• Latest news

Առողջապահության նախարարն ամփոփեց իր աշխատանքի առաջին 3 ամիսները

1 օգոստոսի, 2014  15:07

Նորանշանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ամփոփեց իր աշխատանքի առաջին 3 ամիսները:

«Այս երեք ամիսների ընթացքում մեր աշխատանքները հիմնված են եղել նոր կառավարության ծրագրի եւ նախագահի հստակ հանձնարարականների վրա: Այս ընթացքում իրականացված աշխտանքնենրը մեզ թույլ են տվել մատնանշել այն խնդիրները, որոնք ծանրացած են այսօր առողջապահական ոլորտում, դասակարգել այդ խնդիրները, տեսնել այն ուղիները, որոնք նպատակահարմար են իրավիճակից դուրս գալու համար», - նշեց Արմեն Մուրադյանն օգոստոսի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Ի՞նչ է տեղի ունեցել ոլորտում այս ամիսների ընթացքում:

Հանրային առողջություն

Հունիս ամսվանից ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է խմբագրի ու պատրաստի հանրային առողջության մասին օրենքը: Նախարարի խոսքով, այդ օրենքը շատ կարեւոր է, քանի որ ԱՆ-ի հիմնական գործառույթը ոչ թե հիվանդներին բուժելն է, այլ նրանց առողջ պահելը:

Մշակվել է նաեւ առողջ ապրելակերպի հայեցակարգը եւ ներկայացվել է կառավարություն: Հայեցակարգում ընդգրկված են հիմնական ռիսկային գործոնները (ինչպիսիք են ծխելը, ալկոհոլը, սխալ սննդակարգը, նստակյաց կյանքը եւ այլն), որոնք ոչ ինֆեկցիոն հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 90 տոկոսի պատճառն են հանդիսանում, եւ դրանց դեմ պայքարը:

Իմունականխարգելում

Պաշտպանության նախարարության հետ մեկտեղ առողջապահության նախարարությունն իրականացրել էր իմունականխարգելման լայնածավալ միջոցառումներ, որոնց թվում էին զորակոչիկների նախօրոք պատվաստումները:

Երեկ այդ պատվաստումների վերջին օրն էր, եւ եղել է ընդամենը մեկ դեպք, որը հիվանդանոցային բուժման կարիք ուներ, մնացած դեպքերում խնդիրներ չեն առաջացել:

Իմունականխարգելման ծրագիրը, նախարարի կարծիքով, նույնպես բարձր մակարդակի վրա է իրականացվում՝ ապահովելով բավական մեծ ծածկույթ՝ 90-96 տոկոս:

Սեպտեմբերին լինելու է նաեւ նոր պատվաստանյութ՝ պնեվմոկոկկային վարակների դեմ:

Վիրուսներ/ինֆեկցիաներ

Վերջին երեք ամսվա ընթացքում՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, շուրջ երկու անգամ նվազել է մենինգային ինֆեկցիաների թիվը երեխաների շրջանում:

Ճիշտ է, այս տարի առկա է էնտերովիրուսների խնդիրը՝ հունիս ամսվանից եղել է մոտ 350 դեպք, սակայն, ինչպես նշեց նախարարը, Վրաստանում դեպքերը մի քանի անգամ ավելի շատ են: «Բավական մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվել, որպեսզի կարողանանք զսպել հնարավոր բռնկումները՝ մանկապարտեզներում, հանրային վայրերում», - նշեց նախարարը, ավելացնելով, որ վարակվածների մոտ հիվանդության կլինիկական ընթացքը բավական թեթեւ է անցնում:

Լաբորատորիաներ

Միջազգային Դետրա կառույցի կողմից վեց լաբորատորիա կապիտալ վերանորոգվելու եւ վերազինվելու է, անցկացվելու են նաեւ թրեյնինգներ: Երեւանում կբացվի ռեֆերենս լաբորատորիա:

«Մեկ տարի հետո մենք կունենանք վերազինված եւ կադրերով հագեցած լաբորատորիա», - ասաց նախարարը:

Դեղամիջոցներ

ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակվում է դեղերի մասին նոր օրենքը, որի շրջանակներում դեղամիջոցների ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացնելու: Երեկ՝ հուլիսի 31-ին օրինագիծն ուղարկվել է կառավարություն: Շուտով այն կմտնի Ազգային ժողով:

Մանկական եւ մայրական մահացություն

Վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում նվազել են մայրական եւ մանկական մահացությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Այս ցուցանիշները, նախարարի խոսքով, բնութագրում են առողջապահության համակարգի վիճակը բոլոր երկրներում, եւ այս պահին Հայաստանի այս ցուցանիշները բավական լավն են՝ ԱՊՀ երկրների համեմատ:

Արտահիվանդանոցային ծառայություններ

Ամբուլատոր եւ պոլիկլինիկական ծառայությունների ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք լուծելու նպատակով իրականացվում է ստանդարտացման ծրագիրը:

Այս ոլորտում աշխատող բժիշկների եւ բուժքույերի աշխատավարձերը բարձացել են՝ համապատասխանաբար 60-70 տոկոսով եւ 15 տոկոսով: Բարձրացումները տեղի են ունեցել գրեթե բոլոր հիմնարկներում, սակայն ամենամեծ բարձրացումները կատարվել են պոլիկլինիկայում:

Հոգեբուժարաններ

Մայիսին նախարարն այցելել էր Երեւանի եւ Վանաձորի հոգեբուժարանները, ծանոթացել էր այնտեղ առկա խնդիրների հետ եւ հստակ հանձնարարականներ տվել տնօրեններին եւ հսկողություն իրականացնող առողջապահության տեսչությանը: «Դրվել են պահանջներ՝ բուժական անվտանգության, ֆիզիկական անվտանգության, սննդային անվտանգության վերաբերյալ», - նշեց նախարարը:

Սրտի անհետաձգելի վիրաբուժություն

Կառավարության ծրագրով նախատեսվել է ընդլայնել սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունները՝ անվճար վիրահատությունների ցանկում ընդգրկելով նաեւ 30.0 եւ ավելի միավոր ունեցող անվճարունակ անձանց, ինչի համար 2015-2017թթ. տարեկան նախատեսվում է 500 մլն դոլար տրամադրել:

Մարզեր

Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 21 մարզային կլինիկա, վերազինվել են նոր սարքավորումներով: Ալավերդիում մայիսին նոր բժշկական կենտրոն է բացվել: Բերդի, Մեղրու, Ճամբարակի եւ Կապանի բժշկական կենտրոնները դեռ շինարարության փուլում են գտնվում:

Մարզերում որակյալ կադրերի մեծ կարիք կա, եւ այս խնդրի լուծման համար քայլեր են ձեռնարկվում:

Միջազգային

Այլ երկրների դեսպանների եւ պատվիրակությունների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում մի շարք պայմանագրեր են ստորագրվել: Մասնավորապես, Հնդկաստանի կառավարությունը հեռաբժշկության ոլորտը զարգացնելու համար Հայաստանին հատկացրել է 530 000 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհը՝ «սարքերի ձեւով»:

Նախարարը նաեւ երկու աշխատանքային այցելություն է ունեցել, որոնց ընթացքում մի շարք կարեւոր հարցեր եւ ծրագրեր է քննարկել: Հիշեցնենք, որ շտապօգնության 87 մեքենա Հայաստանին նվիրաբերել էր Չինաստանի կառավարությունը; այժմ Առողջապահության նախարարությունն ակնկալում է եւս մի քանի տասնյակ մեքենա ստանալ Ռուսաստանի գործընկերներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է