• Latest news

Արթրիտի պատճառած ցավը հավելյալ քաշ ունեցողների մոտ առավել զգալի է

9 հուլիսի, 2014  15:07

Ծնկային արթրիտ ունեցող՝ հավելյալ քաշի տեր մարդիկ, հոդերի քրոնիկ հիվանդությամբ տառապող բարեկազմ մարդկանց համեմատ, առավել զգալի ցավեր են կրում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ առավել ծանր քաշ ունեցող մարդկանց, հատկապես՝ կանանց մոտ օստեոարթրիտի առաջացման հավանականությունը նշանակալիորեն բարձր է:

Հիմա արդեն պարզվում է՝ մարմնի զանգվածի՝ քաշի եւ հասակի հարաբերության բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ, արթրիտի նույն բարդության պայմաններում, ավելի շատ ցավ են զգում, քան նրանք, ում քաշը նորմալ է:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գտնվող Սան Խոսեի պետական համալսարանի մարդաբան Էլիզաբեթ Ուայսը անցյալ սերունդների ոսկորներն է ուսումնասիրում: Նրա խոսքով, անկախ տեղադրությունից եւ տարեթվից, մարդիկ բոլոր ժամանակներում էլ ծանոթ են եղել օստեոարթրիտի պատճառած ցավերին:

Այս հիվանդությունն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ մարմնի տարբեր հատվածներում՝ ձեռքերում, պարանոցում, ծնկներում եւ ազդրերում առկա հոդերի շուրջ գտնվող, պաշտպանական գործառույթ իրականացնող աճառը մաշվում է՝ հնարավորություն տալով, որ ոսկորները միմյանց շփվեն, ինչի արդյունքում մարդու յուրաքանչյուր տեղաշարժ ցավ է պատճառում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, ԱՄՆ 25 տարեկանից բարձր բնակիչների շուրջ 14 տոկոսը օստեոարթրիտի նշաններ ունի:.

Էլիզաբեթ Ուայսը հետազոտություն է անցկացրել 45-79 տարեկան 5000 մարդկանց շրջանում, որոնցից 1390-ի մոտ ծնկային օստեոարթրիտ է ախտորոշվել, 3284-ը հիվանդության զարգացման ռիսկային խմբում են գտնվել, եւ միայն 122-ը՝ միանգամայն առողջ:

Մասնակիցները նախ ռենտգեն հետազոտության են ենթարկվել՝ հիվանդության բարդությունը պարզելու նպատակով: Այնուհետեւ նրանց մարմնի զանգվածի գործակցի եւ առօրյա գործողությունների ժամանակ զգացնել տվող ցավի վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդության բարդության չորս խմբերից յուրաքանչյուրում ներառված մարդիկ, կախված մարմնի զանգվածի ցուցանիշից, տարբեր աստիճանի ցավեր են կրել:

Հավելյալ քաշը կարող է ավելացնել ճնշումը ծնկի հոդերի վրա, որոնք, պաշտպանիչ աճառի անհրաժեշտ քանակի բացակայության դեպքում, տեղաշարժվելիս սկսում են ավելի ու ավելի մեծ ցավ պատճառել: Բացի այդ, ցավի պատճառը կարող է նաեւ գերքաշության հետ կապված որոշ հորմոնների առկայությունը լինել:

Այնպես որ, չնայած օստեոարթրիտը անդառնալի հետեւանքներ պատճառող պրոգրեսիվ հիվանդություն է, հավելյալ քաշի կորուստը կարող է հիվանդության պատճառած ցավը մեղմելու հնարավորություն ընձեռել: Համենայն դեպս՝ նույնիսկ վիրաբույժները, որպես լուծում, նախընտրում են հիվանդների համար նիհարելու միջոց գտնել, քան՝ վիրահատել: Ճիշտ է՝ թերապեւտիկ միջոցառումներ եւս գոյություն ունեն՝ ցավազրկողների եւ հակաբորբոքային օգնությամբ ցավը որոշակիորեն կարող եք մեղմել, բայց ի՞նչ կլինի, եթե դրան էլ գումարած՝ մի քանի կգ քաշ գցեք: Չէ՞ որ այդ դեպքում կկարողանաք ավելի հեշտ ու շատ շարժվել, ինչի արդյունքում եւս մի քանի կիլոգրամից կկարողանաք ազատվել: Եւ այդպես շարունակ:

Ճիշտ է՝ նախնական փուլում դժվար կլինի ֆիզիկական ակտիվության օգնությամբ քաշ կորցնել, ոստի Էլիզաբեթ Ուայսը խորհուրդ է տալիս սննդակարգի օգնությանը դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է