• Latest news

Մարդու ուղեղը «համախումբ կոդավորման» միջոցով է ամբոխի հայացքին հետեւում

21 օգոստոսի, 2014  15:38

Մարդու ուղեղը այլոց հայացքի ուղղությունը բռնելու գերբնական թվացող հատկությամբ է աչքի ընկնում: Ընդ որում, որքան մեծ է նույն ուղղությամբ նայող մարդկանց թիվը, այնքան գործընթացն առավել արագ եւ արդյունավետ է ստացվում:

Ինքներդ էլ նկատած կլինեք, որ երբ մարդիկ սկսում են մեկ ուղղությամբ նայել, դուք էլ ինքնաբերաբար նրանց օրինակին եք հետեւում: Իսկ ինչո՞ւ է այդպես:

Գիտնականները պարզել են, որ երեւույթի համար «համախումբ կոդավորումն» է պատասխանատու: Նույն կերպ ծառին նայելիս մեկ ամբողջական օբյեկտ, եւ ոչ՝ ճյուղերի ու տերեւների խիտ ցանց եք տեսնում: Ասել է, թե՝ մարդու ուղեղը ամբոխին որպես համախումբ ընդունելու եւ որպես մեկ միավոր մշակելու (կոդավորելու) հատկություն է դրսեւորում: Օրինակ՝ երբ անցորդներից մեկն է հանկարծակի հետ շրջվում, ամենայն հավանականությամբ բանի տեղ անգամ չեք դնի, իսկ երբ քսան մարդու մոտ նույն գործողությունը նկատեք՝ ինքներդ էլ պետք է որ սկսեք նույն ուղղությամբ նայել:

Դենվերի համալսարանի գիտաշխատող Թիմոթի Սուինիի համոզմամբ, վերոհիշալ պնդումը մարդու համար խմբային վարքագծի կարեւորությունն է ընդգծում: Խմբի գաղափարն այնքան հիմնարար նշանակություն ունի մարդու համար, որ դրան վերագրվող գործողությունների՝ ուղեղի մակարդակով մշակմանը միտված էվուլյուցիոն գործընթացով ենք օժտվել, նշել է նա՝ հետազոտության արդյունքների հրապարակման նպատակով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է Medical Daily-ն:

Սվինին իր գործընկերոջ՝ Քալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող Դեյվիդ Վիթնիի հետ միասին, համախումբ կոդավորման, մասնավորապես՝ ամբոխին նայող մարդու կողմից ստացվող վիզուալ պատկերի էության մանրամասները պարզելու նպատակով, հատուկ փորձարկում է նախաձեռնել: Հետազոտության մասնակիցներին, վայրկյանի հինգերորդ մասի տեւողությամբ, համակարգչի կողմից գեներացված՝ 16 մարդուց բաղկացած ամբոխի պատկեր է ցուցադրվել, որի ընթացքում նրանք կարող էին առավելագույնը չորս մարդու դեմք տեսնել: Որոշ մասնակիցներին հաջողվել է ընդամենը մեկ կամ երկու դեմք նկատել: Ասել է, թե՝ նկարում պատկերված անձանց հայացքի ուղղությունը պարզելու համար անհատապես յուրաքանչյուրի դեմքին նայելու հնարավորություն չի ընձեռնվել: Հարցին ճիշտ պատասխանելու համար մասնակիցները պետք է հայացքների ուղղության համախումբ պատկերը ստանային: Փորձարկման օգնությամբ հետազոտության հեղինակները ապացույցն են գտել այն հիպոթեզի, թե որքան մեծ է ամբոխը, այնքան համախումբ կոդավորումն ավելի արդյունավետ է գործում:

«Եւ խոսքը միայն ամբոխի հայացքի ուղղությանը չի վերաբերում: Մասնակիցներին հաջողվում էր նկատել, թե ինչ են բոլոր մարդիկ, որպես խումբ, միահամուռ անում», - մեկնաբանել է Թիմոթի Սվինին:

Հետազոտության արդյունքների կլինիկական կարեւորությունը հեղինակների մոտ կասկած չի հարուցում: Նրանք վստահ են, որ դրանք հատկապես աուտիզմի բուժման նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների տեսանկյունից կարող են օգտակար գտնվել, քանի որ հիշյալ հիվանդությանը հատուկ սպեկտրալ խանգարումը երեխաների պարագայում սոցիալական ուղենիշների նկատմամբ ոչ ճշգրիտ արձագանք կարող է հարուցել: Նրանց, մասնավորապես, չի հաջողվում հասակակիցների կողմից արտահայտվող էմոցիաներն ու ֆիզիկական ժեստերը նկատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել