• Latest news

Ի՞նչ է էնտերովիրուսը եւ ինչպե՞ս ճանաչել վարակը

9 հուլիսի, 2014  16:09

Էնտերովիրուսային վարակները սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնց հարուցիչները էնտերովիրուսներն են։ Այդ վիրուսները պատկանում են պիկորնավիրուսների ընտանիքին եւ բավական բազմաթիվ են։ Այսօր NEWS.am Medicine-ը կպատմի այն մասին, թե ինչ առանձնահատկություններ ունեն էնտերովիրուսները եւ ինչ ախտանիշներով է կարելի տարբերել էնտերովիրուսային վարակը։

Առանձնահատկությունները

Էնտերովիրուսները երկու առանձնահատկություն ունեն, որոնց մասին լրագրողներին պատմեց Ազգային իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

1. Էնտերովիրուսները տարածվում են գրեթե բոլոր հնարավոր ճանապարհներով՝ օդի միջոցով՝ որպես օդակաթիլային ինֆեկցիա, կոնտակտ-կենցաղային ճանապարհով՝ ձեռքերի կամ տարատեսակ առարկաների միջոցով։ Այն կարող է նաեւ փոխանցվել աղիքային վարակներին բնորոշ ճանապարհով՝ սննդի միջոցով։

2. Վիրուսը կրող ու այն տարածող մարդը կարող է առողջ վիրուսակիր լինել՝ այսինքն, չունենալ ոչ մի արտասովոր ախտանիշ եւ հիվանդ չլինել, սակայն վարակել շրջապատի մարդկանց։

Ախտանիշները. ինչպե՞ս ճանաչել վարակը

Քանի որ էնտերովիրուսային վարակը շատ բազմադեմ է, դրա ախտանիշները կախված են այն բանից, թե ինչ ճանապարհով է հիվանդը վարակվել։ Եթե, օրինակ, վիրուսը օրգանիզմ է ներթափանցել օդակաթիլային ճանապարհով, այն կարող է սուր շնչառական հիվանդություններին կամ հարբուխին բնորոշ ախտանիշներ առաջացնել։ Եթե վարակն անցել է աղիքային ճանապարհով, այն կարող է առաջացնել աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշներ՝ ջերմություն, փսխում, որովայնի շրջանում ցավեր, փորլուծություն։

Սովորաբար էնտերովիրուսային վարակի ախտանիշներ են համարվում թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձեւ բարձրացումը, որովայնում ցավերը, սրտխառնոցը, փսխումը եւ այլն։ Իհարկե, այս ախտանիշների առկայությունը չի նշանակում, որ Ձեզ մոտ անպայման էնտերովիրուսային վարակ է. հնարավոր է, Դուք ուղղակի մրսել կամ թունավորվել եք։ Սակայն եթե անհանգստանում եք, գուցե արժե բժշկի դիմել եւ պարզել ախտանիշների իրական պատճառը՝ դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր բարդություններից։

Բարդությունները

Էնտերովիրուսային վարակների ամենածանր եւ ամենալուրջ բարդությունն է համարվում մենինգիտը՝ ուղեղի թաղանթի բորբոքումը։

Մենինգիտի հիմնական ախտանիշներն են ուժեղ, անտանելի գլխացավը, որը չի անցնում ցավազրկողներ ընդունելուց հետո, բարձր ջերմություն, անզուսպ փսխումներ, պարանոցի մկանների կարկամածություն։ Այս ախտանիշների դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել՝ պետք է դիմել մասնագիտական բժշկական օգնության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել