• Latest news

Մալարիայի դեմ՝ հատուկ աֆրիկացի երեխաների համար մշակված պատվաստանյութ է թողարկվել

25 հուլիսի, 2014  22:15

GlaxoSmithKline բրիտանական դեղագործական ընկերությունը դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությանը մալարիայի դեմ կիրառման ենթակա նոր պատվաստանյութ է ներկայացրել, որը Աֆրիկայում բնակվող երեխաների համար է մշակված: Գործակալությունը պատրաստվում է, առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, պատվաստանյութի փորձարկումներ նախաձեռնել, հաղորդում է Medical Daily-ն:

Մալարիայի մակաբույծը մարդկանց մոծակի խայթոցի միջոցով է փոխանցվում: Ամեն րոպե Աֆրիկայում բնակվող մեկ երեխա այս հիվանդության զոհն է դառնում: Ընդ որում, վարակի տարածման դեպքերի 90 տոկոսը հենց այս մայրցամաքում են գրանցվում:

RTS,S անունը կրող պատվաստանյութը մալարիայի Plasmodium falciparum մակաբույծի համար է նախատեսված, որն առավելապես Սահարա անապատին հարող երկրներում է տարածում գտել:

Բրիտանական ընկերության ներկայացուցիչների խոսքով, գիտնականներն ավելի քան 30 տարի նշված պատվաստանյութը ստանալու ուղղությամբ են աշխատել: Նշվում է նաեւ, որ RTS,S-ի գինը բավականին ցածր է լինելու. դեղագործական ընկերությունը մտադիր է, արտադրական ծախսերը ծածկելուց բացի, առավելագույնը 5 տոկոսի չափով շահույթ ապահովել, որը պետք է մալարիայի դեմ երկրորդ սերնդի կամ արեւադարձային այլ հիվանդությունների դեմ առաջնային պատվաստանյութերի մշակմանը միտված գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորմանն ուղղվի:

Ընկերության մասնագետները վստահ են, որ ներկայացված պատվաստանյութը աֆրիկացի երեխաների՝ մալարիայի դեմ պաշտպանությունը ապահովելու նշանակալի ներուժ ունի, թեեւ Սահարա Անապատին հարող 7 երկրների 11 շրջաններում իրականացված առաջնային էտապի փորձարկումները որոշակիորեն հիասթափություն են պատճառել վերլուծաբաններին: Նախնական տվյալների համաձայն, RTS,S-ի երեք չափաբաժինը, կլինիկական եւ ագրեսիվ մալարիայից պաշտպանության տեսանկյունից, համապատասխանաբար 56 եւ 47 տոկոս արդյունավետություն է ապահովել: Ընդ որում, չափաբաժինները յուրաքանչյուր անգամ մեկ ամիս ընդմիջումով են նշանակվել:

RTS,S-ը երեխաների իմունային համակարգին մալարիայի P. falciparum մակաբույծի՝ արյան շրջանառության մեջ ներթափանցումը եւ լյարդի բջիջների ախտահարումը կանխարգելող խթան է հաղորդում: 

GSK ընկերությունը մինչ այժմ ավելի քան 350 մլն ԱՄՆ դոլար է ներդրել՝ պատվաստանյութի մշակման գործին եւ մտադիր է առաջիկայում եւս 260 մլն դոլարի չափով ներդրում կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել