• Latest news

Հայաստանում սեռավարակների հետ կապված իրավիճակը կայուն է

22 օգոստոսի, 2014  23:27

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների (սեռավարակների) հետ կապված իրադրությունը, հետխորհրդային տարածքի երկրների հետ համեմատ, առավել բարեկարգ է, իսկ արեւմտյան երկրների հետ համեմատությամբ՝ անհամեմատ վատ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի ղեկավար Կարեն Բաբայանն է նշել:

Նրա խոսքով, սեռական ճանապարհով փոխանցվող բոլոր հիվանդություններին վերագրվող ցուցանիշների միասնական դինամիկայի դիտարկման պարագայում ակնհայտ է դառնում, որ վերջին հինգ տարիներին ընդհանուր պատկերի շոշափելի փոփոխություն չի գրանցվել: Որոշ հիվանդությունների տեսանկյունից ցուցանիշի կրճատում, կայունացում կամ աճ կարող է արձանագրվել, սակայն սեռավարակների տարածվածության մակարդակը բնութագրող հիմնական հիվանդությունների՝ սիֆիլիսի, գոնորեայի եւ խլամիդիոզի առումով, Հայաստանում տիրող պատկերը վերջին հինգ տարիներին շարունակում է կայուն մնալ:  

Մասնավորապես, Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, 2013թ.-ին Հայաստանում սիֆիլիսով ախտորոշման 55 նոր դեպք է գրանցվել: Տարեվերջի դրությամբ դիսպանսերում հաշվառված հիվանդների թիվը 215 է կազմել:

Վերը հիշատակված 55 քաղաքացիներից 38-ը արական սեռի ներկայացուցիչ են եղել, որոնցից 4-ը՝ 18-24, 26-ը՝ 25-49 եւ 8-ը 50—ից ավելի տարեկան: Սիֆիլիսով վարակված իգական սեռի 17 ներկայացուցիչներից ընդամենը երկուսն են 18-24 տարեկանների տարիքային խումբը ներկայացնում: Նրանցից 10-ը 25-49 տարեկան են եղել, եւ 5-ը՝ 50-ից բարձր:

Համաձայն վիճակագրական տվյալների, 2013թ-ին վերագրվող ցուցանիշները մի փոքր ցածր են նախընթաց տարիներին գրանցված վարակման դեպքերից: Մասնավորապես, 2012թ.-ին սիֆիլիսով ախտորոշման 72 նոր դեպք է գրանցվել, 2011թ.-ին՝ 89:

Կարեն Բաբայանի մեկնաբանմամբ, Հայաստանում միջին հաշվով 100 հազար բնակիչներից ընդամենը երկուսն են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն ձեռք բերում (ինտենսիվ ցուցանիշ), ինչը, մասնագետի հավաստիացմամբ, «շատ լավ ցուցանիշ» է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեռավարակների դեմ իմունիտետ չի ձեւավորվում, եւ պատվաստում էլ հնարավոր չէ:

Եթե վերոհիշյալ ցուցանիշը նախկին Խորհրդային Միության հանրապետություններում տիրող իրավիճակի հետ համեմատելու լինենք, պարզ է դառնում, որ, մասնավորապես Ռուսաստանի որոշ շրջաններում համապատասխան ցուցանիշը 100 անգամ բարձր է, Ուկրաինայում՝ 70 անգամ, իսկ Վրաստանում՝ 40: Այդուհանդերձ, արեւմտյան երկրների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սեռավարակներով ախտորոշման ցուցանիշը նկատելիորեն բարձր է, ինչը բացառապես սեռական հարաբերությունների, դրանց ընթացքում անվտանգության տարրական կանոնների պահպանման կուլտուրայի բացակայությամբ է պահմանավորվում:

Կարեն Բաբայանը նշել է, որ Հայաստանում տիրող՝ սեռավարակների հետ կապված կայուն իրավիճակը ձեռնարկված լուրջ աշխատանքների արդյունք է: «Մենք փորձում ենք ոչ միայն հիվանդությունը բուժել, այլ նաեւ, հնարավորության դեպքում, վարակի փոխանցման պատճառ դարձած շփումները վեր հանել՝ դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Սակայն միշտ չէ, որ կարողանում ենք հաջողության հասնել, քանի որ բոլորը չեն իրենց զուգընկերոջ մասին տեղեկություններ հաղորդելու խնդրանքին համաձայնություն տալիս կամ զուգընկերոջը խոստովանելու անկեղծություն գտնում իրենց մեջ», - նշել է նա:

Մասնագետի խոսքով, Հայաստանի պարագայում այնքան էլ ճիշտ չէ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածման մակարդակի մասին վարակման արձանագրված դեպքերի թվով պատկերացում կազմել, քանի որ մեր հայրենակիցները բժշկի օգնությանը դիմելու կուլտուրայով եւս չեն փայլում, իսկ քաղաքացիների համընդհանուր հետազոտություն մեզ մոտ չի իրականացվում: Ասել է, թե՝ հիվանդների բացահայտման պասիվ մեթոդ ենք կիրառում: Այդուհանդերձ, եթե համընդհանուր պասիվ ֆոնին ինչ-որ ժամանակահատվածում տատանումներ են նկատվում, երեւույթն անմիջապես մտահոգվելու տեղիք է տալիս:

Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի ղեկավարի խոսքով, ոլորտում սքրինինգային ծրագրերի իրականացման հարցը դեռեւս 20 տարի առաջ է քննարկման դրվել, սակայն դրանք այնքան ծախսատար են եւ այնպիսի բարդ միջոցառումներ են ենթադրում, որ առաջիկա տարիներին դժվար թե իրականանալի դառնան: Այնպես որ, հիվանդների բացահայտումը եւ սեռավարակների դեմ պրոֆիլակտիկան գլխավորապես քաղաքացիների գիտակից վերաբերմունքից է կախված:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել