• Latest news

Սրտի մեջ ներարկված գենը կարող է կարդիոխթանիչ ծառայել

1 օգոստոսի, 2014  10:41

Գիտնականները գեն են հայտնաբերել, որը, սրտի մեջ ներարկման դեպքում, կարող է դրա աշխատանքը կարգավորել. համենայն դեպս, կենդանիների վրա իրականացված փորձարկումներն այդ մասին են վկայում, հաղորդում է Medical Observer-ը:

Եթե ապացուցվի, որ թերապիայի վերոհիշյալ միջոցը նույնքան անվտանգ եւ արդյունավետ կերպով կարելի է նաեւ մարդու նկատմամբ կիրառել, էլեկտրական կարդիոխթանիչների կարիք այլեւս չի զգացվի. թեեւ վարկածի հաստատումը ստանալու համար երկարատեւ փորձարկումներ են հարկավոր:

«Այս բացահայտումը նոր էջ է բացում գենային թերապիայի համար, որտեղ գեները ոչ միայն այս կամ այն բջջի պակասորդի արդյունքում առաջացած խանգարումները կարգավորելու, այլ նաեւ, կոնկրետ հիվանդության բուժման նպատակով, բջջի մեկ տեսակը մյուսով փոխարինելու համար կկիրառվեն», - նշել է սրտի Cedars-Sinai ինստիտուտի տնօրեն, հետազոտության ղեկավար Էդուարդո Մարբանը՝ հավելելով, թե առաջին անգամ կենդանի օրգանիզմի սրտի բջիջների վերածրագրավորում ենթադրող փորձարկում են իրականացրել:

Գենային թերապիան արդեն վաղուց խոստումնալից, բայց եւ ռիսկային ոլորտ է համարվում. 1990-ական թվականներին իրականացված փորձարկումները ցույց էին տվել, որ մարդկանց նկատմամբ փորձարկումները կարող են վտանգավոր եւ նույնիսկ մահացու հետեւանքներ ունենալ:

Մարբանը մասնավորապես նշել է, որ գենի ուղղորդման նպատակով կարելի է բավականաչափ թույլ վիրուսի օգնությանը դիմել՝ նվազեցնելով մտահոգությունները, թե ներարկման արդյունքում իմունային համակարգի վտանգավոր ռեակցիա կամ ուռուցք կարող է առաջանալ, թեեւ այդ ուղղությամբ էլ հետագա հետազոտությունների կարիք է զգացվում:

Փորձարկման արդյունքները Science Translation Medicine ամսագրում են նկարագրվել, որտեղ նշվում է, որ սրտի՝ արյուն մղող փորոքներում TBX18 անունը կրող գեն ներարկելով՝ կարելի է օրգանին հատուկ նորմալ բջիջների մի մասը սինուս-նախասրտայինների վերածել, որոնք օգնությամբ օրգանի աշխատանքի բարելավում է նկատվում: 

«Ըստ էության, սրտի թիրախային հատվածներում սինուս-նախասրտային հանգույցներ են ստեղծվում, որոնց օգնությամբ իմպուլսների տարածումն առավել արդյունավետ է իրականացվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավարը:

Նվազագույն ինվազիվություն ենթադրող մոտեցումը մասնավորապես սրտի էլեկտրական խանգարումներ եւ արդյունքում՝ անկանոն աշխատանք ունեցող լաբորատոր խոզերի վրա է փորձարկվել, որոնք ընդամենը կաթետերի օգնությամբ անհրաժեշտ գենի ներարկում են ստացել:

Ներարկումից մեկ օր անց հիվանդ կենդանիների մոտ սրտի աշխատանքի նշանակալի կարգավորում եւ արագացում է նկատվել: Թեւ երկու շաբաթ տեւած հետազոտությունների ընթացքում թերապիայի ազդեցությունը հաստատվել է, գիտնականները մտադիր են շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համոզվելու համար, որ ստացված արդյունքը մշտական բնույթ է կրում:

Միացյալ Նահանգներում տարեկան 300 հազար մարդ էլեկտրական կարդիոխթանիչների ներպատվաստման է ենթարկվում. ոլորտի տարեկան ծախսը 8 մլրդ ԱՄՆ դոլարի է հավասար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել