• Latest news

Տղամարդիկ ուղեղի մոխրագույն զանգվածի ցածր խտություն ունեն

11 հուլիսի, 2014  16:04

Ուղեղի նեյրոգիտական բացատրությունները հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել: Օրգանի գործառնությունները եւ մարդու վարքագծի վրա դրանց ազդեցության եղանակները կարծես թե բոլորին են հետաքրքրում: Գիտնականներն էլ, իրենց հերթին, ժամանակ առ ժամանակ նոր բացահայտումներ են կատարում՝ ուղեղի հատվածների եւ դրանց նպատակների վերաբերյալ: Օրինակ՝ ամիգդալան (նշիկ), որ օրգանի ամենախորքերում է թաքնված, այն վայրն է, որտեղ մեր զգացմունքներն ենք թողարկվում: Այն տղամարդու ամլացման դեպքում 30 տոկոսով կրճատվելու հատկություն ունի: Իսկ ահա հիպոկամպը, որն արտաքինից ծովաձիու է նման, մեր հիշողությունների շտեմարանն է եւ Ալցհեյմերի հիվանդության դեպքում առաջինն է ախտահարվում, հաղորդում է Medical Daily-ն:

Ուղեղի մասին խոսելիս առաջին հերթին դրա մոխրագույն եւ սպիտակ զանգվածների մասին ենք հիշում, իսկ թե ինչով են դրանք միմյանցից տարբերվում՝ քչերը գիտեն: Առավել եւս քչերն են տեղյակ, որ կանանց մոտ մոխրագույն զանգվածի խտությունը, տղամարդկանց համեմատությամբ, նշանակալիորեն բարձր է: Իսկ արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ սպիտակ զանգված եւ ողնուղեղային հեղուկ ունեն: Նախքան տարբերությունների ընկալումը, փորձենք ուղեղի հիմնական կառույցը մտաբերել:

Միջին ուղեղը մոտավորապես 1.3 կգ է կշռում: Գիտնականները օրգանի երեք հիմնական հատվածներ են տարբերակում՝ բուն ուղեղ, ուղեղիկ եւ ուղեղաբուն: Բուն ուղեղը, որ աջ եւ ձախ կիսագնդերից է բաղկացած, մոխրագույն եւ սպիտակ զանգվածներ է պարունակում: Մոխրագույն զանգվածները՝ խիտ նյարդային բջիջների տեսքով, բուն ուղեղի արտաքին շերտի՝ կեղեւի բաղադրության մեջ են մտնում եւ հիշողության, ուշադրության, ընկալունակության, մտքի, լեզվամտածողության եւ գիտակցության համար են պատասխանատու: Ուղեղին մատակարարված թթվածնի շուրջ 95 տոկոսը հենց մոխրագույն զանգվածին է բաժին հասնում: Ընդհանուր առմամբ, բուն ուղեղի ծավալի 40 տոկոսը մոխրագույն զանգվածն է զբաղեցնում, իսկ մնացած 60 տոկոսը՝ սպիտակը:

Արտաքին միջավայրից միելինային թաղանթով մեկուսացված երկար նյարդային բջջանյութերը, որոնք «սպիտակ զանգված» անունն են ստացել, բուն ուղեղի ստորին շերտերում են տեղավորված: Միելինի շնորհիվ դրանք ոչ միայն առանձնահատուկ երանգ, այլ նաեւ՝ նյարդային աքսոնների երկայնքով հաղորդվող էլեկտրական ազդակների հոսքն արագացնելու կարողություն են ստանում: Սպիտակ զանգվածն այնպիսի կարեւոր կառույցներ է պարունակում, ինչպիսի եք թալամուսն ու հիպոթալամուսը: Բացի այդ, այն մարմնի տարբեր հատվածներից ստացված տեղեկությունները ուղեղի կեղեւին հաղորդելու եւ այլ՝ ավտոնոմ (սրտի աշխատանք, մարմնի ջերմաստիճան) գործառույթներ է  իրականացնում: 

Ուղեղը, ընդհանուր առմամբ, ներսից դուրս է աշխատում: Ներքին շերտը մարմնի այլ հատվածների եւ մոխրագույն զանգվածի կապն է ապահովում, իսկ ստացված տեղեկատվության մշակման գործընթացն արդեն արտաքին շերտում է տեղի ունենում:

Փենսիլվանիայի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են ձեռնարկել 18-45 տարեկան 80 առողջ մարդկանց շրջանում եւ պարզել, որ կանայք, տղամարդկանց համեմատությամբ,  մոխրագույն զանգվածի նշանակալիորեն բարձր եւ սպիտակ զանգվածի՝ ցածր խտություն ունեն: Վերջին տարբերության պատճառը թերեւս այն է, որ իգական սեռի ներկայացուցիչների ներգանգային տարածքը համեմատաբար փոքր է, հետեւապես՝ տեղեկատվության փոխանցման համար ավելի քիչ «հաղորդիչներ» են հարկավոր:

Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ կանայք ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերի միջեւ առավել բարձր փոխկապակցվածություն ունեն, մինչ տղամարդկանց մոտ յուրաքանչյուր կիսագնդի առջեւի եւ հետեւի հատվածներն են առավելապես փոխկապակցված: Սա այն բանի մասին է վկայում, որ տղամարդիկ ընկալման եւ կոորդինացված գործողությունների միջեւ են արդյունավետ կապ ապահովում, իսկ կանայք՝ վերլուծական եւ նախաձեռնողական գործընթացների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել