• Latest news

Գիտնականները սթրեսի եւ սրտի կաթվածի միջեւ կապն են բացահայտել

22 օգոստոսի, 2014  12:59

Հարվարդի բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է քրոնիկ սթրեսի եւ սրտի կաթվածի ու ինսուլտի միջեւ կապը բացահայտել: Նրանց համոզմամբ, արյան սպիտակ գնդիկները, որոնք տարատեսակ հիվանդությունների դեմ պայքար մղելու նպատակ են հետապնդում, չափազանց մեծ ծավալներով առկայության դեպքում կարող են առողջությանը լուրջ վնաս հասցնել: Երեւույթի պատճառն այն է, որ վերոհիշյալ գնդիկները զարկերակների ներքին պատերին կուտակվելու, արյան հոսքը սահմանափակելու, արյան շրջանառությունն արգելափակող եւ, ծայրահեղ դեպքերում, այլ օրգաններ անցնելու հատկություն ունեցող խցանումներ խթանելու ներուժ ունեն, հաղորդում է Medical Observer-ը: 

«Արյան սպիտակ գնդիկները անչափ կարեւոր են՝ տարատեսակ ինֆեկցիաների դեմ պայքարի եւ արագ ապաքինման տեսանկունից, բայց եւ չափազանց մեծ ծավալներով կամ չնախատեսված վայրերում առկայության դեպքում կարող են վնասարակ լինել՝ առողջության համար», - նշել է հետազոտության համահեղինակ դոկտոր Մատիաս Նարենդորֆը:

Բժիշկները վաղուց գիտեին, որ քրոնիկ սթրեսը կարող է սրտանոթային խանգարումների առաջացման հանգեցնել, սակայն չէին պատկերացնում, թե ինչպես է այդ մեխանիզմն, ի վերջո, գործի դրվում:

Երեւույթների միջեւ կապի բացահայտման նպատակով գիտահետազոտական խմբի անդամները բուժհաստատության ինտենսիվ խնամքի կենտրոնի 29 աշխատակիցների առողջական վիճակն են ուսումնասիրել:

Բուժանձնակազմի հիշյալ անդամներն այնքանով էին հետազոտությանը հարմար, որ նրանց կողմից իրականացվող աշխատանքը իդեալական է՝ քրոնիկ սթրեսի առաջացման համար: Չէ՞ որ ինտենսիվ խնամքի կենտրոնում աշխատանքն արագաշարժություն եւ ճակատագրական որոշումների կայացման համար պատասխանատվություն է ենթադրում:

Աշխատանքի եւ հանգստի ժամերին փորձարկման մասնակիցների արյան հետազոտություն եւ սթրեսի մակարդակի վերաբերյալ հարցախույց նախաձեռնելով՝ հետազոտության հեղինակներն այն եզրահանգմանն են եկել, որ ծանր աշխատանքային միջավայրը կարող է մարդու իմունային համակարգի վրա անդրադառնալ:

Մասնավորապես, նրանք նկատել են, որ սթրեսը ոսկրածուծի մեջ առկա ցողունային բջիջներն ակտիվացնելու հատկություն ունի, ինչը կարող է արյան սպիտակ գնդիկների՝ լեյկոցիտների գերարտադրության հանգեցնել:

Իսկ որ դրանք, չափից շատ ծավալներով առկայության դեպքում, կարող են սեփական օրգանիզմի դեմ աշխատել եւ, հատկապես աթերոսկլերոզով՝ վահանիկների կուտակման արդյունքում զարկերակների պատերի լայնացմամբ տառապող մարդկանց պարագայում, կործանարար ազդեցություն ապահովել, հոդվածի առաջին տողերում է նշվում:

Հետազոտության հեղինակներն, այնուհետեւ, աթերսոսկլերոզի նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող լաբորատոր մկների նկատմամբ են փորձարկումներ նախաձեռնել: Տարբեր մեթոդների, մասնավորապես՝ փոքր տարածքի մեջ խմբման եւ վանդակների պտույտի օգնությամբ, կրծողներին սթրեսի անհրաժեշտ չափաբաժինն է հաղորդվել, ինչի արդյունքում կենդանիների զարկերակներում արյան սպիտակ գնդիկների կուտակումներ եւ վահանիկների աճ է նկատվել: 

«Ստացված արդյունքը ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման տիպիկ պատճառ կարող է համարվել», - մեկնաբանել է դոկտոր Նարենդորֆը՝ հավելելով, որ լեյկոցիտները ընդհանուր պատկերի ընդամենը մի մասն են կազմում: Խոլեստերինի բարձր բաղադրությունը, արյան բարձր ճնշումը, սիգարետի ծուխը եւ գենետիկ արատները եւս կարող են սրտի կաթվածի եւ ինսուլտի առաջացման պատճառ դառնալ:

«Իսկ սթրեսը միշտ էլ կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել», - նկատել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է