին երկրում չկա մի համակարգ, որը կօգնի կազմակերպել կապերը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ:

Իր զեկույցի ընթացքում բժիշկը այս խնդրի լուծման մի քանի ճանապարհ է առաջարկել, որոնցից է, օրինակ, գաղափարը ստեղծել մի ինստիտուտ, որն ասես միջնորդ կլինի Հայաստանի եւ այլ երկրների միջեւ եւ կօգնի կազմակերպել այդ կապերը: Եթե, օրինակ, լինի մի սփյուռքահայ բժիշկ, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության զարգացման մեջ, նա կարող է դռնեռուռ՝ հիվանդանոցից հիվանդանոց ընկնելու փոխարեն միանգամից դիմել այդ կազմակերպությանը, որը կօգնի գտնել ճանապարհներ՝ այդ բժիշկի պոտենցիալը հնարավորինս էֆֆեկտիվ կերպով օգտագործելու համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ սփյուռքը իրոք կարող է աջակցել Հայաստանին՝ առողջապահության համակարգի բարելավման գործում՝ Հայաստան բերելով այլ երկրների ավելի կայացած առողջապահական համակարգերի փորձը: Բացի այդ, սփյուռքում կան բազմաթիվ հանրաճանաչ մասնագետներ, ովքեր կարող են իրենց փորձը եւ գիտելիքները բերել Հայաստան:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գեւորգ Յաղջյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նույնպես կարեւորեց սփյուռքահայ մասնագետների մասնակցությունը՝ մեր առողջապահության համակարգի բարելավման հարցերում:

«Մեր նպատակն է ընդգրկել սփյուռքահայերին առողջապահական ռեֆորմների մեջ, տալ հնարավորթյուն, որ նրանք իրենց գիտելիքներն ու ինտելլեկտուալ պոտենցիալը օգտագործեն», - ասաց Գեւորգ Յաղջյանը:

Նա նաեւ նշեց, որ մրցունակության հիմնադրամն արդեն ունի սփյուռքի հետ համագործակցելու շատ հաջողված փորձ, այդ պատճառով, սփյուռքահայության հետագա ընդգրկումն այս ասպարեզում նույնպես շատ լավ գաղափար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել