• Latest news

Արտաարգանդային բեղմնավորման ռիսկերը. կիրառվող դեղամիջոցները կարող են սրտի կաթվա՞ծ առաջացնել

1 օգոստոսի, 2014  12:01

Կիրակին խոստանում էր հաճելի անցնել. 26-ամյա Լին, արտաարգանդային բեղմնավորման նպատակով իրականացվող ծանր բուժումը միառժամանակ դադարեցնելով, ամուսնու հետ երկար սպասված մեկօրյա հանգստի էր մեկնել: Նորֆոլկի գյուղական համայքներից մեկում վարձակալված գեղեցիկ տնակը փայլփլում էր արեւի շողերի տակ…

Տեղ հասնելով՝ Լին մի փոքր հանգիստ առնելու կարիք զգաց: Սակայն ննջարանում, երբ քունն արդեն աչքին էր առել, հանկարծակի նստեց՝ հասկանալով, որ շունչը կտրվում է: Ձախ ձեռքի բազկի շրջանում վարընթաց ծակոցներ էին զգացվում: Իսկ մի քանի վայրկյան անց էլ ձախ ուսին սուր ցավ զգաց…

Մի քանի ժամ անց երբեք բերանը սիգարետ կամ ալկոհոլ չառած Լին Լոնդոնի Սբ. Գեւորգ հիվանդանոցում էր, որտեղ նրա մոտ թրոմբի հրահրմամբ սրտի տարածուն կաթված էր ախտորոշվել, հաղորդում է Daily Mail-ը:

Բժիշկները պատկերացում չունեին, թե ինչը կարող էր թրոմբի առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, Լին նախկինում երբեք սրտի հետ կապված խնդիրներ չէր ունեցել: Միայն երկու օր անց, երբ պարզ դարձավ, որ արտաարգանդային բեղմնավորման երեք անհաջող փորձ է անցել, ամեն ինչ իր տեղն ընկավ:

«Ինձ ասացին, որ արյան խցանումները կարող են արտաարգանդային բեղմնավորման նպատակով իրականացվող բուժման արդյունքը լինել: Ու քանի որ երկար ժամեր եմ ավտոմեքենայի մեջ անցկացնում, դրանց առաջացման հավանականությունն ավելի բարձր է», - պատմում է բազմաչարչար կինը:

Հետո ավելի վատ նորություններ ստացվեցին. բժիշկները պարզել էին, որ Լիի սրտի մեջ փոքր անցք է գոյացել, ինչը վիրաբուժական միջամտությամբ փակման կարիք ունի: Բացի այդ էլ՝ եւս ինը ամիս պետք է սպասեր՝ նախքան արտաարգանդային հղիության եւս մեկ փորձի դիմելը:

Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշով տառապող Լիի համար դա եւս մեկ հարված էր. չէ՞ որ շտապում էր երեխա ունենալ, իսկ բնական եղանակով հղիանալու հավանականությունը գրեթե զրոյի էր հավասար:

«Ինձ երբեք չէին ասել, որ արտաարգանդային բեղմնավորման նպատակով իրականացվող բուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Առաջին երկու փորձերից հետո, երրորդ անգամ ձվազատում խթանող դեղամիջոցները կրկնակի չափաբաժնով էին նշանակվել», - պատմում է Լին:

Մեծ Բրիտանիայում տարեկան արտաարգանդային բեղմավորման 45 հազար փորձ է իրականացվում, ինչի արդյունքում անպտղությամբ տառապող 6 զույգերից ընդամենը մեկին է հաջողվում ծնող դառնալու հաճույքը վայելել:

Իսկ 1000 հիվանդներից 4-ի մոտ խորանիստ երակների թրոմբոզ է առաջանում: 2012թ.-ին Էսեքսի բնակչուհիներից մեկը՝ 26-ամյա Էմմա Դրապերը արտաարգանդային բեղմնավորման բարեհաջող ավարտից՝ հղիության հաստատումից մի քանի շաբաթ անց, թրոմբի առկայությամբ հրահրված տարածուն ինսուլտի զոհ էր դարձել:

Բացի այդ, արտաարգանդային բեղմնավորման նպատակով իրականացվող բուժման արդյունքում կարող է նաեւ ձվարանների հիպերխթանման համախտանիշ առաջանալ, ինչը եւս, ի թիվս այլ բարդությունների, թրոմբի ձեւավորման սպառնալիք է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել