• Latest news

Ամառային տխրություն. 5 խորհուրդ՝ երջանկությունը հետ բերելու համար

13 հուլիսի, 2014  15:50

NEWS.am Medicine-ը Նյու-Յորքի հեղինակավոր հոգեբաններից մեկի՝ Ջենիֆեր Թայթսի՝ FoxNews-ի ինտերնետային կայքում վերոհիշյալ վերտառությամբ հրապարակված հոդվածն է ներկայացնում.

Ամեն տարի ամռան ամիսներին հոգեբանի օգնությանը դիմողներից շատերի մոտ հուսահատության նշաններ են զգացվում, քանի որ, իրենց իսկ խոսքով՝ այնքան երջանիկ չեն, որքան հույս ունեին, որ պետք է լինեն»: Հիվանդներիցս մեկը, օրինակ, որին պայմանականորեն Քրիս կանվանեմ, բողոքում է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով այս տարի լողափ մեկնելու հնարավորություն չի ունենա եւ այդ պատճառով դժբախտ է համարում իրեն: Իսկ մյուսը, պայմանականորեն՝ Լեսլին, փողոցում, համերգներին եւ այլ հասարակական վայրերում զույգեր տեսնելիս է իր դժբախտության չափաբաժին համտեսում, քանի որ «ամառը միայնակ կնոջ համար չէ»:

Որոշներն էլ սոցիալական ցանցերում ծանոթների՝ այս կամ այն հանգստավայրում արված լուսանկարները տեսնելով են տխրություն ապրում: Նախ ցանկանում եմ հանգստացնել այդ մարդկանց՝ «ամառային տխրությունը» հազվադեպ հիվանդություն չէ. ասել է, թե՝ այդ հարցում բոլորովին էլ միայնակ չեք:

Ես այդպիսի հիվանդներին միշտ խորհուրդ եմ տալիս այլոց պլանները «բաց թողնելու» համար տանջվելու փոխարեն սեփականը կառուցել: Խոսքը թե անձնական, եւ թե մասնագիտական կյանքի մասին է: Միգուցե ժամանակն է հետաձգված նախագծերից որեւէ մեկի՞ն անդրադառնալ, կամ էլ՝ խորդանո՞ցը մաքրել: Որեւէ նպատակ հետապնդելու դեպքում Facebook-ում հայտնվող լուսանկարներն այլեւս անկարեւոր եւ ձեր կողմից ձեռնարկված գործողությունների հետ համեմատելի կդառնան:

Ամառային տխրությունը հաղթահարելու համար հետեւյալ 5 ընդհանուր խորհուրդներն եմ առաջարկում.

1. Հեռանկարային մտածողություն ցուցաբերեք

Հիշեք, որ ոչ ոք իր կյանքի «վատ» պահերը երբեք լուսանկարով չի ֆիքսում: Ասել է թե՝ սոցիալական կայքերում հայտնված լուսանկարներն ընդամենը մի քանի երջանիկ դրվագներ են, որոնց կարող են ընտանեկան խնդիրները, ուժեղ գլխացավը կամ քրտնաջան աշխատանքը նախորդել: Իսկ այդպիսի դրական դրվագներ ձեր կյանքում էլ հաճախ են լինում:

2. Համեմատվելու փոխարեն՝ շնորհակալ եղեք

Երջանիկ ընկերները կամ սիրահար անցորդները, ինչպես նկատեցիք, նույնպես կարող են ամառային տխրություն առաջացնել: Երբ նախանձի շարժ եք զգում, անմիջապես ձեր կյանքի բոլոր այն հանգամանքները գրի առեք, որոնց շնորհիվ բախտավոր եք զգում, լինի դա առողջություն, ինքնիրացման հնարավորություն ընձեռող աշխատանք, հոբբի կամ հարաբերության որեւէ տեսակ:

3. Փոփոխություն նախաձեռնեք

Ամառային տխրության պատճառը կարող է բացառման զգացումը լինել: Երբ թվում է՝ բոլորն անխտիր զվարճանում են, բացի ձեզնից: Այնինչ սեփական «զվարճանքը» ստեղծելու համար այնքան քիչ պրոակտիվ էներգիա է հարկավոր, որ պասիվ դիտարկմանը տրվելու փոխարեն՝ իքներդ էլ կարող եք զվարճացողների շարքին անցնել:

Նախ՝ փորձեք շրջապատի մարդկանց հետ առավել հաճախ շփվել: Նույնիսկ եթե տանը հյուր ընդունելու սիրահար չեք, փորձեք այս կամ այն վայրում սեփական հավաքույթը կամ արշավը կազմակերպել, ինչի շնորհիվ գերագույն բավարարվածություն ստանալու հնարավորություն կունենաք: Իսկ եթե սուղ միջոցները դրա հնարավորությունն անգամ չեն տալիս, այգում՝ որեւէ սեղանի խաղ, տանը՝ ֆիլմի դիտում կամ երեկոյան զբոսանք նախաձեռնեք՝ երջանկության զգացումը հետ բերելու համար:

4. Ժամանակը իմաստով լցրեք

Եթե սուղ միջոցները Հարավային Ամերիկա կամ Հնդկաստան մեկնելու հնարավորություն չեն տալիս, ամռան ամիսներին ազատ ժամանակը որեւէ իմաստով լցնելու անհրաժեշտություն է ծագում: Փորձեք հասարակական կազմակերպություններից մեկի հետ աշխատել, որոնց կամավորներ են հարկավոր: Այս կերպ նույնքան հոգեկան բավարարվածություն կստանաք, որքան մյուսները լողափին մեկ շաբաթ անցկացնելու հետո են ստանում:

5. Խիզախ եղեք

Եթե ծանոթներից որեւէ մեկը հավաքույթ կամ արշավ է կազմակերպում, մոտեցեք եւ մասնակցելու թույլտվություն խնդրեք: Պատասխանը կարող է ոչ լինել, բայց եթե խիզախություն չգտնեք ձեր մեջ՝ միգուցե հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորությունից զրկվեք: Նույնիսկ երկօրյա հանգիստը տանը մնալուց անհամեմատ հաճելի զբաղմունք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել