• Latest news

Celgene-ի դեղամիջոցներից մեկը ՄԻԱՎ-ը գաղտնազերծելու ներուժ ունի

23 հուլիսի, 2014  17:28

Ամերիկյան Celgene կենսատեխնոլոգիական ընկերության կողմից թողարկվող դեղամիջոցներից մեկը կարող է ՄԻԱՎ-ի գաղտնի բջիջները վերաակտիվացնել, ինչը հիվանդության բուժման համար նոր հեռանկարներ է առաջ քաշում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի՝ Ավստրալիայում կազմակերպված հերթական գիտաժողովի ընթացքում դեղամիջոցի՝ Դանիայում իրականացված կլինիկական փորձարկումների արդյունքներն են ներկայացվել: Փորձագետները վստահ են, որ հիվանդության բուժմանը միտված հերթական, թեեւ փոքր, բայց հաստատուն քայլն են կատարել. վերջնական արդյունքի հասնելու համար դեռեւս տարիներ կպահանջվեն: 

«Նախքան ՄԻԱՎ-ի լիարժեք բուժման մասին խոսելը պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարենք», - նկատել է Աարհուսի համալսարանական հիվանոցում իրականացված փորձարկումների ղեկավար Օլե Շմելց Զոգաարդը:

Ռոմիդեպսին անունը կրող՝ Իստոդաքս ապրանքանիշով հայտնի դեղամիջոցը քաղցկեղի՝ T-բջիջների լիմֆոմայի բուժման նպատակով է թողարկվել, սակայն պարզվում է՝ կարող է նաեւ ՄԻԱՎ-ի բուժման միջոց ծառայել, հաղորդում է FoxNews-ը:

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ՁԻԱՀ-ի դեմ ներկայումս կիրառվող դեղամիջոցների օգնությամբ կարող է վերահսկողության տակ պահվել, սակայն վիրուսի՝ մարդու օրգանիզմից հեռացման որեւէ եղանակ բժշկությանը դեռեւս հայտնի չէ:

Ներկայումս երկրագնդի շուրջ 35 մլն բնակիչներ այս հիվանդությամբ են տառապում: Այդուհանդերձ, համաշխարհային համաճարակը 1980-ական թվականներից մեկնարկից ի վեր հասցրել է 39 մլն մարդու կյանք խլել: 

Հիվանդության դեմ պայքարին ներառված գիտնականների համար գաղտնիք չէ, որ մարդու իմունային անբավարարության վիրուսը կարող է իմունային համակարգի մաս կազմող CD4 բջիջներում թաքնվել: Այս բջիջներն ի վիճակի չեն վիրուսի դեմ ինքնուրույն պայքար մղել, սակայն T-բջիջները կարող են «ձմեռային քուն մտած» ՄԻԱՎ-ի ոչնչացման միջոց գտնել, եթե տեղյակ լինեն, թե որ CD4 բջիջներում են դրանք առկա:

Գիտաժողովի համանախագահ, ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր Շարոն Լեւինը, ով անմիջական մասնակցություն չի ցուցաբերել փորձարկումներին, այդուհանդերձ, գտնում է, որ «վիրուսին արթնացնելու եւ բջիջներից դուրս մղելու, այսինքն՝ իմունային համակարգի համար տեսանելի դարձնելու» հնարավորություն է ստեղծվել:

Դանիացի մասնագետները շաբաթական երեք անգամ ռոմիդեպսին են նշանակել 6 ՄԻԱՎ-վարակակիր հիվանդների, որոնք միաժամանակ հիվանդությունը «քնեցնելու» ներուժ ունեցող հակառետրովիրուսային դեղամիջոցներ են ընդունել:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ 6 հիվանդներից 5-ի պարագայում ռոմիդեպսինը ՄԻԱՎ-ով վարակված բջիջներում վիրուսի արտադրությունը 2,1-3,9 անգամ ավելացնելու եւ արյան մեջ կշռելի մակարդակի հասցնելու հնարավորություն է ունեցել:

«Միանշանակ պարզ է, որ դեղամիջոցը վիրուսին դեպի արյան հոսք տեղաշարժելու կարողություն ունի», - նկատել է Շմելց Զոգաարդը՝ հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցի շրջանակում: Նրա մեկնաբանությամբ, վարակված CD4 բջիջները լքելիս եւ դեպի արյան հոսք տեղաշարժվելիս ՄԻԱՎ-ը հետք է թողնում, որի շնորհիվ T-բջիջներ կարող են հետապնդել եւ ոչնչացնել այն:

Դանիացի մասնագետները մտադիր են եւս մեկ՝ այս անգամ արդեն լայնածավալ հետազոտություն իրականացնել, որի ընթացքում դեղամիջոցը մեկ այլ՝ նորվեգական բիոտեխնոլոգիական ընկերության՝ Bionor Pharma-ի կողմից թողարկվող՝ T-բջիջների՝ ՄԻԱՎ-ը ոչնացնելու ներուժը բազմապատկող փորձարարական պաստվաստանյութի համադրությամբ կփորձարկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել