• Latest news

Ինչո՞ւ են հայ տղամարդիկ ամաչում նիհարել

23 հուլիսի, 2014  10:40

Ռամբլեր փոստային ծառայության օգտատերերը հաճախ են բազմակի հասցեատերերի ուղղված՝ ականջողի օգնությամբ նիհարելու առաջարկ պարունակող նամակներ ստանում: Ի վերջո ի՞նչ հրաշագործ ականջօղի մասին է խոսքը, ինչպե՞ս եւ որքա՞ն արդյունավետ է այն գործում, եւ արդյո՞ք լայն տարածում ունի ինչպես հայ, այնպես էլ ռուս օգտատերերի շրջանում: Հիշյալ հարցերի պատասխանները գտնելու նպատակով ասեղաբույժ (ռեֆլեքսոթերապեւտ) Իննա Հարությունովայի օգնությանը դիմեցինք:

Պարզվեց՝ խոսքը ոչ թե ականջօղի, այլ ականջի խեցու մեջ մտցվող եւ արտաքին սպեղանու օգնությամբ ամրակցվող միկրոասեղի մասին է: Եւ այն, ինչ հասարակության շրջանում «նիհարեցնող ականջող» անունն է ստացել, բժշկության մեջ աուլոկիլոթերապիա անունն ունի եւ ականջի խեցու մակերեսին գտնվող ակտիվ կենսաբանական (ռեֆլեկտոր) կետերի վրա ասեղի ազդեցությամբ նիհարեցում է ենթադրում:

Ընդ որում, աուլոկիլոթերապիայի օգնությանը միայն նիհարելու նպատակով չեն դիմում: Այդ կերպ կարելի է նաեւ մի շարք հիվանդություններ բուժել, քանի որ ականջի խեցու մակերեսին մարդու բոլոր օրգանների եւ համակարգերի պրոյեկցիան է ներկայացված: Իսկ արտաքինից էլ այն մարդկային սաղմի է նման:

Ինչ վերաբերում է նիհարեցմանը, ապա մեթոդի շնորհիվ ախորժակը զսպելու, քաղցի զգացումը նվազեցնելու, նյութափոխանակությունը, մարսողական եւ էնդոկրին համակարգերը կարգավորելու, ճարպային հանգույցների եւ հեղուկների ավելցուկից ազատվելու հնարավորություն է ընձեռնվում:

«Բուժման ընթացքում հիվանդը սկսում է սննդի առավել փոքր ծավալով հագենալ, ինչի արդյունքում ստամոքսի չափերի աստիճանական նվազում է նկատվում, եւ ինչն էլ, իր հերթին, անհրաժեշտ սննդի ծավալների հերթական նվազեցում է ենթադրում», - մեկնաբանում է Իննա Հարությունովան:

Բացի այդ, բուժման ընթացքում օրգանիզմը սկսում է կուտակված սննդային մնացորդներից եւ տոքսիններից ազատվել, ինչը եւս նպաստավոր ազդեցություն ունի համակարգերի աշխատանքի կարգավորման համար: 

Բուժումը հատուկ միկրոասեղների օգնությամբ է իրականացվում, որոնք ականջի խեցու մեջ են մտցվում եւ մեկ շաբաթ պահվում (գործընթացը շաբաթը մեկ կրկնվում է): Մեկ շաբաթ անց բժիշկը փոխում է ասեղներն ու ազդեցության կետերը: Բուժման կուրսը սովորաբար 1,5 ամիս է տեւում (6 շաբաթ): Այդ ընթացքում հիվանդը կարող է 5-6 կգ քաշ կորցնել (շաբաթական շուրջ 1 կգ):

Որպես կանոն, միկրոասեղների ազդեցությունը բուժման կուրսի ավարտի հետո էլ շարունակվում է: Այսինքն՝ բուժման ավարտից հետո էլ հիվանդը շարունակում է նիհարել: Աուլոկիլոթերապիան, անհրաժեշտության դեպքում, կարելի է մի քանի ամիս անց կրկնել:

Ընդ որում, բուժման գործընթացին զուգահեռ որոշակի սննդակարգի պահպանում եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է հարկավոր: Իսկ մի՞թե դրանց օգնությամբ՝ առանց ասեղների էլ չի կարելի նիհարել: «Խոսքն ինչ-որ հատուկ սննդակարգի մասին չէ. պարզապես հարկավոր է ճարպերի եւ ածխաջրատների ընդունումը սահմանափակել, ինչպես նաեւ երեկոյան ժամը 6-ից հետո ոչինչ չուտել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն էլ ողջունելի է», - նշում է Իննա Էդուարդովնան:

Ֆիզիոթերապեւտի խոսքով, հիշյալ մեթոդը համադարման չէ՝ բուժման ազդեցությունը անհատից է կախված: Բացի այդ, որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան արդյունքն առավել ակնհայտ է դառնում:

Հիվանդի առողջությանը վնաս չպատճառելու նպատակով, անչափ կարեւոր է բուժման հակացուցումները հաշվի առնել: Խոսքը, մասնավորապես, հղիության եւ կրծքով կերակրման, օնկոլոգիական հիվանդությունների, տուբերկուլյոզի եւ այլ ինֆեկցիոն, ինչպես նաեւ՝ ներքին օրգանների եւ համակարգերի քրոնիկ ծանր հիվանդությունների, տենդային վիճակի, չբացահայտված ծագմամբ ցավային համախտանիշի, արյան մակարդման հետ կապված խանգարումների եւ օրգանիզմի ընդհանուր ծանր վիճակի մասին է:

«Գործընթացը միայն հատուկ կրթություն ունեցող եւ վերապատրաստում անցած բժիշկը կարող է իրականացնել», - զգուշացնում է բժիշկ Հարությունովան, ով Չինաստանում է վերապատրաստում անցել:

Թեւ հայ բժիշկները բազմակի հասցեատերերի ուղղված նամակներ չեն ցրում, որքան էլ որ տարօրինակ է, բուժման վերը նկարագրված մեթոդը Հայաստանում բավականին լայն տարածում ունի: Այդուհանդերձ, բժիշկները օգնությանը հիմնականում կանայք են դիմում: Հայ տղամարդիկ ամաչում են ականջին ամրացված ասեղով (ականջողով) շրջել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել