• Latest news

Հետաքրքիր դեպք հոգեբանի պրակտիկայից. ինչու՞ էր կինը փողոցից թղթի կտորներ հավաքում

26 հուլիսի, 2014  20:32

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը լրագրողներին մի հետաքրքիր դեպք է պատմել՝ իր պրակտիկայից:

Մի օր հոգեբանի օգնությանը կպչուն գործողությամբ տառապող կին է դիմում: Նա անընդհատ կտրտված կեղտոտ թղթեր էր փողոցից հավաքում ու տուն տանում. սովորույթից ազատվելու բոլոր փորձերն ապարդյուն էին:

Հասուն կին էր, բանակում ծառայող երկու որդի ուներ, իսկ ամուսինը տարիներ առաջ էր մահացել: Ինչու՞ էր հասուն եւ կայացած կինը կեղտոտ թղթեր հավաքում:

Սեանսների ընթացքում պարզվել է, որ նա շատ է սիրել ամուսնուն՝ երկար տարիներ միասին էին, միմյանց կապված: Սակայն ամուսնու մահվանից հետո կնոջը սկսել էր մեկ այլ տղամարդ դուր գալ, եւ այդ զգացմունքը նրա մոտ տհաճ մտքեր էր առաջացնում՝ իրեն անբարոյական էր զգում՝ չէ՞ որ ամուսնու հիշատակն էր դավաճանել:

Սակայն ինչու՞ էր թղթեր հավաքում: Ի՞նչ կապ կար թղթերի եւ կնոջ զգացմունքների միջեւ:

Սեանսների ընթացքում կինը նաեւ մի հետաքրքիր դրվագ էր հիշել՝ մանկությունից. 12 տարեկանում սիրահարվել էր համադասարանցուն եւ սիրային նամակ գրել: Հետո մտածել էր, որ լավ չի լինի, եթե ինչ-որ մեկը կարդա նամակը եւ իմանա իր զգացմունքների մասին, եւ պատռել էր այն ու աղբարկղը նետել:

Սակայն դրանից հետո էլ անքնությամբ էր տառապում. Անընդհատ մտածում էր, որ ինչ-որ մեկը կարող է աղբարկղից հանել նամակի կտորները, միացնել իրար եւ կարդալ: Ի վերջո աղբարկղից հանում է նամակի կտորները եւ փողոցում դրված աղբամանը նետում:

Սակայն առավոտյան դպրոց գնալիս էլ մտքով անցնում է, որ էլի ինչ-որ մեկը կարող է աղբամանից հանել նամակը եւ կարդալ: Ստիպված փորձում է գտնել դրանք, բայց չի գտնում՝ աղբամանն արդեն դատարկ էր:

Տարիներ անց, երբ կրկին սիրահարվում է, միաժամանակ նաեւ հին զգացողությունն է արթնանում. ախր այդպես էլ չգտավ այն նամակը, եւ սկսում է հին, փոշոտ եւ կեղտոտ թղթի կտորներ հավաքել:

Գործողությունը, հոգեբանի խոսքով, կնոջը պաշտպանվելու հնարավորություն էր տալիս, սակայն միաժամանակ էլ ուժերի գերլարում էր պահանջում:

Ռուբեն Պողոսյանի խոսքով, կեղտոտ թղթեր հավաքելու սովորության պատճառ դարձած հին պատմությունը վերհիշելուց հետո կինը լիովին ձերբազատվել է կպչուն գործողությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել