• Latest news

Բժշկական մասնագիտացման նոր համակարգը այլընտրանք կստեղծի վճարովի դասընթացներին

22 օգոստոսի, 2014  19:36

Հայաստանում շուտով կներդրվի բժշկական շարունակական մասնագիտացման նոր կրեդիտային համակարգ, որը վճարովի վերապատրաստման դասընթացներին այլընտրանքի հնարավորություն կընձեռի։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն ի մեկնաբանություն այն փաստի, որ պոլիկլինիկաների բժիշկները դժգոհություն են հայտնում այս դասընթացների թանկությունից, պնդելով, որ վճարը համարժեք չէ իրենց ստացած աշխատավարձին։

Ինչպես պարզաբանեց Ս. Սողոմոնյանը, համաձայն ՀՀ «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, ներկայումս յուրաքանչյուր բժիշկ հինգ տարվա կտրվածքով պետք է պարտադիր կարգով հանրագումարային 7 շաբաթվա վերապատրաստման դասընթացներ անցնի։

«Ցավոք, մեր բժիշկների 90 տոկոսի մոտ սովորույթ կա 5 տարվա ընթացքում ոչինչ չանել, եւ միայն հինգերորդ տարվա վերջում, երբ որ արդեն հնգամյա ցիկլը լրանում է, իրենք ստիպված 7 շաբաթ վերապատրաստում են վերցնում բժշկական համալսարանում, ինչը, բնականաբար թանկ է նստում։ Բայց եթե իրենք չսպասեն 5–րդ տարվա ավարտին, այլ ամեն տարի 1–1.5 շաբաթ տեւողությամբ դասընթացների  գնան, դա այդքան թանկ չի լինի իրենց համար», – ասաց նա։ Ավելին, ըստ Ս. Սողոմոնյանի, լինում են նաեւ անվճար դասընթացներ, ընդ որում, բոլոր բժշկական մասնագիտություններով։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց պոլիկլինիկայում աշխատող բժիշկներից մեկը, բժշկական համալսարանի կազմակերպած մեկ շաբաթվա դասընթացի գինը մոտ 20 000 դրամ է։ Անվճար դասընթացների մասին, համենայն դեպս, իր մասնագիտությամբ, նա տեղյակ չէր։

Ս. Սողոմոնյանը նաեւ նշեց, որ հատուկ խմբերում ընդգրկված բժիշկները այս  վերապատրաստման դասընթացներին մասնակցում են պետության հաշվին։ Բուժքույրերի վերապատրաստումը պարտադիր բնույթ չի կրում, եւ թողնված է բուժհաստատությունների ղեկավարների հայեցողությանը։

Վարչության պետը տեղեկացրեց, որ այս կարգը շուտով փոխվելու է, եւ բժիշկները իրենց մասնագիտական գիտելիքները համալրելու համար այլընտրանքային տարբերակներ կունենան։ Նոր օրենսդրական փաթեթը Ազգային ժողովի քննարկմանն է հանձնված, եւ կարող է ընդունվել արդեն աշնանը։ «Մենք հիմա արմատապես փոխում ենք բժշկական շարունակական մասնագիտացման համակարգը, ներդնում ենք  միջազգային ստանդարտներին համապատասխան կրեդիտային համակարգ։ Բժիշկները հինգ տարվա ընթացքում պետք է որոշակի քանակի կրեդիտներ հավաքեն՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միավորներ», – ասաց նա, հավելելով, որ բժիշկներն այդ կրեդիտները կարող են հավաքել, ոչ միայն վերապատրաստման դասընթացներին հաճախելով, այլեւ գիտաժողովներին մասնակցելով, գիտական հոդվածներ հրապարակելով, գրադարաններում եւ ինտերնետում բժշկական գրականություն ընթերցելով եւ այլն։ Բուժքույրերի համար նույն սկզբունքն է գործելու, ուղղակի կրեդիտների քանակն է քիչ լինելու, պարզաբանեց պարոն Սողոմոնյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել