• Latest news

Ամենադժվար ախտորոշելի 5 հիվանդությունները

1 օգոստոսի, 2014  23:17

Երբ տարօրինակ ցավեր, մարսողական համակարգի առեղծվածային խանգարումներ կամ այլ՝ անբացատրելի ախտանշաններ ունեք, բժշկի օգնությանն եք դիմում՝ այն հույսով, թե մասնագետին կհաջողվի դրանց բնույթը պարզել եւ համապատասխան բուժում նշանակել: Բայց երբեմն դա էլ սպասված արդյունքը չի տալիս, քանի որ որոշ խանգարումների եւ հիվանդությունների ախտորոշման համար չափազանց երկար ժամանակ է պահանջվում, հաղորդում է FoxNews-ը:

«Մի շարք հիվանդություններ, կախված հիվանդից, կարող են փոփոխական եւ ընդհանուր բնույթ կրող ախտանշաններ ունենալ: Բացի այդ էլ, դրանց ախտորոշմանը միտված հետազոտությունները կարող են թանկարժեք եւ հազվադեպ իրականացվելի լինել: Ավելին՝ երբեմն դրանք էլ կարող են հստակ պատասխան չտալ», - նշել է Միսսուրիի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկյան բժշկական քոլեջի նախագահ դոկտոր Դեյվիդ Ֆլեմինգը: 

Ստորեւ 5 հիվանդություններ ենք ներկայացնում, որոնց ախտորոշումը կարող է խնդիրներ հարուցել.

Գրգռված աղու համախտանիշ

Որոշ խանգարումներ դժվարությամբ են ախտորոշվում, քանի որ դրանց առկայությունը հաստատող հետազոտություններ գոյություն չունեն: Փոխարենը, բժիշկները ստիպված են ախտորոշման համար բացառման սկզբունքը կիրառել՝ ասել է, թե՝ այլ հիվանդությունների հնարավորությունը բացառելով՝ կոնկրետ խանգարման առկայությունը հաստատել:

Գրգռված աղու համախտանիշը հաստ աղիքի հիվանդություն է եւ կարող է որովայնային ցավ, փքվածություն, լուծ կամ փորկապություն պատճառել: Համաձայն ախտորոշման բանաձեւի, վերոհիշյալ ախտանշանները պետք է հիվանդի մոտ առնվազն 6 ամիս առկա լինեն, ընդ որում, վերջին երեք ամիսներին՝ ամսական առնվազն երեք անգամ՝ համապատասպան վճիռ կայացնելու համար: 

Ցելիակիա

Ցելիակիան՝ փոքր աղիքներում բորբոքում հրահրող գլյուտենի նկատմամբ իմունային ռեակցիան, ախտորոշման տեսանկյունից կարող է իսկական մղձավանջ պատճառել: Դրա առկայությունը հաստատելու համար սովորաբար 6-10 տարի է պահանջվում: Ցելիակիայով տառապող մարդկանց մոտ գլյուտեն պարունակող սնունդ (ցորեն, գարի, տարեկան) ընդունելիս մարսողական խանգարումներ են առաջանում: Ընդ որում, հիվանդությունը կրող մարդկանց շուրջ 50 տոկոսի մոտ նաեւ քաշի կորուստ եւ պարբերական բնույթ կրող փորլուծություն է նկատվում: Ցելիակիան կարող է նաեւ մաշկային քոր, գլխացավ, հոդացավ, այրոց կամ թթու տեղատվություն առաջացնել:

Ֆիբրոմիալգիա

Տարածուն մկանակմախքային ցավերով բնորոշվող ֆիբրոմիալգիան կարող է անբացատրելի ախտանշաններ հարուցել, որոնք ոչ մի ակնհայտ ֆիզիկական պատճառ չեն կարող ունենալ: Ասել է, թե՝ երբ բժիշկները հիվանդի քրոնիկ ցավերի եւ հոգնածության պատճառը չեն գտնում, հակված են հենց այս հիվանդությունը ախտորոշել: Սակայն մինչ այդ հարկավոր է նաեւ մի շարք համանման (եւ կրկին՝ դժվար ախտորոշելի) հիվանդությունների առկայությունը բացառել: Ընդ որում, վերոհիշյալ ախտանշաններ դրսեւորող հիվանդը ռեւմատոլոգի մոտ ամենայն հավանականությամբ ֆիբրոմիալգիայի ախտորոշում կարող է ստանալ, իսկ գաստրոէնտերոլոգի մոտ՝ գրգռված աղու համախտանիշի:

Ռեւմատոիդ արթրիտ

Անբացատրելի ցավերի պատճառը որոշ դեպքերում կարող է նաեւ ռեւմատոիդ արթրիտը լինել: Ի տարբերություն օստեոարթրիտի, որ գլխավորապես տարեց մարդկանց մոտ է հանդիպում, այս՝ հոդերի բորբոքում եւ այտուցվածություն պատճառող աուտոիմուն խանգարումը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ:

Ճիշտ է՝ արյան հետազոտության միջոցով կարելի է օրգանիզմում բորբոքման վկայություն գտնել, սակայն ռեւմատոիդ արթրիտի հստակ ախտորոշումը հիվանդի բժշկական պատմության եւ ֆիզիկական վիճակի մանրազննին ուսումնասիրություն է պահանջում: 

Ցրված սկլերոզ

Այս աուտոիմուն հիվանդության պարագայում էլ մարդու իմունային համակարգը հարձակում է նախաձեռնում նյարդային բջիջների վրա եւ ուղեղի ու մնացած օրգանների միջեւ կապի խափանում հրահրում: Ցրված սկլերոզի հնարավոր ախտանշաններից են թմրությունը, թուլությունը եւ ծակոցները՝ վերջույթներում: Ընդ որում, դրանք կարող են դրվագային լինել՝ հանկարծակի ի հայտ գալ եւ նույքան արագ էլ՝ անհետանալ: Կախված ուղեղի ախտահարված հատվածների քանակից եւ տեղադրությունից՝ ախտանշանների բարդությունն էլ կարող է տարբեր լինել:

Եթե բժիշկը ցրված սկլերոզ է կասկածում, ստիպված է ողնուղեղի պունկցիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա նշանակել՝ ախտորոշումը հաստատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել