• Latest news

10 հարց, որոնք քաղցկեղի ախտորոշումից հետո ճշտման կարիք ունեն

22 օգոստոսի, 2014  14:11

Քաղցկեղով ախտորոշման հեռանկարը շատերին է սարսափի մեջ պահում: Բայց, այնուամենայնիվ, եթե հիշյալ իրավիճակում եք հայտնվել, Ֆրիհոլդի CentraState բժշկական կենտրոնի օնկոլոգ դոկտոր Բավեշ Բալարը խորհուրդ է տալիս ստորեւ բերված 10 հարցերի պատասխանը գտնել՝ հիվանդության դեմ պայքարի համար պահանջվող ջանքերի ծավալը եւ բուժման լավագույն եղանակը պարզելու համար:

LiveScience Website կայքում հրապարակված հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղցկեղի բուժմանը միտված բազմաթիվ հայտնագործություններ են իրականացվել, թեեւ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց թիվը շարունակում է առնվազն նույնը մնալ: ԱՄՆ բնակիչների պարագայում խոսքը, տարեկան կտրվածքով, ավելի քան մեկ միլիոն մարդկանց մասին է, որոնց գրեթե 50 տոկոսն ի վերջո քաղցկեղի զոհն է դառնում, հաղորդում է NewsMax Health-ը:

Այդուհանդերձ, որքան էլ որ ավերիչ ազդեցությամբ է քաղցկեղի ախտորոշումը աչքի ընկնում, հարկավոր է երեւույթին վերագրվող ամենակարեւոր փաստերի մասին տեղյակ լինել՝ բուժում սկսելու եւ «ճակատամարտի» պատրաստվելու համար: Ընդ որում, ստորեւ բերված հարցերի պատասխանները կարող են նաեւ ընտանիքի անդամներին պետք է գալ՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար: Եւ այսպես՝

Հարց N 1. Արդո՞ք քաղցկեղի տվյալ տեսակը բուժելի է: Ախտորոշված քաղցկեղի շուրջ բոլոր քննարկումները պետք է այս հարցից սկսվեն՝ հեռանկարների մասին հստակ պատկերացում կազմելու համար:

Հարց N 2. Ինչպիսի՞ քաղցկեղ է ինձ մոտ հայտնաբերվել: Որտե՞ղ է այն գտնվում: Որքանո՞վ է տարածված: Նշանակվելիք բուժման բոլոր հնարավոր բաղադրիչները՝ վիրահատություն, քիմիաթերապիա, դեղորայք, ռադիացիա եւ ապաքինում, գրեթե ամբողջությամբ նշված հարցերի պատասխաններից են կախված:

Հարց N 3. Զարգացման ո՞ր փուլում է գտնվում: Հիվանդության զարգացման փուլը եւս վճռորոշ նշանակություն ունի՝ բուժման եղանակի ընտրության հարցում: Փուլավորման նպատակով 0-4 միջակայքն է ընտրվում՝ կախված ուռուցքի չափից, լիմֆային հանգույցների ներգրավվածությունից եւ նախնական զարգացման տեղանքից օրգանիզմի այլ հատվածներ տարածվածության մակարդակից: Հիվանդության զարգացման փուլը ուռուցքի եւ լիմֆային հանգույցների հեռացումից եւ բժշկի կողմից զննման ենթարկվելուց հետո է որոշվում:

Հարց N 4. Կարո՞ղ եմ արդյոք հավելումներ (վիտամիններ, եւն) ընդունել: Հարցի պատասխանը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի քաղցկեղ ունեք եւ ինչպիսի բուժում պետք է նշանակվի: Մարդիկ հաճախ են սննդային հավելումներ ընդունում՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու եւ նյութափոխանակությունը կարգավորելու համար: Սակայն դրանք կարող են նաեւ քաղցկեղի բուժման նպատակով նշանակված թերապիայի արդյունավետությունը նվազեցնել: Բացի այդ, քաղցկեղով ախտորոշված մարդիկ միայն բարձրորակ սնունդ պետք է ընդունեն:

Հարց N 5. Ցավեր ունենալո՞ւ եմ: Ի՞նչ ցավազրկողներ կարող եմ օգտագործել: Քաղցկեղով ախտորոշված հիվանդների մոտ, մեծ ի մասամբ, հիվանդությամբ եւ բուժամիջոցներով հրահրված ցավեր են առաջանում, այնպես որ բուժող մասնագետը կարող է տարբերակներ առաջարկել՝ անցանկալի հետեւանքները մեղմելու համար:

Հարց N 6. Ընտանիքիս անդամներին ու ընկերներիս ե՞րբ կարող եմ ասել: Այս հարցի պատասխանը ձեզնից է կախված: Այդուհանդերձ, դոկտոր Բալարը խորհուրդ է տալիս առաջին հերթին ընտանիքի անդամների (կնոջ, ամուսնու, քրոջ, եղբոր) հետ խոսել: Օնկոլոգը կարող է զրույցի մասնակիցը լինել՝ առաջացած հարցերին պատասխան տրամադրելու եւ մտահոգությունները փարատելու համար:

Հարց N 7. Որո՞նք են ստանդարտ բուժման միջոցները եւ ի՞նչ կողմնակի ազդեցություններ դրանք կարող են ունենալ: Անչափ կարեւոր է նշանակված բուժմամբ ենթադրվող օգուտները, ռիսկերն ու կողմնակի ազդեցությունները հասկանալ: Երբեմն քաղցկեղի դեմ պայքարի այլընտրանքներ են գործում, որոնք կարող են ագրեսիվությամբ եւ կողմնակի ազդեցություններով տարբերվել:

Հարց N 8. Կարո՞ղ եք Ձեր գործընկերներից մեկին խորհուրդ տալ՝ այլընտրանքային կարծիք լսելու համար: Առնվազն երկու այլընտրանքային կարծիք լսելու գաղափարը կարող է բուժման լավագույն եղանակի վճռորոշ ընտրության հանգեցնել:

Հարց N 9. Ինչպե՞ս է բուժումն ամենօրյա կյանքիս վրա անդրադառնալու: Քաղցկեղի դեմ նշանակված բուժումը կարող է այնքան դժվար անցնել եւ այնպիսի ուժասպառության հասցնել հիվանդին, որ վերջինս պետք է անպայման տեղյակ լինի դրա հետեւանքների մասին: Բուժման ընթացքում աշխատանքը, սոցիալական շփումները եւ ֆիզիկական վարժությունները շարունակելու հեռանկարը կարող է որոշ չափով ապագայի նկատմամբ անհանգստությունը մեղմել: 

Հարց N 10. Աջակցություն տրամադրող ի՞նչ ծառայություններ գոյություն ունեն: Քաղցկեղի ֆիզիկական, էմոցիոնալ եւ ֆինանսական հետեւանքներին դիմակայումը չի կարող հեշտ անցնել՝ առանց ընտանիքի անդամների եւ ընկերների աջակցության: Սակայն գոյություն ունեն նաեւ մասնագիտական ծառայություններ, ներառյալ ցավամոքիչ խնամք առաջարկող հաստատությունները, որոնք կարող են հիվանդին, սրթեսի եւ լարվածության մակարդակի առումով, նկատելի թեթեւություն պատճառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է