• Latest news

Ի՞նչ անել, եթե երեխան խաղալիք, մագնիս կամ մարտկոց է կուլ տվել

17 օգոստոսի, 2014  12:09

Ծնողները լավ գիտեն, որ երեխաները հաճախ են փորձում ձեռքի տակ ընկած իրերը բերանը տանել: Լինում են դեպքեր, երբ փոքրիկը հրաժարվում է ամենահամեղ սնունդն անգամ ընդունել, բայց դեմ չէ, ասենք՝ կավճի կամ խաղալիքի համը տեսնել:

Այնպես որ, բարդություններից խուսափելու համար, լավագույն լուծումը երեխաներին մարսողության համար վտանգ ներկայացնող իրերից հեռու պահելն է: Բայց, ամեն դեպքում, ամենատարածված իրերից մի քանիսի օրինակով, փորձենք հասկանալ, թե նման դեպքերում ինչ պետք է անել:

Չեզոք իրեր, որոնք ելքի ճանապարհը կարող են գտնել

Ծամոն. սա ամենատարածված չեզոք իրերից մեկն է, որը պատահաբար կամ գիտակցաբար երեխայի կերակրափողում կարող է հայտնվել:

Նախ եւ առաջ մոռանանք այն հեքիաթը, թե ծամոնը մարդու ստամոքսում յոթ տարի մնալու հատկություն ունի: Ճշմարտությունն այն է, որ այն չի կարող մարսվել, բայց եւ կարճ ժամանակ՝ մի քանի օր անց համապատասխան ճանապարհը կգտնի՝ երեխայի ստամոքսից դուրս գալու համար:

Խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե ծամոնը չափազանց մեծ չափեր ունի, քանի որ այդ պարագայում կարող է կոկորդին մնալ եւ շնչահեղձություն առաջացնել: Սակայն եթե ստամոքս է անցել՝ երեխային մանկաբույժի մոտ կամ շտապ օգնությամբ բաժանմունք տեղափոխելու կարիք բոլորովին չի զգացվի:

Պլաստիլին. երեխաների համար արտադրվող պլաստիլինը մեծ ի մասամբ թունավոր չէ եւ, վատագույն դեպքում, կարող է օրգանիզմի համար ոչ վնասակար քանակությամբ աղ պարունակել:

Կրկին, ոչ մեծ քանակությամբ ուտելու դեպքում այն առավելագույնը կարող է փորիկի խանգարում կամ մի փոքր փորլուծություն առաջացնել: Սակայն երբ կուլ տված պլաստիլինի ծավալը մեծ է, եւ երեխան լավ չի զգում իրեն, հարկավոր է բժշկի մոտ կամ շտապ օգնության բաժանմունք տեղափոխել:

Փոքր չափերի խաղալիքներ. այստեղ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Եթե խաղալիքն իրոք շատ փոքր է եւ սուր ծայրեր չունի, կարող է իր ճանապարհը գտնել: Սակայն համեմատաբար մեծ կամ սուր ծայրեր ունեցող խաղալիքը կարող է որոշ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Եթե տեսնում եք, որ երեխան դժվարությամբ է սնունդ ընդունում, կղազատման հետ կապված խնդիրներ կամ ստամոքսի ցավեր ունի՝ հարկավոր է նրան մանկաբույժի մոտ կամ շտապ օգնության բաժանմունք տեղափոխել:

Թունավոր իրեր, որոնք բժշկի ուշադրության կարիքն ունեն

Լիթիումային կամ հիմնային սնուցման մարտկոցներ. մարսողական խնդիրների առաջացման տեսանկյունից ամենամեծ վտանգը լիթիումային մարտկոցներն են ներկայացնում, քանի որ փոքր են եւ կլոր, ինչը երեխաների մոտ համտեսելու ցանկություն կարող է առաջացնել: Ի տարբերություն սովորական մետաղադրամներիի, որոնք փոքր չափեր ունենալու դեպքում կարող են անվնաս ճամփորդել, մարտկոցները վտանգավոր քիմիկատներ են պարունակում: Սովորական՝ հիմնային սնուցման մարտկողները եւս չափազանց վտանգավոր են, սակայն առավել մեծ չափեր ունենալու շնորհիվ հազվադեպ են երեխայի ստամոքսում հայտնվում:

Ամեն դեպքում, անկախ կերակրափող անցած մարտկոցի տեսակից, երեխային անհապաղ շտապ օգնության բաժանմունք տեղափոխել է պետք:

Մագնիս. անկախ չափերից՝ անհապաղ արձագանքը նաեւ մագնիս կուլ տալու պարագայում է խորհուրդ տրվում, քանի որ այն կարող է լուրջ վնաս հասցնել երեխայի ստամոքսաաղիքային համակարգին: 

Անտիֆրիզ. սա այնքանով է վտանգավոր, որ քաղցր հոտ ու համ ունի եւ կարող է ավտոտնակում կամ նկուղում խաղացող երեխայի ձեռքի տակ հայտնվել: Նվազագույն կասկածի դեպքում անգամ անհապաղ շտապ օգնության ծառայություն զանգահարեք:

Պատից պոկված չորացած ներկի կտոր. 1970-ականներից հետո կառուցված տան պարագայում պատերին քսված ներկը դժվար թե կապարի հիմք ունենա, բայցեւայնպես լավ կլինի՝ մանկաբույժի հետ խոսեք՝ երեխայի արյան մեջ կապարի պարունակության որոշմանը միտված հետազոտության անհրաժեշտությունը պարզելու նպատակով: Իսկ եթե ավելի հին տուն ունեք եւ չգիտեք, թե երբ են պատերը ներկվել, իսկ երեխայի մոտ էլ որոշակի ախտանշաններ՝ թմրածություն, աչքերի անշարժություն կամ գունատություն եք նկատում, անպայման մանկաբույժին կամ շտապ օգնության ծառայություն զանգահարեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել